Մատչելիության հղումներ

Վերահսկիչ պալատի հաշվետվությունն ուղարկվել է դատախազություն


Գլխավոր դատախազության շենքը Երեւանում

Գլխավոր դատախազության շենքը Երեւանում

Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը Գլխավոր դատախազություն է ուղարկել Վերահսկիչ պալատի 2012 թվականի հաշվետվությունը: Այս մասին այսօր «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց գլխավոր դատախազի խոսնակ Սոնա Տռուզյանը:

Վերջինիս փոխանցմամբ, արդեն իսկ օրենքով սահմանված կարգով Հովիկ Աբրահամյանի հանձնարարությամբ ուղարկված նամակին ընթացք է տրվել: Մասնավորապես, դատախազության Պետական շահերի պաշտպանության վարչությունը ուսումնասիրում է Վերահսկիչ պալատի բացահայտումները եւ այն խախատումները, որոնք կլինեն քրեաիրավական բնույթի, դրանց կտրվեն իրավական գնահատականներ:

«Քրեաիրավական խախտումներ արձանագրվելու դեպքում թերեւս նաեւ կպահանջվեն լրացուցիչ հիմքերը, որոնք կան Վերահսկիչ պալատում, որովհետեւ սա հաշվետվություն է, իսկ հիմքերը մնացել են Վերահսկիչ պալատում», - նշեց Տռուզյանը, - «Ուսումնասիրությունների արդյունքում, եթե անհրաժեշտություն առաջանա, բնականաբար կպահանջվեն նաեւ այդ նյութերը եւ կտվրի համապատասխան գնահատական»:

Ուշագրավ է, որ Ազգային ժողովի նախագահի ուղարկած նամակի մասին հայտնի դարձավ միայն «Ազատություն» ռադիոկայանի ցերեկային հրապարակումից հետո, երբ տեղեկացրել էինք, որ առ այդ պահը Գլխավոր դատախազությունը Վերահսկիչ պալատի հայտնաբերած չարաշահումների վերաբերյալ որեւէ դիմում չի ստացել:

Հիշեցնենք, երբ Վերահսկիչ պալատը ներկայացնում էր, թե ինչպես են մսխվել պետբյուջեի փողերը, ոչ միայն ընդդիմադիր, այլեւ իշխող Հանրապետականի պատգամավորները շատ սուր էին արձագանքում` պահանջելով պատասխանատվության ենթարկել կոռումպացված պաշտոնյաներին: Ավելին, Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը մոտ 10 օր առաջ իր ելույթում առաջարկել էր Վերահսկիչ պալատի հայտնաբերած բոլոր չարաշահումները ուղարկել Գլխավոր դատախազություն:

Հետաքրքիր է, որ թեեւ Հովիկ Աբրահամյանը Վերահսկիչ պալատի հաշվետվությունը դատախազություն է ուղարկել նախօրեին, սակայն իշխող Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը առայսօր այդ մասին տեղյակ չէր: Ավելին, այսօր պատասխանելով մեր հարցին, թե ինչու Հանրապետականը ինքը չի դիմում դատախազություն, Գալուստ Սահակյանն ասել էր, թե իրենք երբեք չարաշահումների եւ մսխումների մասին չեն խոսել, եւ հետո, իշխող Հանրապետականի փոխնախագահը մատնացույց էր արել Գլխավոր դատախազությանը, նշելով, որ այդ մարմինը իրավասու է ինքնուրույն քրեական գործեր հարուցել` չսպասելով որեւէ մեկի դիմումին. - «Հանրապետական խմբակցությունը հայցվորի դերում չի կարող հանդես գալ, որովհետեւ երբ դու բողոքարկում ես դատախազություն, դու ինքդ պիտի նորից մի քանի ամսվա գործողություններ կատարես, որ հիմնավորես փաստերը: Իսկ դատախազությունը այսպես, թե այնպես, առանց որեւէ դիմելու էլ իր լիազորությունների շրջանակում կարող է քննարկել, որոշել»:

Չնայած Գալուստ Սահակյանի այս պարզաբանումներին, Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հանձնարարությամբ Վերահսկիչ պալատի հաշվետվությունը ամբողջությամբ ուղարկվել է եւ դատախազությունը դրանով զբաղվում է:

Ի դեպ, Վերահսկիչ պալատի բոլոր բացահայտումները իրավապահ մարմիններին ուղարկելու անհրաժեշտության մասին կառավարության անցած նիստի ընթացքում խոսել էր նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նա, մասնավորապես, ասել էր, թե անձամբ խիստ շահագրգռված է, որ այդ գործերը անհապաղ ներկայացվեն իրավապահ մարմիններին` հանձնարարելով կառավարության անդամներին նյութեր պատրաստել է ու հանձնել դատախազություն:

Սակայն այսօր տեղի ունեցած կառավարության նիստի ընթացքում վարչապետը որեւէ խոսք չասաց, թե ինչու որեւէ գործ դատախազություն չեն ներկայացրել: Փոխարենը վարչապետը հանձնարարել է կառավարության անդամներին ասուլիսներ տալ եւ պատասխանել Վերահսկիչ պալատի չարաշահումներին առնչվող հարցերին. - «Սա պարտադիր պայման է, որ բոլոր այն հարցերը, որոնք արձանագրվել են Վերահսկիչ պալատի հաշվետվության մեջ, պետք է անպայման ստանան գերատեսչությունների ղեկավարների, նախարարների կողմից պատասխան: Անպատասխան որեւիցե հարց չպետք է մնա: Սա է ճանապարհը, որով մենք շարժվելու ենք առաջ»:

Հավելենք, որ ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցությունը մոտ մեկ շաբաթ դիմել էր Վերահսկիչ պալատին, որպեսզի վերջինս, օգտվելով օրենքով իրեն ընձեռված հնարավորությունից, հաշվետվության մեջ տեղ գտած մեծաքանակ քրեաիրավական բնույթի խախտումների մասով դիմի դատախազություն: Պալատն էլ երկու օր առաջ պատասխանել էր, որ այդ հարցը կքննարկեն կոլեգիալ նիստում:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ընդգծեց, որ Վերահսկիչ պալատը ինքը պետք է ապացուցի, որ կամ իր ներկայացրած չարաշահումները համապատասխանում են իրականությանը, կամ հակառակ կողմը պետք է ապացուցի, որ այդ ամենը զրպարտանք է, թեեւ ընդդիմադիր պատգամավորը չի կասկածում, որ չարաշահումներ եղել են, հատկապես, որ իրենց մասնագետների ներկայացրած ուսումնասիրությունները ցույց են տվել, որ բյուջեից միլիոնավոր դոլարների յուրացումներ են եղել. - «Մեր մասնագետների հաշվարկով, մոտ 500 միլիոն դոլարի մասին է խոսք գնում, որ այդքան յուրացում է տեղի ունեցել պետական բյուջեից»:
XS
SM
MD
LG