Մատչելիության հղումներ

Կառավարության որոշումը Արմավիրի մարզի գյուղերում կռիվ է գցել


Կարկտահարությունից տուժած գյուղացիները փակել են Երեւան -Արմավիր մայրուղին, 20-ը մայիսի, 2013
Կարկտահարությունից տուժած գյուղացիները փակել են Երեւան -Արմավիր մայրուղին, 20-ը մայիսի, 2013
Կառավարության որոշումը կարկտահարությունից տուժած Արմավիրի մարզի գյուղերում վեճերի առիթ է դարձել: Դրանցից անմասն չի մնացել նաեւ կարկուտից 100 տոկոսով տուժած Ջրաշեն գյուղը:

Ջրաշենցի 56-ամյա Հայկանուշ Հակոբյանը նեղսրտում է, թե ծիրանի բերքի կորստից հետո իրեն ու իր հարեւաններին միայն սերմեր են հատկացրել: Մինչդեռ կառավարության հատկացվելիք 50.000 դրամը ոչ բոլոր տուժածներին բաժին կհասնի:

Առաջիկայում կառավարությունը կարկտահարությունից 100 տոկոսով վնասներ կրած 23 գյուղերի սոցիալապես անապահով 1606 ընտանիքներից յուրաքանչյուրին 50.000 դրամ կհատկացնի: Ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված անապահով ընտանիքներից առավել կարիքավորներին ընտրել է գյուղի ղեկավարն ու ավագանին:

Ջրաշենում միայն 24 ընտանիք կստանա կառավարության հատկացրած գումարը: Գյուղապետ Խաչատուր Դավթյանի համար հեշտ չի եղել ընտրություն կատարել:

«Էսօր բոլորն էլ կարիքավոր են, ահավոր դժվար է, էս կարկուտը գյուղապետերի գլխին եկավ, բոլոր գյուղապետերի համար է դժվար, կարիքավորների ցուցակը փակցնելուց հետո ամբողջ օրը վեճերի մեջ եմ», - պատմում է Դավթյանը:

Անցած մեկ ամսվա ընթացքում կառավարությունը սերմեր է հատկացրել կարկտահարված գյուղերին: Ջրաշենը ստացել է լոլիկի, վարունգի, եգիպտացորենի, ձմերուկի, արեւածաղկի սերմեր: Սրանք բաժին են հասել այն տնտեսություններին, ովքեր նման ցանկություն են հայտնել: Մինչդեռ հատկացված սերմերով բերքատու այգիների կորուստը չի փոխհատուցվի, նեղսրտում են այգետերերը: Կարկտահարությունից հետո մի քանի անգամ միջպետական ճանապարհ փակելով՝ արմավիրցիները միայն մի պահանջ էին բարձրացրել կառավարության առջեւ՝ օժանդակել վարկերի հարցում: Անցած մեկ ամսում, երբ կառավարությունը խոստացավ աջակցել վերանայելու վարկային քաղաքականությունը տուժած տնտեսությունների համար, որեւէ էական փոփոխություն տեղի չի ունեցել, ասում են գյուղացիները:

Մինչ այժմ, ինչպես նշում է գյուղապետը, միայն մեկ բանկ է փոխել իր քաղաքականությունը: Մյուս բանկերը շարունակում են աշխատել նախկինի պես: Այգետեր Սամվել Մելիքյանը անցած ամսվա վարկի տոկոսադրույքը չի մարել:

«Կառավարությունը շատ խոստումներ տվեց, մենք առայժմ տեղեկություններ չունենք, էդ խոստումները ուժի մեջ կլինեն, թե` ոչ: Վարկերի մասով առայժմ ոչ մի բան չեն արել», - ասում էր Մելիքյանը:

Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը վերջերս հայտարարել էր մի շարք արտոնությունների մասին: Ըստ այդմ, կարկուտից տուժած գյուղացիների վերցրած ավելի քան 10 հազար վարկերի մասով նրանց աջակցելու համար կառավարությունը չորս սկզբունքներ է որդեգրել, մասնավորապես՝ մարզում բոլոր գյուղացիական վարկերը դառնում են դրամային, դառնում են երկարաժամկետ՝ մինչեւ երեք տարի մարման ժամկետով, բոլոր գյուղացիական վարկերը սուբսիդավորվելու են կառավարության կողմից եւ բոլոր վարկառուները հնարավորություն են ունենալու լրացուցիչ միջոցներ ստանալ: Այս ամենը դեռեւս իրականություն չի դարձել:

Կառավարության հաջորդ օգնությունը մատչելի գնով պարարտանյութի ու անվճար վառելիքի հատկացումն է: Տուժած գյուղերին հատկացվել է ավելի քան 8.000 տոննա պարարտանյութ, 504 000 լիտր վառելանյութ:

«Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում Հայաստանի գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանն ասում է, որ կառավարությունն իր հնարավորությունների սահմաններում աջակցեց տուժած գյուղացիներին: Նա հույս հայտնեց, որ Արմավիրի մարզում անցած ամիս կարկտահարությունից հետո վնասված խաղողի ու պտղատու այգիները հաջորդ տարի 60-70 տոկոս բերք կապահովեն: Կարկտահարությունից հետո վնասված այգիներում հիմնական մասում հողատերերը մասնագետների հետ միասին վերականգնողական աշխատանքներ են տարել, ինչի արդյունքում էլ եկող տարի բերք կլինի: Այս տարի, սակայն, Արմավիրի մարզի կարկտահարությունից վնասված 43 համայնքների այգիներից բերք սպասել պետք չէ:

Անցած ամսում արմավիրցիներին աջակցելու համար մշակված ծրագրի շրջանակներում, ինչպես նշում է գյուղատնտեսության փոխնախարարը, գյուղացիներին է հատկացվել 87 մլն դրամ արժողությամբ ավելի քան 24 հազար կիլոգրամ մշակաբույսերի սերմացու: Դրանց մեծ մասը գյուղացիները ցանել են եւ ըստ ամենայնի, ուշացումով բերք կստացվի: Սերմացուները գյուղացիներին է հատկացվել ըստ պահանջի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG