Մատչելիության հղումներ

Հունիսի 26-ի մամուլ


«Հայկական ժամանակ»-ը մեկնաբանում է Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանի` նախօրեին «Ռեգնում» գործակալությանը տված հարցազրույցը: Մովսիսյանն այդ հարցազրույցում, մասնավորապես, նշել էր, թե Մաքսային միությունը ձեռնտու է Հայաստանին, քանի որ Հայաստանը Ռուսաստանից ներկրում է էներգակիրներ: Թերթն այս առնչությամբ գրում է. - «Կարո՞ղ է արդյոք առողջ տրամաբանություն ունեցող որեւէ մարդ հայտնվի եւ պնդի, որ Արմեն Մովսիսյանն իր անձնական կարծիքն է հայտնում, որը տարբերվում է Սերժ Սարգսյանի եւ Տիգրան Սարգսյանի կարծիքից: Եթե գտնվեն այդպիսիք, ապա թող հաշվի առնեն, որ ՀՀԿ անդամ Արմեն Մովսիսյանը Հայաստանի ամենաերկարակյաց նախարարն է. նա այդ պաշտոնին է արդեն 12 տարի եւ համարվում է հենց Սերժ Սարգսյանի ամենավստահելի մարդկանցից մեկը: Եվ դժվար չէ կռահել, որ Արմեն Մովսիսյանը առաջինն է բարձրաձայնում ՀՀ գործող իշխանության պաշտոնական տեսակետը: Եվ ուրեմն, կարելի է արձանագրել, որ ՀՀԿ վերնախավը գցել-բռնել է, «նայել է տվյալները» եւ հանգել իսկական ՀՀԿ-ավայել, խիստ անկախական, ազգային հենքի վրա խարսխված որոշման` մտնել Մաքսային միություն, դառնալ մեկ այլ պետության, տվյալ դեպքում` Ռուսաստանի գուբերնիա»:

«Ժամանակ» օրաթերթի խմբագրականն արծարծում է քաղաքական արժեհամակարգին առնչվող հարցեր. - «Սերժ Սարգսյանը նախօրեին Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմարովսկու հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ Եվրոպան որոշների համար շուկա է, ոչ թե արժեհամակարգ: Սերժ Սարգսյանը նկատի է ունեցել Թուրքիային ու Ադրբեջանին: Այս առումով Սերժ Սարգսյանն, իհարկե, իրավացի է, բայց նրա արտահայտությունը ենթադրում է, որ Հայաստանի կամ ավելի շուտ Հայաստանի իշխանության համար Եվրոպան արժեհամակարգ է: Այդպե՞ս է արդյոք… Սերժ Սարգսյանը եւ նրա իշխանությունը Եվրոպայի շուկայական ընկալման առումով Անկարայից ու Բաքվից այնքան էլ չեն տարբերվում: Խնդիրը գուցե թե մասշտաբների մեջ է: Որակական տարբերությունները շատ ու շատ քիչ են: Եվրոպան արժեհամակարգ ընկալող իշխանությունը պայքարում է կոռուպցիայի դեմ, ապահովում է ազատ տնտեսական մրցակցություն, երկիրը չի վաճառում օլիգարխներին եւ նրանց տարածքները չի ընդլայնում քաղաքացիների տարածքի եւ թթվածնի հաշվին: Եվրոպան արժեհամակարգ դիտելու պարագայում հարկային ու մաքսային համակարգերը ազատականացվում են, ոչ թե դրվում խոշոր գործարարի տրամադրության տակ: Եվրոպան արժեհամակարգ ընկալելու պարագայում իշխանությունն ու բիզնեսը տարանջատվում են եւ խրախուսվում են անհատական ազատությունները, խրախուսվում է ազնվությունը, տաղանդը, ոչ թե ծառայելու հավատարմությունը: Եվրոպան արժեհամակարգ ընկալող իշխանությունը ընտրություններ չի կեղծում, թաղային խաժամուժի հրամանատարությամբ քաղաքապետ չի կարգում անբացատրելի միլիոններ կուտակած երիտասարդի: Եվրոպան արժեհամակարգ ընկալող պետությունը քրեական օլիգարխիայի ներկայացուցիչներին հնարավորություն չի տալիս իրենց զավակներին պատրաստել սերնդափոխության համար»:

«Հայոց Աշխարհ» թերթի խմբագիրը գրում է. - «Վերահսկիչ պալատի բացահայտումներից հետո իրավապահ մարմիններից բոլորը ակնկալում են արագ ու վճռական գործողություններ։ Ինչպես որ բղավում են անհամբեր վարորդները լուսանցույցի տակ հապաղողին՝ «շարժվի՛ր, սրանից ավելի չի կանաչելու»։ Գողերից ու կաշառակերներից պետապարատի մաքրումը սկսելու ավելի լավ առիթ կարող է երկար չլինել։ Ռազմական արվեստում կա անխախտ օրենք. ավելի լավ է գործել վատ ծրագրով, քան ընդհանրապես առանց ծրագրի։ Այս կանոնը արդարացի է ցանկացած բնագավառում։ Մի՞թե իրավապահները այս անգամ էլ կնմանվեն հարբեցողին, որը փնտրում է կորցրած ժամացույցը լապտերի տակ, քանզի այնտեղ լուսավոր է, այլ ոչ թե այնտեղ, որտեղ կորցրել է. մշտապես կլիզմա կանեն նրան, ով ավելի մոտ է։ Եվ գիտեք, կարծես թե գողերը ինչ-որ բան զգացել են եւ շուտով կփախչեն արտասահման՝ գաղտնի հաշվեհամարներում թաքցրած իրենց փողերի մոտ։ Բնակություն կհաստատեն Հարավային Ամերիկայում ինչ-որ տեղ, կփոխեն անունն ու արտաքինը. վերջ, ինչպես Երրորդ ռեյխի փախած առաջնորդները։ Գուցե պետք է միանգամից ձերբակալե՞լ նրանց, քանի դեռ ուշ չէ»։

«Օրակարգ» թերթը հրապարակել է ՍԻՎԻԼՆԵԹ-ի հարցազրույցը «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանի հետ: Պատասխանելով Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք մատակարելուն առնչվող հարցին` Մանուչարյանը, մասնավորապես, նշում է. - «Ռուսաստանն ունի վախ՝ նա պետք է չհանձնի Կովկասը, դա նրա կենսական տարածքն է: Եթե նա հանձնի Կովկասը, կփլուզվի: Դրանում համոզված են ե՛ւ ռուսները, ե՛ւ ռուսների հակառակորդները, ե՛ւ ռուսների բարեկամները: Այսինքն՝ մենք ձեզ հետ նույնպես գիտենք, որ դա այդպես է: Հույժ կարեւոր է Ռուսաստանի համար թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը, թե՛ Վրաստանը: Հիմա իրական դաշնակիցը Հայաստանն է, եւ մեր կարեւորությունը շատ մեծ է: Բայց դա չի նշանակում, որ մենք պետք է կապրիզներ կառուցեք եւ ասենք՝ սա չպետք է անես, սա չպետք է անես: Նա Ադրբեջանի հարցն էլ պետք է կարողանա լուծել ինչ-որ ձեւով»:

Նույն թեմայով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG