Մատչելիության հղումներ

«Ռուսաստանը ի վերջո թույլ կտա, որ Հայաստանը ինտեգրվի Եվրամիությանը»


Չեխիա - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ է ունենում Արեւելյան գործընկերության Պրահայի գագաթնաժողովում, 7-ը մայիսի, 2009թ.
Չեխիա - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ է ունենում Արեւելյան գործընկերության Պրահայի գագաթնաժողովում, 7-ը մայիսի, 2009թ.

Սերժ Սարգսյանի Լեհաստան այցի առիթով «Ազատություն» ռադիոկայանը փորձագետների հետ զրուցել է Եվրամիության եւ Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերությունների թեմայով:

Այսօր նախատեսվում է, որ պաշտոնական այցով Լեհաստան մեկնած Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպումներ կունենա Լեհաստանի բարձրագույն ղեկավարության` նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու, Սենատի նախագահի եւ վարչապետի հետ:

Երկու երկրների նախագահների բանակցությունների ավարտին նախատեսվում է մի շարք ոլորտներում համագործակցության զարգացմանն ուղղված երկկողմ փաստաթղթերի ստորագրման արարողություն:

Բանակցությունների արդյունքների վերաբերյալ նախագահներ Սերժ Սարգսյանն ու Բրոնիսլավ Կոմորովսկին հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով:

Ակնկալվում է, որ պաշտոնական այցի ընթացքում քննարկման առարկա կդառնա Եվրամիության Արեւելյան գործընկերության ծրագիրը, որի համահեղինակը եւ կարեւոր դերակատարներից մեկն է Լեհաստանը:

Մի քանի ամսից` գալիք նոյեմբերին Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում կայանալիք Եվրամիության Արեւելյան գործընկերության ծրագրում ընդգրկված երկրների գագաթնաժողովի ժամանակ սպասվում է, որ Հայաստանի հետ վերջապես կստորագրվի Ասոցացման համաձայնագիրը, ինչպես նաեւ Ազատ առեւտրի գոտու մասին պայմանագիրը:

Որոշ վերլուծաբանների համաձայն, հաշվի առնելով Ռուսաստանի կողմից գործադրվող ճնշումները` Հայաստանը այժմ երկընտրանքի առջեւ է կանգնել` ստիպված լինելով ընտրել Մաքսային միության եւ Եվրամիության միջեւ:

Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը, մինչդեռ, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ Հայաստանը շարունակում է մնալ Եվրամիության հետ կնքվելիք Ասոցացման համաձայնագրի եւ Ազատ առեւտրի գոտու մասին պայմանագրի ուղու վրա:

«Նախագահի լեհաստանյան հանդիպումները կարեւոր են նրանով, որ համընկնում են Հայաստանին Մաքսային միությունում ընդգրկելուն ուղղված Ռուսաստանի կողմից գործադրվող ճնշումների հետ, բայց ես կարծում եմ, որ Ռուսաստանի փորձերը ուշացած են ու անարդյունավետ, եւ Հայաստանի ընտրությունը որեւէ կերպ դրանով չի սահմանափակվի», - ասաց Կիրակոսյանը:

Նրա խոսքերով` խնդիրն այստեղ ոչ այնքան Հայաստանն է, որքան ռազմավարական առաջնահերթություն համարվող Ուկրաինան եւ նախկին խորհրդային մյուս երկրները, որոնց Ռուսաստանը այդ կերպ լուրջ մեսիջ է ուղարկում:

«Ես կարծում եմ, որ Ռուսաստանը ի վերջո թույլ կտա, որ Հայաստանը ապագայում ինտեգրվի Եվրամիությանը», - ասաց Ռիչարդ Կիրակոսյանը:

Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանի համոզմամբ նույնպես` Ռուսաստանի կողմից Հայաստանի նկատմամբ ճնշումներ բանեցվում են, բայց այդ ճնշումներն այնքան էլ ուժեղ չեն:

Քաղաքագետի կարծիքով` Ռուսաստանը չի փորձում կանխել Ասոցացման համաձայնագրի ստորագրումը, պարզապես գործադրվող ճնշումների միջոցով Մոսկվան փորձում է թույլ չտալ Հայաստանին շատ հեռանալ Ռուսաստանից:

«Ակնհայտ է, որ Ռուսաստանի ճնշումը մեծ չի Հայաստանի վրա, քանի որ այս ձեւի հարցերում` տնտեսական հարցերում Ռուսաստանի համար կարեւոր է ճնշել Ուկրաինային: Իրենք ամեն ինչ անում են, որ Ուկրաինա՛ն չստորագրի ասոցիատիվ այդ համաձայնագիրը, քանի որ Ուկրաինան մեծ երկիր է, այնտեղ Ռուսաստանի շահերը շատ ու շատ մեծ են, Ուկրաինայի տնտեսությունը 50 միլիարդի կարգի է, եւ այլն, եւ այլն», - ասաց Գրիգորյանը` հավելելով. - «Ինչ եմ ուզում ասել` պնդում եմ, որ Հայաստանի վրա կա ճնշում, բայց այդ ճնշումը այդքան զգալի ու մեծ չի»:

Համոզմունք հայտնելով, որ Ռուսաստանը չի փորձում կանխել Հայաստանի եւ Եվրամիության միջեւ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը, Ստեփան Գրիգորյանը շարունակեց. - «Ռուսաստանը ուղղակի փորձում է, փոքր այդ ճնշումը անելով, փորձում է, որ Հայաստանը շատ չհեռանա Ռուսաստանից: Հիշեցնեմ, որ կա ռազմական բազա, կա ռազմական համագործակցություն. այստեղ է, որ, այո, Ռուսաստանը չի հանդուրժի ոչ մի այլ քայլ Հայաստանի կողմից: Բայց Եվրամիության հետ առեւտրի ոլորտի հարաբերությունները, տնտեսական ոլորտի` ինչո՞ւ պետք է Ռուսաստանը դեմ լինի»:

«Այսինքն, Դուք ասում եք, որ Ռուսաստանը չի ուզում, որ Հայաստանը մտնի Մաքսային միություն, նրա համար գերխնդիր չէ դա», - այս հարցադրմանը քաղաքագետը արձագանքեց. - «Դա գերխնդիր չի, քանի որ մեր շուկան փոքր է, բացի դրանից` մենք ընդհանուր սահման չունենք, դա բան չի փոխի Ռուսաստանի համար»:

«Ես ինչքան հասկանում եմ` այնուամենայնիվ, Սերժ Սարգսյանի մասին է խոսքը, ինքը դա հասկանում է: Հենց դա է պատճառը, որ հետեւողական տանում է այն գործը, որը կոչվում է ասոցիատիվ պայմանագիրը: Այստեղ Հայաստանը, ինչքան ես հասկանում եմ, հետեւողական շարունակում է իր աշխատանքը, ու շատ հավանական է, որ մինչեւ Վիլնյուսը այս նախաստորագրումը` ասոցիատիվ պայմանագրի, այնուամենայնիվ, ես կարծում եմ, կլինի», - ամփոփեց Ստեփան Գրիգորյանը:

Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի կարծիքով էլ` Ռուսաստանն այսօր ավելի շատ ջանքեր է թափում Ուկրաինային Մաքսային միություն ընդգրկելու համար, սակայն Ուկրաինան արդեն իսկ հստակ հայտարարել է, որ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը իր առաջնային նպատակն է: Փորձագետի համոզմամբ` Մաքսային միությանը Հայաստանի եւ այլ երկրների միանալը կլիներ սկզբունքային եւ շատ կարեւոր, եթե այդ միության անդամ դառնար Ուկրաինան` որպես տնտեսական լուրջ հզորություն ունեցող երկիր: Նավասարդյանի խոսքով` եթե Ուկրաինան չի միանում, ապա Հայաստանի միացումը զուտ քաղաքական նշանակություն կարող է ունենալ, բայց ոչ տնտեսական, եւ այս հանգամանքը Հայաստանին հնարավորություն է տալիս ավելի ճկուն քաղաքականություն իրականացնել Ռուսաստանի հետ: Փորձագետի համոզմամբ` բանակցությունները կընթանան ոչ թե Մաքսային միությանը անդամակցելու, այլ երկկողմանի պայմանագրեր ստորագրելու շուրջ:

«Ես չեմ բացառում, որ որոշակի փորձեր դեռ կլինեն, բայց այդ փորձերը այդքան պարտադրող չեն լինելու Հայաստանի համար, որ Հայաստանը շեղվի Ասոցացման պայմանագրի ստորագրումից», - ասաց Նավասարդյանը` հավելելով, որ նոյեմբերին նախատեսված Ասոցացման համաձայնագրի նախաստորագրման ճանապարհին «մեծ խոչընդոտներ չկան»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG