Մատչելիության հղումներ

ՀԱՊԿ-ի շրջանակում Հայաստանում կստեղծվի միացյալ օդուժ


Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) շրջանակներում Հայաստանում ստեղծվելու է միացյալ օդուժ, ինչի արդյունքում Հայաստանի օդուժը ոչ միայն քանակական աճ կունենա, այլեւ կարդիականացվի:

«Դա ՀԱՊԿ-ի շրջանակներում ընդունված որոշում է միացյալ, հավաքական ավիացիոն ուժեր ստեղծելու մասին: Փաստաթղթերը ստորագրված են, գործում է աշխատանքային ժամանակացույց, որի շրջանակներում այդ ուժերը պետք է ձեւավորվեն: Դա վերաբերում է ե'ւ Կովկասյան տարածաշրջանին, ե'ւ ՀԱՊԿ-ի տիրույթում գտնվող մյուս տարածաշրջաններին, որովհետեւ ավիացիոն բաղադրիչը չափազանց կարեւոր է: Բացի դրանից, այսօր քննարկվում էին նաեւ Գյումրու մեր ավիացիոն բազային հետագա արդիականացման խնդիրները Ռուսաստանի «Վերտալյոտի Ռոսիի» ընկերության հետ միասին: Հայաստանում ռազմաօդային պաշտպանության համակարգը արդիականացվելու է, վերազինվելու է», - այսօր Երեւանում ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկլոլայ Բորդյուժայի հետ համատեղ ասուլիսի ժամանակ տեղեկացրեց Հայաստանի Ազգային ավտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը:

Իր հերթին` Բորդյուժան նշեց, թե ՀԱՊԿ-ի շրջանակներում մեծ թափով ընթանում են հավաքական ուժերի, այդ թվում հավաքական օդուժի ստեղծման աշխատանքները, որոնք Կովկասյան տարածաշրջանում բաղկացած են լինելու հայ-ռուսական զորամիավորումներից. - «Ցանկանում եմ նշել, որ ՀԱՊԿ անդամ պետությունների նախագահների վերջին որոշումների արդյունքում ստեղծվում են կազմակերպության զորքեր, միավորվում են արդեն իսկ առկա տարրերը եւ սրան գումարվում են հատուկ գործողությունների ուժերն ու հավաքական օդուժը: Հավաքական օդուժը բաղկացած է լինելու ազգային օդուժերի տրամադրած զորամիավորումներից եւ կոչված են լինելու առաջին` ապահովել զորախմբերի տեղափոխումը` այս կամ այն տարածաշրջան ՀԱՊԿ-ի կողմից գործողությունների անցկացման դեպքում, երկրորդ` օդային պաշտպանություն ապահովել ՀԱՊԿ-ի գործողությունների համար: Ուստի, ՀԱՊԿ-ի հավաքական օդուժը աջակցություն կլինի կազմակերպության անդամ պետությունների զինված ուժերին` երկրի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության պաշտպանության ժամանակ»:

Ասուլիսից առաջ Բաղդասրյանն ու Բորդյուժան 20 կետից բաղկացած արձանագրություն ստորագրեցին, որը նախատեսում է մի շարք ուղղություններով խորացնել փոխգործակցությունը ՀԱՊԿ-ի շրջանակներում:

«Կիրականացվեն մի շարք միջոցառումներ, որոնք ունեն ոչ միայն երկկողմ նշանակություն, այլ նաեւ ներգրավված են ՀԱՊԿ անդամ մյուս երկրները: Դրանք վերաբերում են ռազմական համագործակցության հետագա խորացմանը, որովհետեւ ձեւավորվում են կոլեկտիվ անվտանգության ուժեր Հարավկովկասյան տարածաշրջանում, իսկ Կովկասում Հայաստանը ՀԱՊԿ-ի միակ անդամն է: Կստեղծվեն հատուկ փրկարարական ստորաբաժանումներ ՀԱՊԿ-ի շրջանակներում: Կձեւավորվի մշտական երկխոսության մեխանիզմ հատուկ ծառայությունների, իրավապահ մարմինների միջեւ: Կստեղծվի ոստիկանության մարմինների միջեւ փոխգործակցությունն ապահովող մշտական մեխանիզմ ՀԱՊԿ-ի շրջանակներում: Քայլեր կձեռնարկվեն մեր ռազմական ենթակառուցվածքները զարգացնելու ուղղությամբ: Մասնավորապես, խոսքը վերաբերում է նոր համատեղ ձեռնարկությունների ստեղծմանը ռազմական արդյունաբերության ոլորտում», - ներկայացրեց Արթուր Բաղդասարյանը:

Ի պատասխան լրագրողներից մեկի հարցին, թե ինչպե՞ս կարձագանքի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի` Հայաստանի հասցեին երեկ հնչեցրած հերթական սպառնալիքին, թե ավարտվել է միայն պատերազմի առաջին փուլը եւ որ «ուժեղ Ադրբեջանը կարող է խոսել Հայաստանի հետ ցանկացած լեզվով»` Բորդյուժան հայտարարեց, թե ղարաբաղյան խնդիրը ռազմական լուծում չունի:

ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը նաեւ նշեց, թե այսօր Հայաստանի անվտանգության ապահովումը գտնվում է բարձր մակարդակի վրա, ինչը թույլ է տալիս երկրին կենտրոնանալ սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման ուղղությամբ:

«Այն քայլերը, որոնք այսօր արվում են Հայաստանի ղեկավարության կողմից անվտանգության ապահովման ազգային համակարգի ձեւավորման ուղղությամբ, այն քայլերը, որոնք արվում են ՀԱՊԿ-ի կողմից Հայաստանի անվտանգության ապահովման ուղղությամբ վկայում են, որ այսօր ստեղծված ողջ համակարգը` բաղկացած երեք մակարդակից` ազգային, հայ-ռուսական եւ ՀԱՊԿ, թույլ է տալիս խոսել Հայաստանի անվտանգության ապահովման բավականին բարձր աստիճանի մասին», - հայտարարեց Բորդյուժան:
XS
SM
MD
LG