Մատչելիության հղումներ

logo-print

Հունիսի 27-ի մամուլ


Չնայած պաշտոնական բազմաթիվ հավաստիացումներին, որոշ լրատվամիջոցներ դեռեւս համոզված չեն, թե Հայաստանն ի վերջո կստորագրի Եվրամիության հետ Ասոցացման պայմանագիրը: «Նախաստորագրումը վտանգված է» վերնագրի ներքո «Ժամանակ»-ը գրում է. - «Եթե Եվրոպան խոստանա կամ ապահովի հայ-թուրքական սահմանի բացումը կամ ԼՂՀ օդանավակայանի գործարկումը, կխորացնի եվրաինտեգրման գործընթացը ընդհուպ մինչեւ Ասոցացման պայմանագրի նախաստորագրումն ու ստորագրումը: Եթե Ռուսաստանը խոստանա, կանդամակցի Եվրասիական միությանը: Սակայն, ցավոք, Ս. Սարգսյանն այն նախագահը չէ, եւ այս պահին ՀՀ-ն էլ այն երկիրը չէ, որ կարողանա Եվրամիության ու Ռուսաստանի միջեւ այդպես ճկուն խաղարկել: Հակառակը՝ խնդիրն ավելի բարդ է: Այս օրերին քաղաքական շրջանակներում արդեն տեղեկություններ ու մտահոգություններ են շրջանառվում, թե վտանգված է նոյեմբերին Ասոցացման պայմանագրի նախաստորագրումը: Ու թեեւ Հայաստանը արագ տեմպերով առաջ է գնում դրա հետ կապված բանակցային գործընթացներում, ՌԴ-ն իր զորեղ մահակով արդեն դանդաղեցնում է այն: Իզուր չէ, որ այս օրերին, երբ Ս. Սարգսյանը Լեհաստանում է, Հայաստան ժամանեցին ՌԴ անվտանգության քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը եւ ՀԱՊԿ քարտուղար Նիկոլայ Բորդյուժան»:

Թեման շարունակում է «168 ժամ»-ը. - «Մինչ Հայաստանի իշխանությունը փորձում է բոլոր հնարավոր ձեւերով սեթեւեթել Եվրասիական Միություն-Եվրամիություն երկընտրանքի շուրջ՝ ամեն ինչ անելով Ռուսաստանին չբարկացնելու համար, վերջինս Հայաստանի հետ խաղում է ավելի բաց խաղաքարտերով՝ առանց ավելորդ ձևականությունների: Դրա ամենավառ ապացույցը երեկ Երեւանում ՀԱՊԿ գլխավոր քարտուղա Նիկոլայ Բորդյուժայի հայտարարությունն էր այն մասին, որ Ռուսաստանն առանց այդ էլ շատ բան է անում Հայաստանի համար: Այս հայտարարությունը Բորդյուժան արել է պատասխանելով հարցին, թե արդյոք Ռուսաստանը՝ որպես ռազմավարական գործընկեր, Հայաստանին տեղեկացրե՞լ է Ադրբեջանին մոտ 1 միլիարդ դոլարի զենք վաճառելու մասին: Դրանից առաջ Բորդյուժան հասցրել է անել մեկ այլ՝ ոչ պակաս անբռնազբոս հայտարարություն՝ Ադրբեջանին զենք վաճառելու մասին: «Դա բիզնես է, դա շուկա է, դա ՌԴ-ի տնտեսությունն է», - ասել է նա»: Թերթը շարունակում է. - «Ռուսաստանն ամենապարզ լեզվով ասում է, որ հայ-ռուսական հարաբերությունները չեն կարող գերադասվել Ռուսաստանի բիզնես շահերին: Բիզնեսի գլխավոր նպատակը, ինչպես հայտնի է, շահույթ ստանալն է, ինչին ստորադասվում է ցանկացած երեւույթ, տվյալ դեպքում՝ հայ-ռուսական հարաբերությունները: Նույն հաջողությամբ ու Բորդյուժայի տրամաբանությամբ՝ երբեւէ Ռուսաստանը կարող է, ասենք, մեր երկրում գրեթե ամբողջությամբ իրեն պատկանող էներգետիկ հզորությունները վաճառել Ադրբեջանին՝ դա հիմնավորելով բիզնես նպատակահարմարությամբ: Այս պայմաններում, կոնկրետ բիզնես շահի մասով, Հայաստանի առաջին արձագանքը կարող էր լինել, օրինակ, ՀՀ-ում ռուսական ռազմակայանների տեղակայման դիմաց շուկայական գներով վարձավճարի գանձումը: Մյուս կողմից՝ անիմաստ է քննարկել, թե ՀՀ իշխանությունն ինչպե՞ս կարող է պատասխանել ռուսական ապտակներին, այն պարզ պատճառով, որ դրա համար, առաջին հերթին, ցանկություն է պետք»:

«Հայոց Աշխարհ»-ը գրում է. - «Եթե Հայաստանը ստորագրելու եւ վավերացնելու է Ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագիրը, ապա մինչ այդ իրավունք ունի պահանջելու, որ իր եվրոպական գործընկերները հասնեն Եվրամիության Մաքսային միության հետ Հայաստանի սահմանների ապաշրջափակմանը։ Քանզի եթե դա չի իրականացվելու, ապա եվրոպական արժեքների մասին խոսելն իսկ ավելորդ է դառնում, որովհետեւ վերջիններիս «քարտեզային ուրվագծերը» հենց բաց սահմաններն են։ Անկախ նրանից, թե ե՞րբ եւ ինչպե՞ս է տրվելու Հայաստանի շրջափակման փաստի եվրոպական գնահատականը, Հայաստանը շարունակելու է նաեւ իր փոխգործակցությունը ԱՊՀ երկրների Մաքսային միության հետ։ Ընդ որում՝ քանի որ այստեղ խոսքը ոչ թե սահմանների շրջափակման, այլ ընդհանուր սահմանի բացակայության մասին է, ապա այն նպատակահարմար է իրականացնել միայն երկկողմ պայմանագրերի միջոցով։ Հարցի քննարկումը վերացական սկզբունքներից իրական հնարավորությունների դաշտ տեղափոխելու պարագայում ակնհայտ է դառնում, որ Հայաստանը ոչ մի դուռ չի փակել իր գործընկերների առջեւ, քանի որ ինքը մեկ ինտեգրացիոն տարածության հանդեպ շրջափակվածի վիճակում է, իսկ մյուսի հետ չունի անգամ ընդհանուր սահման, որը կարելի է բացել»։

«Առավոտ»-ի հետ զրույցում Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, պատասխանելով Վերահսկիչ պալատի վերջին զեկույցին վերաբերող հարցին, ասում է. - «Բյուջեի 70 տոկոսը չի կարող մսխվել, որովհետեւ դա նշանակում է, որ ոչ մի պետական ծառայող պետք է աշխատավարձ չստանար: Ես կարծում եմ, որ Վերահսկիչ պալատի հաշվետվությունը լի էր քաղաքական գնահատականներով, ինչը ճիշտ չէ: ՎՊ նախագահն էլ ընդունեց, որ պետք է զերծ մնալ քաղաքական գնահատականներից: Ինչ վերաբերում է ՎՊ-ի զեկույցում մատնանշված թերություններին, մենք մեր դիրքորոշումն արդեն արտահայտել ենք՝ պետք է փաստարկված, ըստ նախարարությունների ներկայացվեն չարաշահումները, ոչ թե ընդհանուր»:

Նույն թեմայով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG