Մատչելիության հղումներ

Ռասմուսեն.«Վրաստանը ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում առաջընթաց է արձանագրել»


«Վրաստանը ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում զգալի առաջընթաց է արձանագրել եւ այսօր ավելի մոտ է այդ նպատակին, քան գործընթացի սկզբում»:

Երեկ Թբիլիսիում նման հայտարարությամբ հանդես եկավ Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը, ով հարեւան երկիր էր ժամանել Վրաստան-ՆԱՏՕ հատուկ հանձնաժողովի հերթական նիստին մասնակցելու նպատակով:

Նշենք, որ Թբիլիսիում կայացած բանակցությունների հիմնական թեմաներից մեկը վրացական ուժերի մասնակցությունն էր Աֆանստանում իրականացվող գործողություններին: Հիշեցնենք, հունիսի սկզբին Աֆղանստանի հարավային Հելմենդ գավառում տեղակայված վրացական ստարաբաժանումները ծանր կորուստներ կրեցին:

«Չնայած դրան` Վրաստանը չի պատրաստվում դադարեցնել իր մասնակցությունը խաղաղապահ գործողություններին», - Ռասմուսենի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին: - «2014 թվականից հետո եւս վրացական զորախումբը կշարունակի ակտիվորեն գործել Աֆղանստանում: Ավելին, մենք փորձում ենք մոտեցնել Բաքու - Թբիլիսի - Կարս երկաթուղու շինարարության ավարտը, որպեսզի կարողանանք մասնակցել արեւմտյան կոլալիցիայի ստորաբաժանումների եւ զինտեխնիկայի դուրսբերման գործըթնացին»:

Նշենք, որ վերջին միջադեպից հետո Աֆղանստանում տեղակայված վրացական ուժերի մարդկային կորուստնեը հասան 29-ի, ինչը տոկոսային հարաբերակցությամբ ամենաբարձր ցուցանիշներից է 50 պետություններից կազմված միջազգային կոալիցիայի կազմում:

Անդերս Ֆոգ Ռասմուսենի համոզմամբ, սակայն, Վրաստանը Աֆղանստանում ծավալված ռազմական գործողություններին մասնակցում է ոչ թե ՆԱՏՕ-ին անդամակցության գործընթացը խթանելու շահադիտական նպատակից ելնելով, այլ հանուն Արեւմուտքի հետ դավանած ընդհանուր արժեքների:

«Ձեր զինվորներն Աֆղանստանում ծառայում են ոչ թե այն բանի համար, որ հասնեն երկրի անդամակցությանը ՆԱՏՕ-ին, այլ կյանքի են կոչում ՄԱԿ-ի մանդատով սահմանված առաքելությունը, որի նպատակն է ահաբեկիչների դեմ պայքարը: Իրենց ծառայությամբ վրացի զինվորականները նաեւ Վրաստանի անվտանգությունն են ապահովում: Քանի որ, զրկելով ահաբեկիչներին ազատ գործելու հնրավորությունից, մենք ավելի անվտանգ ենք դարձնում մեր պետությունները», - հայտարարեց Ռասմուսենը` չշրջանցելով նաեւ աշնանը Վրաստանում կայանալիք նախագահական ընտրությունների թեման:

«Վրաստանն արդեն իսկ բազմաթիվ ասպարեզներում նշանակալի բարեփոխումներ է իրականացրել: Որպեսզի ժողովրդավարությունը խորը արմատներ գցի ձեր երկրում հարկավոր է ջանքեր գործադրել, որպեսզի առաջիկա նախագահական ընտրություններն անցնեն բարձր մակարդակով: Բացի այդ, հարկավոր է հարգել փոքրամասնությունների իրավունքները: Մենք տեսանք, թե ինչ բախումներ տեղի ունեցած Թբիլիսիի կենտրոնում մայիսի 17-ին: Նման դեպքերը տեղ չունեն ժողովրդավարական հասարակություններում», - հայտարարեց Ռասմուսենը` հիշեցնելով մեկուկես ամիս առաջ տեղի ունեցած իրադարձություններին մասին, երբ մի քանի տասնյակ մարդկանց` ի պաշտպանություն սեռական փոքրամասնությունների կազմակերպած ակցիան վերաճեց զանգվածային անկարգությունների:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG