Մատչելիության հղումներ

«Ամեն ինչ հնարավոր է». Զինդատախազը` Բուդաղյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին


Զինդատախազ Գեւորգ Կոստանյան
Զինդատախազ Գեւորգ Կոստանյան
Հայաստանի զինդատախազ Գեւորգ Կոստանյանը Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած արյունալի միջադեպից հետո ծանր վնասվածք ստացած Արտակ Բուդաղյանին առայժմ գործով տուժող չճանաչելը պայմանավորում է «բազմաթիվ քննչական գործողությունների անհրաժեշտությամբ»: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում զինդատախազը քննության արդյունքում չբացառեց որեւէ սցենար:

Նախօրեին հայտնի դարձավ, որ պաշտպանության նախարարության քննչական վարչությունը հետաձգել է Արտակ Բուդաղյանին տուժող ճանաչելու պահանջի վերաբերյալ որոշման կայացումը: Բուդաղյանի եղբայրը` հունիսի 1-ի երեկոյան Խաչատրյանի տան մոտ հնչած կրակոցներից տեղում մահացած Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու, 43-ամյա գործարար Ավետիք Բուդաղյանը քրեական գործով արդեն իսկ ճանաչվել է որպես տուժող:

«Արտակ Բուդաղյանին որպես տուժող ճանաչելու միջնորդությունը հետաձգվել է: Որպեսզի որոշվի, որ անձը հանցագործության արդյունքում տուժել է, այսինքն իրեն պատճառվել է ֆիզիկական, նյութական կամ բարոյական վնաս (իսկ այս դեպքում մասնավորապես), դեռեւս անհրաժեշտ են բազմաթիվ քննչական, դատավարական գործողություններ: Համապատասխան փորձաքննության արդյունքների եւ այլ ապացույցների համադրության արդյունքում միայն հնարավոր կլինի հստակեցնել գործին մասնակից յուրաքանչյուր անձի դերը, նշանակությունը, եւ միայն այդ ժամանակ հնարավոր կլինի իրավական գնահատական տալ այդ գործողություններին»,- ասաց Գեւորգ Կոստանյանը:

Դեպքի առթիվ, հիշեցնենք, երկու անձի` Սուրիկ Խաչատրյանի 19-ամյա որդուն եւ 25-ամյա թիկնապահին Քրեական օրենսգրքի երեք հոդվածներով՝ սպանության, դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու եւ ապօրինի զենք-զինամթերք կրելու մեղադրանքներ են առաջադրված: Տիգրան Խաչատրյանն ու Զարզանդ Նիկողոսյանը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում են:

Զինդատախազը հայտնի տեսանյութի տարածումից հետո հայտարարեց, որ Սուրիկ Խաչատրյանի տան ուղղությամբ տեղի է ունեցել զինված հարձակում կոնկրետ անձի կողմից, ապա փոխհրաձգություն, իսկ շարժառիթները այժմ ճշտվում են, ըստ երեւույթին նկատի ունենալով Բուդաղյաններին: Ուստի այսօր «Ազատություն» ռադիոկայանը փորձեց Գեւորգ Կոստանյանից ճշտել, հնարավո՞ր է անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում Արտակ Բուդաղյանը ընդգրկվի որպես մեղադրյալ. - «Ամեն ինչ հնարավոր է: Իրավական գնահատականներին կանդրադառնանք հաջորդիվ»,- ասաց զինդատախազը:

Գեւորգ Կոստանյանը չպատասխանեց այն հարցին, թե «զինված հարձակման» վերաբերյալ իր կարծիքն արդյո՞ք շարունակում է մնալ ուժի մեջ: Իսկ մեր այն դիտարկմանը, թե Բուդաղյանների պաշտպանական կողմը քննադատում է իրեն` նման կարծիք հնչեցնելու համար, զինդատախազը հակադարձեց. - «Ես հարգում եմ ցանկացած կարծիք: Իրավական առումով ցանկացած քննադատության պատասխանները իրենք կտեսնեն քրեական գործում, համապատասխան որոշումների մեջ»:

Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում գործի իրական հանգամանքների տեսանկյունից անհնար համարեց Արտակ Բուդաղյանին որպես մեղադրյալ ներգրավելը` միաժամանակ հավելելով. - «Բայց հաշվի առնելով զինդատախազի ի սկզբանե դրսեւորած այդ միակողմանի մոտեցումը` ես հիմա ոչինչ չեմ բացառում: Ես դա հնարավոր եմ համարում ոչ թե ելնելով գործի իրական հանգամանքներից, այլ հաշվի առնելով զինդատախազի տենդենցիոզ մոտեցումը, որն առաջին օրվանից դրսեւորվում է: Գործի հանգամանքներից ելնելով բացառված է, որ Արտակ Բուդաղյանը ներգրավվի որպես մեղադրյալ, ինքը դեպքի հենց հաջորդ օրվանից պիտի ճանաչված լիներ որպես տուժող: Ես վախենում եմ, որ քրեական գործի նյութերը հիմա համապատասխանեցվում են զինդատախազի առաջին օրվա հայտարարություններին»:
XS
SM
MD
LG