Մատչելիության հղումներ

ՀԿ-ները խոշտանգումների կանխմանը միտված առաջարկություններ են ներկայացրել


Հունիսի 26-ը ՄԱԿ-ի կողմից հռչակված խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օրն է:

«Հանցագործությամբ հանցագործություն մի բացահայտեք», «Խոշտանգման զոհերը դեռ սպասում են արդարադատության»` այսպիսի պաստառներով չորեքշաբթի պիկետ եւ քայլերթ էին կազմակերպել «Ընդդեմ իրավական կամայականության» եւ «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպությունները` հանրության ուշադրությունը հրավիրելով այն փաստին, որ այսօր ՄԱԿ-ի կողմից հռչակված խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օրն է:

«Հասարակական սեկտորը քայլեր է առաջարկում, որոնցով, ըստ մեզ, կարելի է կանխարգելել խոշտանգումները», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց ակցիայի մասնակից Զառա Ամատունին:

Հասարակական կազմակերպությունները իրենց առաջարկություններով նամակները հանձնեցին մի քանի պետական մարմինների` ոստիկանությանը, դատախազությանը, Վճռաբեկ դատարանին, Հատուկ քննչական ծառայությանը, որոնց շենքերի առջեւ նախ պիկետ անցկացրեցին: Ակցիայի մասնակիցներն ասում են` «խոշտանգում» եզրույթը համապատասխանեցված չէ ՄԱԿ-ի կոնվենցիային, որին Հայաստանը միացել է 1993 թվականին, եւ իրավապահ մարմինները շարունակում են ֆիզիկական եւ հոգեբանական ճնշման միջոցով ցուցմուքնքներ եւ խոստովանություն կորզել, իսկ դա երբեմն ավարտվում է նույնիսկ մահվան դեպքերով: Հեռու անցյալում չեն ոստիկանական բաժանմունքներում կասկածելի հանգամանքներում մահացած Լեւոն Ղուլյանի եւ Վահան Խալաֆյանի դեպքերը, եւ պիկետի մասնակիցները իրենց պաստառներում հիշատակել էին խոշտանգման զոհ դարձած երիտասարդներին:

Ակցիայի մասնակիցները պարտադիր են համարում, որ ոստիկանները համապատասխան որակավորում ստանան, որպեսզի այսպիսի գրությամբ պաստառը, ինչպիսին է` «Ծեծող ոստիկանը տկարամիտ է, մսագործ», այլեւս անիմաստ դառնա. - «Մենք բազմիցս բարձրաձայնել ենք, որ դեռ հարցը լուծված չէ, եւ դեռ կան ոստիկաններ, որոնք թույլ են տալիս նման միջոցներով խոստովանական ցուցմունքներ կորզել»:

Եվրոպական կառույցներից մեկի` խոշտանգումների կանխարգելման վերաբերյալ 2002-2011թվականների զեկույցները ցույց են տալիս, որ Հայաստանում ոստիկանության բաժանմունքներում եւ քրեակատարողական հիմնարկներում վիճակը, մեղմ ասած, այս առումով հուսադրող չէ, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը:

Իշխանյանն ասում է` Հայաստանում ոստիկանները դեռ գործում են խորհրդային շրջանից Վիշինսկու դրած սկզբունքով, համաձայն որի ապացույցների «թագուհին» ինքնախոստովանությունն է: Հելսինկյան կոմիտեի վերջին` 2012 թվականին արած հետազոտության ժամանակ 80 հարցվածներից 30-ը համարձակություն են ունեցել հայտնելու, թե ինչ խոշտանգումների են ենթարակվել իրավապահ մարմինների կողմից:

«Մանրամասն պատմեցին ծեծը, ձեւերը եւ այլն, որոնք հետո ապացուցվեցին այլ փաստաթղթերի միջոցով, եւ խնդիրն այն է, որ շատերը չեն բողոքում` մտածելով, որ իրենց վիճակը կարող է ավելի վատթարանա, կամ նույնիսկ չգիտեն, որ ոստիկանություն իրավունք չունեն իրենց ծեծելու: Այդ պատճառով է նաեւ, որ բողոքների քանակը շատ քիչ է», -ասաց Իշխանյանը:

Գիտակցո՞ւմ են արդյոք հենց իրավապահ մարմինների աշխատողները, որ խոշտանգելով խոտովանություն կորզելու իրավունք չունեն. - «Անկեղծ խոսակցությունների ժամանակ նրանք ասում են` «երբ որ գիտես, որ ինքն է արել, բայց չի խոստովանում, բա ի՞նչ անես, որ չծեծես»», - պատմեց Իշխանյանը:

Ըստ իրավապաշտպանի` խնդիրներ կան նաեւ օրենսդրական դաշտում. Հայաստանի քրեական օրենսգրքում խոշտանգումը անձնավորված չի, այսինքն` եթե նույնիսկ մարդը պատժվում է խոշտանգումներ կատարելու համար, ապա դա դիտվում է որպես պաշտոնական դիրքի չարաշահում:

«Առաջարկություններ են եղել, որ Քրեական օրենսգրքում այդ հոդվածը փոխվի, բայց առայժմ սայլը տեղից չի շարժվում», - ասաց Հելսինկյան կոմիտեի ղեկավարը:
XS
SM
MD
LG