Մատչելիության հղումներ

Հայաստանն ու Իրանը «վճռական են» զարգացնելու երկկողմ հարաբերությունները


Իրանի նորընտիր նախագահ Հասան Ռոհանի
Իրանի նորընտիր նախագահ Հասան Ռոհանի
Հայաստանը վճռական է տրամադրված զարգացնելու կապերը Իրանի հետ, ըստ իրանական լրատվամիջոցների` այդ մասին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի դեսպան Գրիգոր Առաքելյանը:

Իրանի պաշտոնական անգլալեզու Press TV-ն հաղոդում է, որ չորեքշաբթի օրը Իրանի խորհրդարանի Ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի նախագահ Ալեդին Բորուջերդին հանդիպել է Իրանում Հայաստանի դեսպան Գրիգոր Առաքելյանի հետ: Հանդիպմանը դեսպանն ասել է, որ Հայաստանի կառավարությունն ու խորհրդարանը վճռական են ընդլայնելու բարեկամական կապերը Իրանի Իսլամական Հանրապետության հետ: Դեսպանը նաեւ ասել է, որ երկու կողմերը պետք է օգտագործեն իրեց ներուժը տարբեր ոլորտներում համագործակցության մակարդակը բարձրացնելու համար:

Իրանի խորհրդարանականը իր հերթին նշել է, որ երկու ժողովուրդների միջեւ պատմական բարեկամական կապերը կարող են ավելի սերտ համագործակցության հիմք հանդիսանալ, կոչ անելով բոլոր ուղղություններով զարգացնել կապերը:

Ընդգծելով երկու երկրների միջեւ տնտեսական եւ առեւտրային գործարքների կարեւորությունը` Ալեդին Բորուջերդին ասել է, որ Հայաստանն ու Իրանը կարիք ունեն օգտագործելու իրենց ներուժը՝ ամրապնդելու տնտեսական, առեւտրային ու արդյունաբերական կապերը: Տնտեսական համագործակցությունը ընդլայնելու համար նա ընդգծել է նաեւ երկու երկրների խորհրդարանների համագործակցության նշանակությունը:

Press TV-ի հաղորդման համաձայն` հանդիպմանը դեսպան Առաքելյանը ողջունել է Իրանում անցկացված նախագահական ընտրությունները: Հունիսի 14-ին կայացած ընտրություններում, հիշեցնենք, հաղթանակ տարավ Հասան Ռոհանին` ստանալով ընտրողների քվեների կեսից ավելին:
Իրանի նորընտիր նախագահը, արձագանքելով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձին, պատասխանել է, որ իր աշխատակազմը բոլոր ոլորտներում ընդլայնելու է Հայաստանի հետ կապերը, հիմք ընդունելով փոխըմբռնումը, փոխվստահությունն ու հարգանքը:

Ռոհանիի ընտրվելու կապակցությամբ Հայաստանի նախագահը իր շնորհավորական ուղերձում հույս էր հայտնել, որ երկու հարեւան երկրները կսերտացնեն կապերը: «Ես կարծում եմ, որ համատեղ ջանքերով մենք կարող ենք հայ-իրանական միջպետական կապերը բարձրացնել որակական նոր մակարդակի»,- գրել էր Սարգսյանը:

Նախկինում Ռոհանին եւ Սարգսյանը երկու անգամ հանդիպել են: Առաջին անգամ Երեւանում` 2001 թվականին, երբ Սերժ Սարգսյանը պաշտպանության նախարար էր, Հայաստան էր ժամանել Ռոհանին, ով այն ժամանակ Իրանի Ազգային անվտանգության խորհրդի նախագահն էր: Երկրորդ անգամ նրանք հանդիպել են 2005 թվականին՝ Թեհրանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG