Մատչելիության հղումներ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը այցելում է Վրաստան


ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսեն
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսեն
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը այսօր այցելում է Վրաստան` այդ երկրի իշխանությունների հրավերով:

ՆԱՏՕ-ի կայքէջում տեղադրված հաղորդագրության համաձայն` երկօրյա այցի ընթացքում Ռասմուսենը Թբիլիսիում հանդիպումներ է ունենալու Վրաստանի նախագահի, վարչապետի, արտգործնախարարի, պաշտպանության նախարարի, խորհրդարանականների, ինչպես նաեւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարը նախագահելու է ՆԱՏՕ - Վրաստան խորհրդի նիստը, որին մասնակցելու է նաեւ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին:

Այցի ընթացքում Անդերս Ֆոգ Ռասմուսենը դասախոսությամբ է հանդես գալու Վրաստանի ազգային գրադարանում:

Այսօր նախատեսված է նրա համատեղ ասուլիսը Վրաստանի վարչապետի հետ, իսկ վաղը կկայանա համատեղ ասուլիս նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հետ:

Ռասմուսենի գլխավորած պատվիրակությունում ընդգրկված են Հյուսիսատլանտյան դաշինքի 28 երկրների դեսպանները:

Դաշինքի ներկայացուցիչները մասնակցելու են վրացի զինծառայողների խմբին Աֆղանստան ճանապարհելու արարողությանը:

ՆԱՏՕ-ին անդամակցելու ձգտումներ ունեցող Վրաստանը վերջին շրջանում` Բիձինա Իվանիշվիլիի վարչապետ դառնալուց հետո, փորձում է կարգավորել հարաբերությունները Ռուսաստանի հետ:

Ավելի վաղ Իվանիշվիլին կարծիք է հայտնել, որ հնարավոր է շարունակել ՆԱՏՕ-ին ինտեգրվելու ճանապարհը եւ բարելավել հարաբերությունները Ռուսաստանի հետ:

Նրա խոսքերով` «եթե Միխեիլ Սաակաշվիլին լուրջ սխալներ թույլ չտար, Վրաստանը մի քանի տարի առաջ կարող էր նորմալացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ եւ միաժամանակ ավելի մոտ լինել կամ անդամակցել Հյուսիսատլանտյան դաշինքին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG