Մատչելիության հղումներ

Ռուբեն Հայրապետյանի հրաժարականը պահանջող ակցիան չկայացավ


Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյան

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյան

Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիկ Մխիթարյանի տրանսֆերի հետ կապված վերջին իրադարձություններից եւ քննարկումներից հետո մի խումբ ֆեյսբուքյան օգտատերեր ֆուտբոլասերներին արդեն մի քանի օր է կոչ էին անում այսօր գալ Ֆուտբոլի ֆեդերացիայի գրասենյակի դիմաց` պահանջելու ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հրաժարականը:

Ակցիայի ֆեյսբուքյան խմբում տեղադրված հայտարարության համաձայն, կազմակերպիչները կոչ էին անում ոչ միայն ֆուտբոլասերներին, այլեւ բոլոր հայրենասեր մարդկանց գալ եւ օգնել Հենրիխ Մխիթարյանին` «միասին ազատվելու ֆուտբոլի ոլորտը սեփական բիզնես դարձրած Ռուբեն Հայրապետյանից»:

Նշված ժամին ակցիայի վայրում մեծ թվով լրագրողներ եւ ոստիկաններ կային, մինչդեռ ակցիայի մասնակիցները մոտ 10-ն էին: Նրանցից ոչ բոլորն էին խոստովանում, որ եկել էին ակցիային մասնակցելու, շատերը ասում էին, որ ուղղակի կանգնած են: Մի քանիսը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասացին, որ քիչ մարդ է եկել, քանի որ ակցիայի անցկացման մասին հայտնի դառնալուց հետո Հենրիխ Մխիթարյանը իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն էր տարածել, որտեղ ասվում էր, որ Ռուբեն Հայրապետյանը իր տրանսֆերի հետ կապված հարցերում ոչ մի խնդիր չի ստեղծում, եւ պետք չէ նրան մեղադրել ինչ-որ բաների մեջ:

Նրանք կասկածում են, որ Մխիթարյանը կարող էր նման հայտարարություն անել. նրանց խոսքով` ֆուտբոլիստը չի ցանկացել բարձրաձայնել իրականությունը, մինչդեռ իրենք ամեն ինչ հասկանում են:

Խնդիրն այն է, որ ըստ մամուլի Մխիթարյանի տրանսֆերային իրավունքների միայն մի մասն է պատկանում «Շախտյոր»-ին, իսկ մյուս մասը պատկանում է Հայաստանի ֆուտբոլի առաջնությունում հանդես եկող «Փյունիկ» ակումբին, որի միջոցով էլ ըստ ակցիայի մասնակիցների` Հայրապետյանը խոչընդոտում է Մխիթարյանի` «Լիվերպուլ» տեղափոխմանը:

Ֆեյսբուքյան խմբի հայտարարություն կոչ էր արվում նաեւ ազգային հավաքականի ՖԱՖ եւ Red Eagles ֆան ակումբներին նույնպես միանալ ակցիային: Ակցիային ֆան ակումբներն այդպես էլ չմասնակցեցին, բայց Մխիթարյանի տեղափոխման հետ կապված հարցին անդրադարձավ նաեւ Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների ՖԱՖ-ը:

Ակումբի տարածած հայտարարությունում ասվում է, որ բացառապես ցանկանալով երկրպագուների եւ ՖԱՖ ակումբի անդամների համար լույս սփռել իրականության վրա, ՖԱՖ-ի ղեղակավար խորհուրդը ցանկանում է այս հարցի վերաբերյալ հստակ պատասխան եւ պարզաբանում ստանալ ՀՖՖ-ից, քանզի որոշ տեղեկությունների համաձայն, Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի որոշակի մասնաբաժնի իրավունքը պատկանում է ՀՖՖ-ի նախագահին կամ նրա հետ ուղղակիորեն կապված անձանց կամ կազմակերպությունների:

«Կարելի է թերեւս ենթադրել, որ ՀՖՖ-ն չի կարող տեղեկացված չլինել մեր ազգային հավաքականի առաջատար խաղացողներից մեկի տրանսֆերային գործընթացի կամ դրա ձախողման իրական պատճառների մասին», - ասված է հայտարարությունում:

ՖԱՖ ակումբի անդամ Էդգարը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ այս հայտարարությունը տարածել են մինչեւ Մխիթարյանի կողմից հայտարարություն անելը, իսկ Մխիթարյանի հայտարարությունից հետո իրենց համար ամեն ինչ պարզ է:

Ի դեպ Մխիթարյանի` «Լիվերպուլ» տեղափոխման հարցը շարունակում է գտնվել մամուլի ուշադրության կենտրոնում: Այսօր անգլիական մի շարք ինտերնետային պարբերականներ ուշադրություն են հրավիրում այն փաստի վրա, որ Մխիթարյանը չի մասնակցում Ավստրիայում ուսումնամարզական հավաք անցկացնող «Շախտյոր»-ին:

Իսկ առավոտյան անգլիական «Լիվերպուլ»-ի տրանսֆերների մասին տեղեկացնող LFC Transfer Update-ը թվիթթերի էջում տեղեկություն էր հայտնվել, որ Մխիթարյանի տեղափոխման գործարքը արդեն կայացել է, մինչդեռ այս գրառումը քիչ անց հեռացվել է էջից:

XS
SM
MD
LG