Մատչելիության հղումներ

logo-print

Հայաստանում վերջին երկու շաբաթում կարմրուկի նոր դեպքեր չեն հայտնաբերվել


Վերջին երկու շաբաթների ընթացքում Հայաստանում կարմրուկի նոր դեպքեր չեն արձանագրվել: Մայիսին հայտնաբերված չորս հիվանդները, որոնցից երկուսը երեխաներ էին, արդեն ապաքինվել են:

«Ունեցել ենք չորս դեպք, որոնց վարակի աղբյուրը եղել են Վրաստանի հիվանդ քաղաքացիներ, որոնք ժամանել են Հայաստան, հյուրընկալվել են, ու այստեղ իրենց հիվանդությունը զարգացել է: Բայց կարմրուկը մեր երկրում տարածում չի ստացել», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Իմունոկանխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը:

Հարեւան Վրաստանում, սակայն, հատկապես` մայրաքաղաք Թբիլիսիում, համաճարակը շարունակվում է, թեեւ վերջին օրերին ավելի քիչ դեպքեր են արձագրվել:

Այսօր հայաստանցիներից շատերը, ովքեր ծրագրել էին իրենց ամառային հանգիստը անցկացնել Վրաստանում, մտածում են գնալ, թե` չգնալ: Սահակյանը խորհուրդ է տալիս մեկնելուց առաջ մեկ անգամ եւս ճշտել պատվաստումային կարգավիճակը:

«Եթե կա պատվաստում, կամ եթե մարդը նախկինում հիվանդացել է կարմրուկով, դա բավական է, որպեսզի պաշտպանված լինի կարմրուկից», - ասաց նա:

Իսկ ովքեր չեն հիվանդացել կամ այս հիվանդության դեմ պատվաստում չեն ստացել, ռիսկային գոտում են: Այս մարդկանց մասնագետները խորհուրդ են տալիս պատվաստվել մեկնելուց առաջ առնվազն տասն օր առաջ:

«Ովքեր վստահ չեն, որ իրենք պաշտպանված են կարմրուկից, կարող են դիմել իրենց պոլիկլինիկա եւ անվճար պատվաստում ստանալ, տարիքային սահմանափակում գոյություն չունի», - ասաց Իմունոկանխարգելման կենտրոնի ղեկավարը:

Լիլիթ Հարությունյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG