Մատչելիության հղումներ

Ընտանիքը «խմբակային գործ» է համարում Հրաչ Մուրադյանի սպանությունը


Պռոշյանի գյուղապետարանի շենքը, արխիվ
Պռոշյանի գյուղապետարանի շենքը, արխիվ
Պռոշյանում գյուղապետի թեկնածուների առաջադրումից հետո էլ մթնոլորտը շարունակում է լարված մնալ: Գյուղ մեր այցելության ժամանակ լարվածությունն ակնհայտ էր, գյուղը կարծես ճամբարների է բաժանված, գյուղացիները շատ զգուշավոր են լրագրողների հետ շփումներում:

Այս տարվա ապրիլի 2-ին սպանված դաշնակցական գյուղապետ Հրաչ Մուրադյանի ընտանիքը համոզված է, որ լարվածությունը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ չեն հայտնաբերվել Մուրադյանի սպանության «պատվիրատուները»: Նախկին գյուղապետը, հիշեցնենք, սպանվեց հենց գյուղապետարանի շենքի դիմաց, առավոտյան աշխատանքի գալու պահին, հրազենային վիրավորումից: Այս գործով ձերբակալվեցին նույն գյուղի բնակիչներ, եղբայրներ Արայիկ եւ Արտակ Պետրոսյանները, այնուհետեւ Արայիկ Պետրոսյանին սպանության եւ ապօրինի զենք կրելու մեղադրանք առաջադրվեց: Սպանված գյուղապետի եղբայրը Զոհրաբ Մուրադյանը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում սպանությունը որակեց «խմբակային գործ»:

«Լարված վիճակ է, որովհետեւ արդեն երրորդ ամիսն է դեռ հայտնի չէ, թե ինչ է կատարվում, ապրիլի 2-ից մինչեւ հիմա դեռեւս չգիտենք` ինչն ինչոց է: Երկու հոգու բռնել են, բայց էդ երկու հոգով չի. սա խմբակային գործ է, ոչ թե երկու հոգու, նրանց թիկունք կա չէ՞, հրահրող եղել է, էնտեղ ճանապարհ ցույց տվող է եղել, վարորդ ունի, խփողը առանձին է, հրահանգ տվողն ուրիշ է… երկու հոգի բռնել են, էն էլ չեն էլ կարողանում հաստատել առայժմ, իսկ մեզ պետք է `բույնը գտնվի »,- ասաց սպանվածի եղբայրը` հավելելով, որ իրենց հարցաքննության կանչել են, բայց սպանության դրդապատճառների մասին «որեւէ բառ չեն ասում, ոնց որ գաղտնիք լինի»:

Որպես ծրագրված եւ կազմակերպված սպանության ապացույց` Զոհրաբ Մուրադյանը վկայակոչեց այն փաստը, որ Հրաչ Մուրադյանին ամեն օր աշխատանքի ուղեկցող եղբորորդին այդ օրերին Հայաստանում չի եղել եւ սպանության օրը երեկոյան պետք է վերադառնար. Այսինքն` այդ առավոտ գյուղապետը վերջին անգամ պետք է մենակ գնար աշխատանքի, ինչից էլ, ըստ նրա, սպանողներն օգտվել են: Թե ովքեր կարող էին լինել կազմակերպիչները, ընտանիքի անդամները չեն ցանկանում ենթադրություններ անել, միայն ասում են, որ նրա դեմ լարվածություն եղել է յոթ տարի շարունակ` 2005-ից ի վեր, երբ նա ընտրվել է գյուղապետ:

«Որովհետեւ այս ամբողջ մարզի մեջ մի հոգի է դաշնակցական, բոլոր գյուղապետերը հանրապետական են, պա՞րզ է: Դե դուք կենթադրեք, թե ինչ է ստացվում»- ասաց Զոհրաբ Մուրադյանը. - «Առաջին տարին այդքան չէ, բայց երկրորդ տարվանից սկսվեց. մեր խոտը վառեցին սկզբից, հաջորդ տարի իր վրա երկու անգամ կրակեցին, ինքը չբողոքեց, բայց կրակողները գնացին բողոքեցին, հետո էլ պետությունն իրեն մեղադրեց: Եղբորս տղային էստեղ դռանը խփեցին, ինքը գնաց տեսնի, թե ինչ պատճառով են խփել, ու էդ ընթացքում կրակեցին վրան: Եթե էդ դիմացկուն ավտոները չլիներ, հինգ հատ փամփուշտ մտել էր դռան մեջ` անմիջապես իր ուղղությամբ: Մինչեւ հիմա էլ այդ գործը քնեցրել են, մինչեւ հիմա էլ մի փամփուշտ ավտոյի մեջ է մնացել, մխրճվել է մեջը, չեն էլ հանել: Միշտ էլ իրեն հետապնդել են»:

Հարցին, թե ի՞նչ են ուզեցել գյուղապետից, սպանվածի եղբայրը պատասխանեց. - «Հրաժարական: Դաշնակցական էր, միշտ էլ իրենց աչքի փուշն է եղել` մեծից բռնած մինչեւ փոքր»:

Սպանված գյուղապետի ընտանիքը վիրավորված է սպանության օրերին Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանի այն խոսքերից, որ Հրաչյա Մուրադյանը «միջակից ցածր» գյուղապետ է եղել:

«Վիրավորվա՞ծ … ամենավերջին աստիճանն է դա… դիակը դեռ գետնին է, արյունը դեռ երակի մեջ չէր սառել, մարդիկ իր վարքն էին քննարկում: Նա միշտ լարված էր իր դեմ, միշտ: Ասում էր` «ժողովրդին ինչու ես ընդառաջում, մի ընդառաջի», նա էլ ասում էր` «ժողովուրդն է ինձ ընտրել»»,- վրդովված էր սպանված գյուղապետի եղբայրը:

Կոտայքի ՀՀԿ-ական մարզպետն ու իշխող կուսակցությունը, հիշեցնենք, սպանության հենց առաջին օրերից կտրականապես հերքել են իրենց ուղղվող ակնարկներն ու սպանության քաղաքական դրդապատճառների մասին տեսակետները:

Պռոշյանի գյուղապետի` հուլիսի 14-ին կայանալիք ընտրություններում առաջադրված են չորս թեկնածուներ: Հիմնական մրցակցությունը նրանցից երկուսի` սպանված գյուղապետի ընտանիքի աջակցությունը վայելող դաշնակցական Վովա Սահակյանի եւ հանրապետական Արթուր Մուրադյանի միջեւ է: Արթուր Մուրադյանը անցած տարվա սեպտեմբերի 23-ի ընտրություններում նաեւ Հրաչ Մուրադյանի մրցակիցն էր, եւ ընտրություններն այստեղ ավարտվեցին երկու թիմերի միջեւ լարվածությամբ, ըստ մամուլի, նույնիսկ բանը հասել էր ծեծկռտուքի: Մեր հարցին, թե ինչո՞ւ այս անգամ առաջադրվեց, արդյոք մտավախություն չունի՞, որ իր առաջադրումը լրացուցիչ լարվածություն կստեղծի գյուղում, հանրապետական Արթուր Մուրադյանը պատասխանեց. - «Հրաչ Մուրադյանի ազգակիցներից որեւիցե մեկը եթե դներ թեկնածությունը, ես հաստատ չէի առաջադրվի, որովհետեւ մտածում էի, որ իրենք են շարունակելու նրա գործը: Իսկ այս պահին ես ինչու՞ պիտի չառաջադրվեի: Ես լարվածություն չեմ տեսնում, չեմ ասում` լրիվ կայուն վիճակ է, բայց նորմալ է, ոչինչ»:

Հանրապետական թեկնածուն «սխալ» որակեց գյուղը ճամբարների բաժանված լինելու մասին կարծիքները` համոզմունք հայտնելով, որ ընտրական գործընթացները կանցնեն խաղաղ մթնոլորտում:
XS
SM
MD
LG