Մատչելիության հղումներ

Հայաստանն իր գործունեությունը կառուցում է «եւ-եւ»-ի սկզբունքի վրա


Հայաստանն իր գործունեությունը կառուցում է «եւ-եւ»-ի սկզբունքի վրա
please wait

No media source currently available

0:00 0:04:02 0:00

Չնայած ռուսաստանցի բարձրաստիճան պաշտոնյաների հաճախակի դարձած այցելություններին՝ Սերժ Սարգսյանը կասկածի տեղիք չի թողնում, որ Հայաստանը կստորագրի Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը։

Հայաստանն իր գործունեությունը կառուցում է ոչ թե «կամ-կամ», այլ «եւ-եւ»-ի սկզբունքի վրա: Այս մասին երեկ Լեհաստանի նախագահի հետ համատեղ ասուլիսում հայտարարեց նախագահ Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով լեհ լրագրողի այն հարցին, թե որքանով է Հայաստանը վճռական իրականացնել այն բարեփոխումները, որոնք անհրաժեշտ են Եվրամիությանն ինտեգրվելու համար։

Սերժ Սարգսյանը նախ խոսեց Ռուսաստանի եւ Հայաստանի ռազմավարական եւ պատմության խորքից եկող բարեկամական հարաբերությունների մասին, ընդգծելով, որ Հայաստանն ու Ռուսաստանը հանդիսանում են ՀԱՊԿ անդամ երկրներ, Հայաստանը Ռուսաստանի հետ ունի ինչպես շատ ընդլայնված տեխնիկական, այնպես էլ խորը տնտեսական հարաբերություններ։

«Ռուսաստանում ապրում է ամենամեծ հայկական համայնքը, եւ այդ համայնքի անդամները շատ հարգված մարդիկ են: Եվ մենք երբեք չենք արել քայլ, որ ուղղված կլինի Ռուսաստանի դեմ, եւ չունենք որեւէ բարդույթ, որ մեզ կարող է մղել այդպիսի քայլի», - այս առնչությամբ, մասնավորապես, ասաց Սերժ Սարգսյանը։

Նշելով Ռուսաստանի հետ ունեցած ռազմավարական հարաբերությունների կարեւորությունը` Հայաստանի նախագահը միեւնույն ժամանակ ընդգծեց, թե հայերը եվրոպական արժեքներ կրող ժողովուրդ են եւ Հայաստանի նպատակն է զարգացնել իր հասարակությունը հենց այդ արժեքների վրա. - «Հայաստանը Եվրամիության Արեւելյան գործընկերության շրջանակներում ամենամեծ առաջընթաց ձեռք բերած երկրներից է։ Մենք մեր գործունեությունը կառուցում ենք ոչ թե «կամ-կամ», այլ «եւ-եւ»-ի սկզբունքի վրա: Եվ ես այստեղ հակասություն չեմ տեսնում»:

Սերժ Սարգսյանի «եւ-եւ»-ի սկզբունքի հիման վրա գործելու այս հայտարարությունը ուշագրավ է այն առումով, որ ըստ որոշ վերլուծաբանների եւ քաղաքական գործիչների, Ռուսաստանը վերջին շրջանում լուրջ ճնշումներ է գործադրում Հայաստանի վրա՝ փորձելով կանխել Եվրամիության հետ Ասոցացված համաձայնագրի ստորագրումը, ինչպես նաեւ Հայաստանի Մաքսային միություն ընդգրկելու համար։

Վերլուծաբանները հենց այդ ճնշումների համատեքստում են դիտարկում նաեւ վերջին օրերին ռուսաստանցի բարձրաստիճան պաշտոնյաների՝ հաճախակի դարձած այցերը Երեւան։

Նշենք, որ այս շաբաթ եռօրյա այցով Հայաստանում էր Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը, այս պահին Հայաստանում է նաեւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան։

Թեեւ նկատենք, այն հայտարարությունը, որն արեց Սերժ Սարգսյանը հայ-լեհական գործարար համաժողովի փակման ընթացքում, կարելի է ասել կասկածի տեղ չի թողնում, որ Հայաստանը ստորագրելու է Ասոցացման համաձայնագիրը:

Մասնավորապես, խոսելով Հայաստանում գործարար եւ ներդրումային միջավայրի շարունակական բարելավման մասին, Սերժ Սարգսյանն ասել է.- «Այս համատեքստում տեղին է անդրադառնալ Եվրամիության հետ կնքվելիք Ասոցացման համաձայնագրին եւ դրա մաս կազմող Խոր եւ համապարփակ ազատ առեւտրի պայմանագրին: Այն որակապես նոր եւ առավել ընդգրկուն հիմքերի վրա կդնի Եվրամիության անդամ պետությունների, այդ թվում նաեւ Լեհաստանի հետ մեր երկրի համագործակցությունը»։

Ի դեպ, խոսելով Արեւելյան գործընկերության շրջանակներում համագործակցության հեռանկարների մասին, Սերժ Սարգսյանը սուր քննադատության ենթարկեց նաեւ Ադրբեջանին եւ Թուրքիային։ Խոսելով Հայաստանի փակ սահմանների մասին՝ Հայաստանի նախագահն ընդգծեց, թե ցավոք՝ Եվրոպան ոմանց համար դեռեւս միայն շուկա է, եւ ոչ թե արժեհամակարգ. - «Զավեշտական է, երբ մեր մի հարեւանը, որը հայտարարում է եվրոպական ուղին որդեգրելու մասին, զուգահեռաբար հերոսացնում է էթնիկ հողի վրա ստոր մարդասպանություն գործած սրիկային, սպառնում է հարվածել քաղաքացիական օդանավերին, պատերազմով զրկել հազարամյակներով իր հողի վրա ապրող ժողովրդին այդ իրավունքից։ Մեր մյուս հարեւանը` Թուրքիան, որ դարձյալ ձգտում է դեպի Եվրոպա եւ հանդիսանում է ԵՄ մաքսային միության անդամ, մեր անկախության առաջին իսկ օրերից փակել է մեր սահմանը եւ հրաժարվում է 21-րդ դարում հարեւանների միջեւ այդքան առօրեական համարվող հարաբերություններից։ Եվրոպայի հետ մեր վարած բանակցությունների առանցքն է շուկաների փոխադարձ հասանելիությունը, մարդկանց տեղաշարժի ազատությունը, բայց միեւնույն ժամանակ Հայաստանի սահմանը ԵՄ մաքսային միության հետ մնում է փակի տակ: Մենք ակնկալում ենք դրա անընդունելիության լիարժեք եւ հստակ գնահատական»:

Ուշագրավ է, որ Լեհաստանի նախագահի հետ համատեղ ասուլիսում պատասխանելով հայաստանցի լրագրողի հարցին, Սերժ Սարգսյանը խոսեց նաեւ Հայաստանում կատարվող հարկային եւ մաքսային բարեփոխումների, մրցունակ աշխատավարձեր ունենալու ծրագրի մասին, միեւնույն ժամանակ ընդգծելով, որ Հայաստանը այդ ամենն իրականացնելու համար միջազգային օժանդակության կարիք ունի. - «Մենք ակնկալում ենք օժանդակություն եւ դրանից չենք ամաչում։ Մենք նկատի ունենք ե՛ւ տեխնիկական օժանդակություն, նյութական, փորձի փոխանակում եւ այլն։ Դուք գիտեք, որ մենք 2014 թվականի հունվարի 1-ից մեկնարկում ենք մի լայնամասշտաբ ծրագիր, որի էությունը կայանում է նրանում, որպեսզի պետական բյուջեից վարձատրվող պաշտոնատար անձինք, ծառայողները, եւ ընդհանրապես բոլոր վարձատրվողները ունենան աշխատավարձ, որը երեւի միակ միջոցն է լավագույն մասնագետներին պահելու պետական կառավարման համակարգում։ Մենք բարեփոխում ենք մեր գործարար միջավայրը, եւ այս բոլոր բարեփոխումները, անշուշտ, առանց էական ներդրումների անհնար է իրականացնել։ Առանց օժանդակության այս պրոցեսները կդանդաղեն, սա է խնդիրը»։

Հավելենք, որ այսօր ավարտվում է Հայաստանի նախագահի պաշտոնական այցը Լեհաստանը եւ երեկոյան Սերժ Սարգսյանը կվերադառնա Հայաստան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG