Մատչելիության հղումներ

Սյունիքի մարզում գետի ջուրը լցվել է հանքի պոչամբար


Tailings dump in Syunik, Armenia
Tailings dump in Syunik, Armenia
Սյունիքի մարզում Ողջի գետը թափվող Գեղի վտակի կողքին գտնվող հանքավայրում վթար է տեղի ունեցել. խողովակները, որով հոսում էր գետը երեքշաբթի օրը պայթել են եւ ջուրը լցվել է պոչամբարի մեջ` դրա պարունակությունը տանելով դեպի գետ:

Այսօր այս մասին հայտնել է Համահայկական բնապահպանական ճակատի անդամ Լեւոն Գալստյանը, ով մի քանի այլ բնապահպան ակտիվիստների հետ գտնվում է Սյունիքի մարզում:

«Մենք 4 հոգով մեր նախաձեռնությամբ եկել ենք Սյունիք եւ այցելում ենք բոլոր հանքավայրերը, պոչամբարները եւ ուսումնասիրենք», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Լեւոն Գալստյանը:

Բնապահպան ակտիվիստը պատմեց, որ, որպես հեթական հանքավայր, այցելել են Ողջի Գետի Գեղի վտակի վերին մասում գտնվող «Լեռ-Էֆս» ՍՊԸ-ի հանքավայրը ու նկատել, որ այնտեղ վթար է տեղի ունեցել: Տեղացիները հայտնել են, որ վթարը երեքշաբթի օրն է տեղի ունեցել:

Գեղի գետի հարակից տարածքում է գտնվում հանքավայրը, դրա պոչաբարը (վայրը, ուր լցվում են հանքաարդյունաբերական թափոնները) եւ հարստացուցիչ ֆաբրիկան: Պոչաբարը գտնվում է ձորում, որով հոսում է գետը: Հանքավայրը շահագործելու համար ու այդ ձորում պոչամբար կառուցելու նպատակով գետը, ըստ Լեւոն Գալստայանի, ոչ ավելի քան մեկ կիլոմետր հատվածով, անցկացվել է խողովակների մեջ, իսկ ձորում` գետի տեղում, կառուցվել է պոչաբարը: Գետի ջուրը արդեն խողովակների միջով անցնում է, շրջանցելով պոչամբարը եւ թափվում կրկին գետ` շրջանցելով պոչաբարը:

Ջրի վարարության պատճառով խողովակները մի քանի տեղից պայթել են եւ ջուրը լցվել է պոչամբար, ապա հոսել, տանելով թափոնները, լցրել դրանք գետը: Թափոնները լցվել են Ողջիի վտակը, իսկ գետի ջուրը գյուղացիները օգտագործում են ոռոգման եւ այլ նպատակներով: Բնապահպանները ահազանգում են, որ հանքաարդյունաբերական թափոնները, հայտվելով շրջակա միջավայրում, վտանգավոր են մարդկանց առողջության համար:

«Այդ հանքաքարի մեջ բազմաթիվ ծանր մետաղներ կան, հանքաքարի մեջ միայն պղինձ եւ մոլիբդեն չի, բազմաթիվ այլ մետաղներ կան, այդ ամենը մի շարք քիմիական նյութերի հետ խառնված լցվում է պոչամբար», - ասաց Լեւոն Գալստյանը:

Ակտիվիստների պատմեցին, որ պոչաբարը գործող է: Ըստ նրանց` անգամ երեկ` իրենց այցելության օրը, ֆաբրիկայի աշխատաքները չեն դադարեցվել եւ հեղուկ թափոնը ֆաբրիկայից լցվել է պոչամբար:

Բնապահպան ակտիվիստն ասաց, որ եթե իրենք չայցելեին այդ հանքավայր, վթարի մասին ոչ ոք չէր իմանա, անգամ շրջակա գյուղերի բնակիչները չէին զգուշացվի չօգտվել ջրից: Զանգահարել մարզի բնապահպանական տեսչություն, Արտակարգ իրավիճակների նախարարություն եւ այլն:

Բնապահպանության նախարարության մամուլի խոսնակ Հայկ Հակոբյանը «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց, որ վթարի մասին իրենք տեղեկացել են ակտիվստներից եւ մարզի աշխատակիցներին հանձնարարել են ուսումնասիրել տարածքը: Նաեւ ասաց, որ իրենց ուսումնասիրության արդյուքների մասին կհայտնեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG