Մատչելիության հղումներ

Բնակիչները կանխեցին այգում նախատեսված ապամոնտաժումը


Բնակիչները թույլ չեն տվել ապամոնտաժել ավտոտնակները
please wait

No media source currently available

0:00 0:06:44 0:00

Բնակիչները թույլ չեն տվել ապամոնտաժել ավտոտնակները

Սունդուկյան 90 շենքի բնակիչները այսօր փակեցին բանվորների մուտքը` կանխելով շենքի ենտամասի այգում նախատեսված ապամոնտաժման աշխատանքները:

Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արտակ Միսկարյանը բանվորների եւ շինտեխնիկայի ուղեկցությամբ եկել էր այգի` պնդելով, թե հարակից ավտոտնակներն ու այգու մետաղական ցանկապատը ապօրինի են ու պետք է անհապաղ քանդվեն: Բնակիչների ահազանգով պուրակում էր նաեւ ավագանու «Բարեւ Երեւան» դաշինքի անդամ Ստյոպա Սաֆարյանը:

Փոխթաղապետ Արտակ Միսկարյանը հրավիրեց ոստիկաններին, ովքեր սակայն, որեւէ կերպ չմիջամտեցին եւ շինտեխնիկան հեռացավ: Արաբկիրի թաղապետարանի ներկայացուցիչները պնդում են, որ միայն ցանկանում են բարեկարգել բակը. ապամոնտաժումը սկսելուց առաջ, սակայն, բնակիչներին որեւէ նախագիծ չի ներկայացվել:

«Կարող եք հինգշաբթի օրը այցելել վարչական շրջանի ղեկավարին եւ նա ձեզ կծանոթացնի ամբող աշխատանքներին», - խորհուրդ էր տալիս Միսկարյանը` պնդելով. - «Մայթի համար պետք չէ ինչ-որ նախագիծ լինի: Սա մայթ է եղել, զավթված է այս ամբողջը, ամբողջը անօրինական է, մենք միայն բարեկարգում ենք»:

Բնակիչները, սակայն, չեն հավատում բարեկարգման վերաբերյալ պնդումներին: Նրանք հիշում են` տարիներ առաջ բուլդոզերների առաջ կանգնելով են փրկել այգին, այն ժամանակ էլ քաղաքային իշխանությունները բարձրահարկ շինություն կառուցելու մտադրություն ունեին: Նույն մտավախությունը հիմա կա. բարեկարգման քողի տակ քանդել ցանկապատը, ինչից հետո արդեն այգին փրկել չի լինի:

«Վախենում ենք, որ շենք են կառուցելու», - ասում էր բնակիչներից մեկը:

Օրեր առաջ բնակիչները թաղապետարանից ծանուցագրեր են ստացել` տասն օրվա մեջ սեփական ուժերով քանդել հիմնականում մոշինեներով պատված մետաղական ցանկապատը, հառակակ դեպքում` Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմն ինքը կապամոնտաժի` ծախսերը թողնելով բնակիչների ուսերին: Ստյոպա Սաֆարյանը այս համայնքի ղեկավարության հետ շփման փորձ ունի` Փափազյան փողոցի կրպակներն էլ այսպիսի ծանուցագրերի հիման վրա ոստիկանական բիրտ միջամտությամբ ապամոնտաժվեցին:

«Դատարանը քաղաքացու գլխին մահակ դարձած, որ եթե դու չանես, ես դատարանը կօգտագործեմ քո դեմ: Սա ուղղակի անպատվաբեր է», - ասաց Սաֆարյանը:

«Բարեւ, Երեւան» դաշինքը դիմել է Երեւանի քաղաքապետին` պահանջելով բարեկարգման նախագիծը: Ստյոպա Սաֆարյանը համոզված է` ցանկապատն ընդամենը պատրվակ է, այգին յուղոտ պատառ է:

«Երեխաներ, տարբեր մարդիկ, կմտնեն, կջարդեն, այսինքն էս տարածքը իր իմաստը կկորցնի... Ակնհայտ է, որ այստեղ բարեկարգման ետեւում կան այլ նպատակներ, եւ դրանք միգուցե այս տարվա հետ չեն կապված, բայց հաջորդ տարի կարող են իրականացնել եւ պարզվի, որ սա անխնամ տարածք է, վերջին հաշվով առաջին անգամը չէ, որ քաղաքապետարանը մեզ ասում է` տեսեք, այգիները խոզանոցի են վերածվել, տանք մասնավոր մեկին», - ասաց Սաֆարյանը:

Խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին քաղաքապետ Տարոն Մարգարյանը եկել է Սունդուկյան 90 բակ. բնակիչները պատմում էին, որ նույնիսկ իրենց շնորհակալություն է հայտնել այգին խնամելու համար: Հիմա երեւանցիները վիրավորված են սպառնալից տոնով նամակից: Այն, որ ստիպված են դույլերով ջրել այգին, դա էլ պատահականություն չեն համարում, բայց ասում են` չեն նահանջելու, տասնյակ տարիներ կարողացել են քաղաքում պտղատու այգի պահպանել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG