Մատչելիության հղումներ

Հանրապետականը մատնացույց է անում Գլխավոր դատախազությանը


Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյան, արխիվ
Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյան, արխիվ

Ազգային ժողովում Վերահսկիչ պալատի աղմկահարույց հաշվետվության ներկայացումից հետո առայսօր որեւէ գործ չի ուղարկվել Գլխավոր դատախազություն:

Հիշեցնենք, երբ Վերահսկիչ պալատը ներկայացնում էր, թե ինչպես են մսխվել պետբյուջեի փողերը, ոչ միայն ընդդիմադիր, այլեւ իշխող Հանրապետականի պատգամավորները շատ սուր էին արձագանքում` պահանջելով պատասխանատվության ենթարկել կոռումպացված պաշտոնյաներին: Ավելին, Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը մոտ 10 օր առաջ իր ելույթում առաջարկել էր Վերահսկիչ պալատի հայտնաբերած բոլոր չարաշահումները ուղարկել Գլխավոր դատախազություն:

Թե ինչու իշխող Հանրապետականն առայսօր որեւէ քայլ չի ձեռնարկել, խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն ասաց, թե իրենք երբեք չարաշահումների եւ մսխումների մասին չեն խոսել, եւ հետո, իշխող Հանրապետականի փոխնախագահը մատնացույց է անում Գլխավոր դատախազությանը, նշելով, որ այդ մարմինը իրավասու է ինքնուրույն քրեական գործեր հարուցել` չսպասելով որեւէ մեկի դիմումին. - «Հանրապետական խմբակցությունը հայցվորի դերում չի կարող հանդես գալ, որովհետեւ երբ դու բողոքարկում ես դատախազություն, դու ինքդ պիտի նորից մի քանի ամսվա գործողություններ կատարես, որ հիմնավորես փաստերը: Իսկ դատախազությունը այսպես, թե այնպես, առանց որեւէ դիմելու էլ իր լիազորությունների շրջանակում կարող է քննարկել, որոշել»:

Ի դեպ, Վերահսկիչ պալատի բոլոր բացահայտումները իրավապահ մարմիններին ուղարկելու անհրաժեշտության մասին կառավարության անցած նիստի ընթացքում խոսել էր նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նա, մասնավորապես, ասել էր, թե անձամբ խիստ շահագրգռված է, որ այդ գործերը անհապաղ ներկայացվեն իրավապահ մարմիններին` հանձնարարելով կառավարության անդամներին նյութեր պատրաստել է ու հանձնել դատախազություն:

Սակայն այսօր տեղի ունեցած կառավարության նիստի ընթացքում վարչապետը որեւէ խոսք չասաց, թե ինչու որեւէ գործ դատախազություն չեն ներկայացրել: Փոխարենը վարչապետը ներկայացրեց, թե հանձնարարել է կառավարության անդամներին ասուլիսներ տալ եւ պատասխանել Վերահսկիչ պալատի չարաշահումներին առնչվող հարցերին. - «Այսօր ես հանձնարարում եմ Վաչե Գաբրիելյանին, որպեսզի նա կազմի ժամանակացույց, որպեսզի բոլոր գերատեսչությունների ղեկավարները, նախարարները հանդիպեն զանգվածային լրատվական միջոցների հետ եւ իրենք պատասխանեն բոլոր այն հարցերին, որոնք այսօր հետաքրքրում են մեր հանրությանը: Անպատասխան որեւիցե հարց չպետք է մնա: Սա է ճանապարհը, որով մենք շարժվելու ենք առաջ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG