Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյան. «Հայաստանի սահմանը ԵՄ մաքսային միության հետ մնում է փակի տակ»


Լուսանկարը` Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջի
Լուսանկարը` Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջի

«Եվրոպան, ցավոք, ոմանց համար դեռեւս միայն շուկա է եւ ոչ թե արժեհամակարգ», - Վարշավայում հայտարարել է Հայաստանի նախագահը:

«Ցավոք, մեր տարածաշրջանում դեռեւս առկա են խնդիրներ, հանգամանքներ, որոնք խոչընդոտում են Արեւելյան գործընկերությամբ ընձեռված հնարավորությունների լիարժեք իրացմանը», - հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի օրը Վարշավայում Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու հետ հանդիպմանը հաջորդած ասուլիսի ժամանակ:

«Եվրոպան, ցավոք, ոմանց համար դեռեւս միայն շուկա է եւ ոչ թե արժեհամակարգ», - ասել է Հայաստանի նախագահը:

«Հիրավի, զավեշտական է, երբ մեր մի հարեւանը, որը հայտարարում է եվրոպական ուղին որդեգրելու մասին, զուգահեռաբար հերոսացնում է էթնիկ հողի վրա ստոր մարդասպանություն գործած սրիկային, սպառնում է հարվածել քաղաքացիական օդանավերին, պատերազմով զրկել հազարամյակներով իր հողի վրա ապրող ժողովրդին այդ իրավունքից», - հայտարարել է Սերժ Սարգսյանը` շարունակելով. - «Մեր մյուս հարեւանը` Թուրքիան, որ դարձյալ ձգտում է դեպի Եվրոպա եւ հանդիսանում է ԵՄ մաքսային միության անդամ, մեր անկախության առաջին իսկ օրերից փակել է մեր սահմանը եւ հրաժարվում է 21-րդ դարում հարեւանների միջեւ այդքան առօրեական համարվող հարաբերություններից»:

«Եվրոպայի հետ մեր վարած բանակցությունների առանցքն է շուկաների փոխադարձ հասանելիությունը, մարդկանց տեղաշարժի ազատությունը, բայց միեւնույն ժամանակ Հայաստանի սահմանը ԵՄ մաքսային միության հետ մնում է փակի տակ: Մենք ակնկալում ենք դրա անընդունելիության լիարժեք եւ հստակ գնահատական», - ասել է Հայաստանի նախագահը:

Լեհաստանի նախագահի հետ համատեղ մամուլի ասուլիսում պատասխանելով լրագրողի հարցին, թե Հայաստանում ինչպե՞ս են վերաբերվում ինտեգրացիոն գործընթացներին, Սերժ Սարգսյանը ասել է. - «Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունների ռազմավարական բնույթը որեւէ մեկի համար գաղտնիք չէ: Մենք շատ տարիներ երկար ապրել ենք հարեւանությամբ, իսկ մի տեւական ժամանակ էլ՝ ընդհանուր պետության մեջ: Եվ դարերի ընթացքում ձեւավորվել են բարեկամական լավ եւ փոխադարձ հարգանքի վրա հիմնված հարաբերություններ: Մենք բարեկամ ժողովուրդներ ենք, ունենք ընդհանուր պատմություն եւ հպարտանում ենք այդ պատմությամբ: Հայաստանը եւ Ռուսաստանը հանդիսանում են ՀԱՊԿ անդամ երկրներ, մենք Ռուսաստանի հետ ունենք շատ ընդլայնված ռազմատեխնիկական եւ խորը տնտեսական հարաբերություններ: Ռուսաստանում ապրում է ամենամեծ հայկական համայնքը, եւ այդ համայնքի անդամները շատ հարգված մարդիկ են: Եվ մենք երբեք չենք արել քայլ, որ ուղղված կլինի Ռուսաստանի դեմ, եւ չունենք որեւէ բարդույթ, որ մեզ կարող է մղել այդպիսի քայլի»:

«Մենք եվրոպական արժեքներ կրող ժողովուրդ ենք եւ մեր նպատակն է զարգացնել մեր հասարակությունը հենց այդ արժեքների հիման վրա: Հայաստանը Եվրամիության Արեւելյան գործընկերության շրջանակներում ամենամեծ առաջընթաց ձեռք բերած երկրներից է», - շարունակել է Հայաստանի նախագահը` ամփոփելով. - «Մենք մեր գործունեությունը կառուցում ենք ոչ թե «կամ-կամ», այլ «եւ-եւ»-ի սկզբունքի վրա: Եվ ես այստեղ հակասություն չեմ տեսնում»:

Իսկ հարցին, թե Լեհաստանն արդյո՞ք աջակցելու է Հայաստանին եվրաինտեգրման գործընթացում, Սերժ Սարգսյանը, նախագահի պաշտոնական կայքէջի հաղորդագրության համաձայն, պատասխանել է. - «Այո՛, Լեհաստանն աջակցում եւ օժանդակում է մեզ: Մենք այդ աջակցության եւ օժանդակության կարիքն ունենք»:

Երկրում իրականացվող բարեփոխումներին միջազգային աջակցության վերաբերյալ հարցին ի պատասխան` Սարգսյանը ընդգծել է, որ Հայաստանն օժանդակության կարիք ունի՝ ե՛ւ տեխնիկական, ե՛ւ նյութական, փորձի փոխանակման եւ այլն, ու ակնկալում է այդ օժանդակությունը: Նա խոսել է մաքսային եւ հարկային համակարգերում ձեռնարկված լայնամասշտաբ բարեփոխումների, գործարար միջավայրի բարելավման մասին՝ ընդգծելով, որ առանց էական ներդրումների անհնար է իրականացնել այդ բոլոր բարեփոխումները:

Հայաստանի նախագահն անդրադարձել է նաեւ 2014 թվականի հունվարի 1-ից մեկնարկելիք լայնամասշտաբ այն ծրագրին, որը ենթադրում է պետական բյուջեից վարձատրվող պաշտոնատար անձանց, ծառայողների եւ ընդհանրապես բոլոր վարձատրվողների համար մրցունակ աշխատավարձերի ապահովում:

Ընդգծելով, որ վերոնշյալ բարեփոխումների իրագործման հիմնական ծանրությունը, բնականաբար, պետք է լինի Հայաստանի իշխանությունների վրա, Սերժ Սարգսյանը միաժամանակ կարեւորել է ներդրումները եւ օժանդակությունն այդ գործընթացին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG