Մատչելիության հղումներ

«Մանանա» մշակութային կենտրոնը սկսել է նոր անիմացիոն նախագիծ: «Ավազից կենդանիներ» մուլտֆիլմերի շարքը պատմելու է հայերենի տառերի մասին պատկերավոր կերպով. յուրաքանչյուր տառի մի պատմություն կնվիրվի, որը կպատմի նաեւ այդ տառով սկսվող որեւէ կենդանու մասին: Ֆիլմաշարը կօգնի հայաստանցի եւ սփյուռքահայ երեխաներին սովորել տառերը` մուլտֆիլմեր դիտելով:

«Մանանա» կենտրոնի անիմացիայի ատուդիայում ստեղծագործում են երեխաները, ովքեր կենտրոնում սովորում են մուլտֆիլմ նկարելու ծրագրերը, զարգացնել գաղափարներ, գրել սցենարներ եւ այլն:

«Անցյալ տարի երեխաները հայտնաբերեցին իրենց համար ավազով նկարելու տեխնոլոգիան: Շատ փոքր, ձեռքով պատրաստված դազգահի վրա, հին համակարգչով սկսեցiն ֆիլմեր պատրաստել», -պատմեց կենտրոնի տնօրեն Ռուզան Բաղդասարյանը` ավելացնելով, որ դրանից հետո ծնվեց «Ավազից կենդանիներ» շարքի գաղափարը:

Շարքի առաջին մի քանի ֆիլմերը արդեն պատրաստ են: Դրանք նկարվում են ավազային տեխնոլոգիայով. հեղինակները մուլտֆիլմի կադրերը նկարում են ավազի վրա, ապա ամեն կադրը ֆիqսում է հատուկ տեսախցիկը, որից հետո արդեն համակարգչի էկրանին կադրերը իրար են միանում եւ դառնում մուլտֆիլմ:

«Մանանա» կենտրոնի անիմացիայի ստուդիայի ղեկավար, անիմատոր Արամ Մուրադյանը ասաց, որ իր երեխայի վրա է փորձարկել նախագիծը. նրա դուստր դիտել է առաջին մուլտֆիլմը կլանված ու հաճույքով, ինչից էլ մտածել են, որ շարքը մյուս երեխաներին էլ դուր կգա:

Ֆիլմաշարի նկարահանումը շարունակելու համար կենտրոնը դրամահավաք է կազմակերպել «Ինդիեգոգո» դրամահավաքի կայքի միջոցով: Կենտրոնի տնօրեն Ռուզան Բաղդասարյանը հույս հայտնեց, որ անհրաշետ գումարը կհավաքվի եւ ծրագիրը կիրագործվի, քանի որ մոտ 10 օրվա ընթացքում արդեն կարողացել են հավաքել անհրաժեշտ գումարի համարյա 25 տոկոսը:

«Ինդիեգոգո» հարթակը նախատեսված է ողջ աշխարհի մարդկանց համար, ովքեր ունեն հետաքրքիր գաղափարներ, բայց չունեն դրամական միջոցներ դրանք իրագործելու:

«Պատերացրեք` հուզվում եմ, երբ տեսնում եմ, թե ովքեր են գումար ներդրել, օրինակ, մի ամերիկացի թոշակառու ուսուցիչ, թեեւ մենք այնտեղ նշել ենք, որ այս ֆիլմերը հայերեն սովորող, հայ երեխաների համար են», - ասաց Բաղդասարյանը:
XS
SM
MD
LG