Մատչելիության հղումներ

«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել սիրիահայերին


Սիրիա - Հայաշատ Հալեպի փողոցներից մեկը, ապրիլ, 2013թ.
Սիրիա - Հայաշատ Հալեպի փողոցներից մեկը, ապրիլ, 2013թ.
Համապատասխան ծրագրի շրջանակներում «Հայաստան» համահայկական հիմնադրամը շարունակում է աջակցել սիրիահայերին:

Հիմնադրամի հաղորդագրության համաձայն` այդ նպատակով բացված բանկային հաշվին փոխանցված հատկացումները ձեւավորվել են մասնավորապես Հիմնադրամի Ֆրանսիայի, Գերմանիայի, ԱՄՆ-ի Արեւմտյան ափի, Արգենտինայի, Բրազիլիայի, Լիբանանի, Շվեդիայի տեղական մարմինների` «Հեռուստամարաթոն 2012»-ի շրջանակներում հավաքագրված գումարներից, ինչպես նաեւ Հայաստանի եւ արտերկրի տարբեր իրավաբանական եւ ֆիզիկական անձանց նվիրատվություններից, այդ թվում` Հրայր Հովնանյան, Արա Աբրահամյան, «Փեթակ», «ՀայՌուսգազարդ» ընկերություններ:

Իրականացվել են ծրագրեր առողջապահության, կրթության եւ սոցիալական ոլորտներում: 2013 թվականի հունիսի դրությամբ, 100 հազար եվրո` հանգանակված Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի կողմից, 12 հազար եվրո` հանգանակված Գերմանիայի տեղական մարմնի կողմից, 100 հազար դոլար` հանգանակված Լիբանանի տեղական մարմնի կողմից, ուղղվել է Սիրիայում բնակվող հայերի տարբեր կարիքների. գումարի զգալի մասը հատկացվել է Հալեպի հայկական վարժարանների ուսուցիչներին որպես աշխատավարձ:

Բրազիլիայի, Արգենտինայի, Շվեդիայի տեղական մարմինների հանգանակած գումարներով Հիմնադրամը փոխհատուցել է 110 սիրիահայ ուսանողի ուսման վարձը, ինչպես նաեւ 6 սիրիահայի սրտի վիրահատության եւ 3-ի հուղարկավորության ծախսերը:

Հիմնադրամի Արեւմտյան ափի տեղական մարմնի հավաքագրած 10 հազար դոլարով նյութական օժանդակություն է ցուցաբերվել Երեւանի Կիլիկյան դպրոցին, որտեղ սովորում են Հայաստան տեղափոխված սիրիահայ երեխաներ:

Հիմնադրամը հիշեցնում է, որ գործարարներ Հրայր Հովնանյանի եւ Արա Աբրահամյանի նվիրաբերած միջոցներով ֆինանսավորել է Հալեպ - Երեւան - Հալեպ չվերթները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG