Մատչելիության հղումներ

Շատ այգետերեր հրաժարվում են մթերել ծիրանը` ցածր գների պատճառով


Ծիրանի բերքահավաք, արխիվ
Ծիրանի բերքահավաք, արխիվ
Մինչ գյուղատնտեսության նախարարությունը փորձելով հանդարտեցնել կրքերը՝ բանակցություններ է վարում վերամշակող ընկերությունների հետ, շատ այգետերեր պարզապես շարունակում են հրաժարվել մթերման հանձնել ծիրանի բերքը` ցածր գների պատճառով:

Գյուղատնտեսության նախարարությունում ասում են, որ միրգ վերամշակող եւ մթերող ընկերությունների հետ բանակցություններն հաջողությամբ են ավարտվել` նպաստելով նաեւ կարկտահարությունից վնասված ծիրանի բերքի մթերմանը:

Գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ասաց, որ այդ ընկերությունները բարի կամք են դրսեւորել եւ փոխշահավետ գին առաջարկել ինչպես արտահանման, այնպես էլ վերամշակման համար:

«Համենայնդեպս, այդ որակի ծիրանի համար փոխշահավետ գին է: Շուկայում դրան [կարկտահարությունից վնասված ծիրանին] երեւի 20 դրամ էլ չեն վճարի մարդիկ, ուղղակի խնդրել ենք վերամշակող կազմակերպություններին, որ դա որպես հումք օգտագործեն, որպեսզի գյուղացիները իրացման խնդիր չունենան», - ասաց փոխնախարը:

Գյուղատնտեսության նախարարության բանակցությունների արդյունքում այն վերամշակող ընկերությունները կգնեն կիլոգրամը 50 դրամով: Այս գինն անգամ բարձր է, նկատում է Մակարյանը

Կարկուտից 100 տոկոսով վնասներ կրած Ջրաշեն գյուղում շատերը նախընտրում են քիչ թե շատ պահպանված բերքը թողնել ծառերի վրա, քան կիլոգրամը 50 դրամով այն հանձնել մթերող ընկերություններին: Ջրաշենցի Մելքոն Ավետիսյանն իր հաշվարկներն է ներկայացնում. - «Ես տիկնոջս հետ միայնակ եմ, այգին 6000 մետր է, ես պիտի բանվոր բերեմ, բանվորը մեկ օրվա համար 5000 դրամ է վերցնում, պիտի բերեմ 5-6 բանվոր, 30 հազար կվճարեմ բանվորներին: 20 հազարով հազիվ տանեն մինչեւ գործարան, եղավ հիսուն հազար, էնտեղ ինձ 20 դրամ չի մնա: Դրա համար որոշել եմ ոչ էլ հավաքել»:

Ավետիսյանի հարեւանի՝ Սամել Մելիքյանի ծիրանի այգում եւս որակով բերք չի մնացել, բայց նա եւս համաձայն չէ բերքը վերամշակող ընկերություններին 50 դրամով հանձնելուն. - «Շվարած մնացել ենք, ընդունող կազմակերպություններում հերթը ահավոր է»:

Արմավիրցիները ոչ միայն մթերման գնից են շարունակում բողոքել, այլեւ վերամշակող ընկերությունների աշխատանքից: Նրանք օրեր են անցկացնում վերամշակող ընկերություններին դարպասների առջեւ երկար հերթերում, շատերն այդպես էլ հիասթափվելով տուն են վերադառնում:

Գյուղատնտեսության փոխնախարարն ասում է, որ շուտով կսկսի գործել նաեւ Վաղարշապատի պահածոների գործարանը, ինչի հետեւանքով կթեթեւանան հերթերը: Գյուղատնտեսության նախարարության տվյալներով, այս տարի արդեն վերամշակման է հանձնվել 1.000 տոննա ծիրան, արտահանվել է ավելի քան 4.000 տոննա, ինչը նախորդն տարվա ցուցանիշից երկու անգամ ավելի է:
XS
SM
MD
LG