Մատչելիության հղումներ

«Գազպրոմ»-ը «բացում է խաղաքարտերը»


«Գազպրոմ»-ը պատկերացում ունի, թե ինչպես կարող են Հայաստանի հետ համաձայնության գալ գազի ավելի ցածր գներ սահմանելու հարցում: Հինգշաբթի օրը «Էխո Մոսկվի» ռադիոկայանի ուղիղ եթերում այդ մասին ասել է «Գազպրոմ»-ի վարչության նախագահի մամուլի քարտուղար Սերգեյ Կուպրիյանովը:

«Մենք կարող ենք մեծացնել բաժնետոմսերի քանակը մեր համատեղ կազմակերպությունում: Դա հնարավորություն կստեղծի գազի գնի իջեցման համար», - հայտարարել է Կուպրիյանովը:

Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ այսպիսով, ի վերջո, «Գազպրոմ»-ը գրեթե 100 տոկոսով բացեց խաղաքարտերը, ինչին, սակայն, տեղյակ էին դեռ անցած տարվա սեպտեմբերից:

«Եվ մենք տեղյակ էինք, որ Ռուսաստանի հիմնական քաղաքականությունը գազի հետ կապված կայանում է նրանում, որ ինքը ինչ-որ քաղաքական նաեւ դիվիդենտներ ստանա», - ասաց Խաչատրյանը:

Կուպրիյանովը, պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ռուսաստա՞նն է հենց այդքան կտրուկ բարձրացրել գազի գները, ասել է, թե կան որոշ պահեր` կապված ներսում գնագոյացման հետ, եւ հասկանալի է, որ ինչ-որ ժամանակ ներքին գների աճը զսպել են, իսկ հետո, բնականաբար, պետք էր լրացնել:

Այս առումով էլ Վահագն Խաչատրյանը ասում է` «ամենաահավորն այն է, որ մենք այդպես էլ չկարողացանք ներսում գազի մատակարարման այնպիսի մի գին սահմանել, կամ այնպիսի մի համակարգ ստեղծել, որ կբացառի կոռուպցիան». - «Որտեղ կարող ենք ապահովել նաեւ ծախսերի արդյունավետություն, որի արդյունքում սահմանից մինչեւ սպառողին հասնելը գազի գինը երկու անգամ չի ավելանում: Եվ սա է պատճառը, որ ռուսական «Գազպրոմ»-ն էլ արդեն լրիվ այլ դիրքերից է հանդես գալիս եւ հստակ ասում է, որ «մեզ հետաքրքրում է 20 տոկոս սեփականությունը»:

«Բայց էստեղ ես գտնում եմ, որ մեղավորությունն ավելի շատ հայկական կողմի վրա է, որովհետեւ Հայաստանի իշխանությունները, «ՀայՌուսգազարդ»-ը, էներգետիկայի նախարարությունը ոչինչ չեն արել եւ ոչինչ չարեցին մինչեւ հիմա, որպեսզի մենք կարողանանք ավելի ազատ գոնե գործել «Գազպրոմ»-ի հետ մեր հարաբերություններում», - հավելեց տնտեսագետը:

«Փաստորեն, կարելի՞ է ենթադրել, որ այսօր, որ նման հայտարարություն է անում «Գազպրոմ»-ը, նախնական պայմանավորվածություն Հայաստանի հետ ձեռք է բերել բաժնետոմսերի ավելացման հետ կապված», - այս հարցին Վահագն Խաչատրյանը արձագանքեց. - «Ավելին ես ձեզ ասեմ, ավելի վատ բան ասեմ: Իհարկե, դա կա: Նրա ասածի մեջ մի ուրիշ ենթատեքստ կա, որը շատ վտանգավոր է եւ շատ վատ է. սա նշանակում է, որ «Գազպրոմ»-ը ասում է, որ «ես եմ որոշում, թե Հայաստանի Հանրապետությունում ով կարող է իշխել»: Էդտեղ ամենակարեւոր հանգամանքն այն է, որ Հայաստանի իշխանությունները սեփական քաղաքացիներից թաքցնում են ամեն ինչ»:

Տնտեսագետը չբացառեց, որ եթե «Գազպրոմ»-ը հայկական կողմի հետ հիմա բաժնետոմսերի պահով համաձայնության գա հանուն գազի ավելի ցածր սակագնի, ավելի ուշ նորից գազի գնի բարձրացման խնդրի առաջ ենք կանգնելու:

«Շարունակություն էլ դեռեւս կա, որովհետեւ սուբսիդիաների մասին որ խոսում են` դեռեւս դրա վերջնական որոշումը չկա», - ընդգծեց Խաչատրյանը:

«Ազատություն» ռադիոկայանը «Գազպրոմ»-ի եւ հայկական կողմի բանակցությունների մասին մանրամասներ փորձեց ճշտել նաեւ «ՀայՌուսգազարդ»-ից, որտեղից, սակայն, տեղեկացրեցին, որ մեկնաբանություն տալ չեն կարող, քանի որ «Գազպրոմ»-ի հետ բանակցությունները վարում է էներգետիկայի նախարարությունը:

Նախարարությունից էլ «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, որ դեռեւս ոչինչ չեն կարող հայտնել այս հայտարարության հետ կապված, քանի դեռ նախարարը բացակայում է երկրից:

Անցած շաբաթ Հայաստանի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը հաստատեց, որ կառավարությունը բանակցում է «Գազպրոմ»-ի հետ` «ՀայՌուսգազարդ»-ում հայկական 20 տոկոս բաժնեմասը վաճառելու նպատակով: Ներկայումս ռուսական բաժնեմասը «ՀայՌուսգազարդ»-ում 80 տոկոս է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG