Մատչելիության հղումներ

logo-print

Հունիսի 28-ի մամուլ


«Չորրորդ ինքնիշխանություն»-ը հիշեցնում է, որ «Հետք» էլեկտրոնային պարբերականի հրապարակած առաջին փաստերն այնքան ծանրակշիռ էին, որ Աշոտ Սուքիասյանը ստիպված իր վրա վերցրեց հարվածը` հայտարարելով, թե ինքն է Տիգրան Սարգսյանին եւ Նավասարդ Կճոյանին, առանց նրանց իմացության բաժնետեր դարձրել: Հետո Կճոյանը խոստովանեց, որ Սուքիասյանի հետ միասին Կիպրոսում է եղել: «Իսկ ահա նոր հոդվածից հետո Տիգրան Սարգսյանը եւ հատկապես Նավասարդ Կճոյանը ստիպված պիտի լինեն մի քիչ էլ ինչ-որ բան խոստովանել: Այդպես կամաց-կամաց, բայց հաստատուն քայլերով տեղ կհասնեն», - գրում է թերթը:

«Օֆշորային սկանդալի հետաքննության շարունակությունից պարզ դարձավ, որ իրոք այդ պատմության առանցքային դեմքերից է եղել վարչապետ Տիգրան Սարգսյանը», - գրում է «Հայկական ժամանակ»-ը` ընդգծելով. - «Ակնհայտ է դառնում, որ Սիերա Լիոնեից ադամանդներ ներկրելու` Աշոտ Սուքիասյանի ծրագրերը որեւէ շարունակություն չէին ստանա, եթե գործին չմիջամտեր ՀՀ վարչապետը: Խոսքը «Ամերիա» բանկից չափազանց ռիսկային բիզնես իրականացնելու համար 12 միլիոն դոլարի վարկ ստանալու մասին է, որի համար բանկում գրավադրվել է գործարար Փայլակ Հայրապետյանին պատկանող գույքը: Այս պարագայում, օֆշորային ընկերությունը ստեղծվել է վարչապետի գիտությամբ, թե առանց դրա, արդեն երկրորդական հարց է»:

Գնահատելով Կառավարության երեկվա նիստում վարչապետի հայտարարությունը, թե օֆշորային գոտու հետ կապված «քաղաքական սպեկուլյացիաներ» կան, «հեքիաթներ են հորինվում»` փորձելով վարկաբեկել իրեն` «Օրակարգ»-ի մեկնաբանը նկատում է. - «Օֆշորային սկանդալը քաղաքական սպեկուլյացիա որակելը ամենահարմար տարբերակն է արդարանալու, քանի որ այդ պարագայում նրա նկատմամբ հնչեցվող քննադատությունը կարող է ընկալվել քաղաքական պատվեր, այսինքն՝ սուբյեկտիվ քննադատություն»:

Թեման շարունակում է «Ժողովուրդ» օրաթերթը. - «Ուշագրավ է, որ այս ամենին առայժմ լուռ հետեւող Սերժ Սարգսյանը չի շտապում հրապարակավ որեւէ գնահատական հնչեցնել` ըստ երեւույթին երկրի ներսում էլ փորձելով խաղարկել «ե՛ւ-ե՛ւ»-ի սկզբունքը եւ սպասել պրոցեսների ինքնահոս ընթացքին` կողմնորոշվելու համար, թե ի վերջո երբ եւ ինչի դիմաց կարող է «ժերտվա տալ» վարչապետին, եւ արդյոք ընդհանրապես արժե դա անել»:

«Ժամանակ»-ն անդրադառնում է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի որոշմանը` դատախազություն փոխանցել Վերահսկիչ պալատի հաշվետվությունը: Թերթը գրում է. - «Աղվան Հովսեփյանի նրա ձեռքի տակ է հայտնվում շատ կարևոր մի գործ, որը սակայն կարող է դառնալ նաեւ Աղվան Հովսեփյանի վարկաբեկման պատճառ, քանի որ սովորաբար գլխավոր դատախազը չի սիրում գլուխը դուրս ցցել բուռն ներքաղաքական իրադարձությունների ժամանակ, իսկ այժմ փաստորեն նրան ստիպում են ցցվել` փոխանցելով նման ծավալի չարաշահումների գործը: Աղվան Հովսեփյանը կարող է, իհարկե, այս անգամ էլ լռել, սակայն ակնհայտ է, որ այս դեպքում արդեն նրա լռությունն էլ լինելու է ոչ պակաս ցցուն: Այդպիսով, տեղի է ունենում մի բան, երբ ԱԺ նախագահին փաստորեն զրկում են գործընթացում առաջնային դերից, միեւնույն ժամանակ գլխավոր դատախազին ստիպում են «դուրս գալ բնից», եւ հավանական է, որ նա այլեւս չի վերադառնա, եւ «բնում» կտեղավորվի լիովին նոր մարդ»:

Նույն թեմայով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG