Մատչելիության հղումներ

ԲՈՀ-ի նախագահ. «Ինձ պետք էր շնորհակալություն հայտնել հարցով զբաղվելու համար»


Օրեր առաջ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը խիստ նկատողություն է տվել Բարձրագույն որակավորման հանձնաժողովի (ԲՈՀ) նախագահ Արտյուշա Ղուկասյանին: Վերջինս ուրբաթ օրը նամակ է գրել վարչապետ Տիգրան Սարգսյանին, Կրթության նախարար Արմեն Աշոտյանին, նաեւ դիմել է Հանրային խորհրդին` բացատրելով, թե ինչու է ոչ իրավաչափ համարում իրեն տրված նկատողությունը:

«Ես համարում եմ այդ նկատողությունը ոչ իրավաչափ», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Արտյուշա Ղուկասյանը:

Նշենք, որ ԲՈՀ-ի նախագահին նկատողություն է տրվել «հանձնարարականների թերի կատարման համար»:

Մարտին մի խումբ երիտասարդ գիտնականներ դիմել էին Կրթության նախարարին ԲՈՀ-ի կանոնակարգում փոփոխություններ կատարելու առաջարկներով, որոնք, մասնավորապես, վերաբերում էին գիտական կոչում ստանալու, գիտական թեզը պաշտպանելու գործընթացը ավելի թափանցիկ դարձնելուն, ինչպես նաեւ միջազգային պարբերականներում տպագիր հոդվածը ունենալը պարտադիր դարձնելուն:

Կրթության նախարարությունը մարտին կազմակերպել էր քննարկում Արտյուշա Ղուկասյանի, Արմեն Աշոտյանի եւ գիտնականների խմբի մասնակցությամբ: Նախարարը հանձնարարել էլ ԲՈՀ-ի նախագահին զբաղվել երիտասարդ գիտնականների առաջարկություններով:

Հարցին, թե արդյոք այս հանձնարարականի թերի կատարմանն է վերաբերում նկատողությունը, Արտյուշա Ղուկասյանին պատասխանեց, որ նման բան չէր կարող լինել:

Նրա խոսքով, գիտական աստիճանաշնորհման գործընթացում փոփոխություններ կարող է կատարել միայն ՀՀ կառավարությունը, որին իրավասու է դիմել Կրթության նախարարությունըեւ ոչ թե Բարձրագույն որակավորման հանձանժողովը, հետեւաբար ինքը չէր կարող դիմել, որպեսզի Կառավարությունը փոխեր գիտական աստիճաններ շնորհելու կարգը:

«Ինչպիսի քննարկում էլ լիներ, ԲՈՀ-ը այդ իրավասությունները չունի, նախարարն ունի այդ իրավունքը [կառավարությունը դիմելու]», - ասաց Արտյուշա Ղուկասյանը:

ԲՈՀ-ի նախագահը նկատողությունը ոչ իրավաչափ է համարում, բայց միեւնույն ժամանակ կասկած է հայտնում, որ գուցե լավ չի հասկացել նախարարի նկատողությունը. - «Կարող է ե՞ս ճիշտ չեմ հասկացել նախարարի նկատողությունը, որովհետեւ հրամանից չի երեւում, թե կոնկրետ ինչ հարցադրում էր նախարարը ակնկալում, որը չի լուծվել ԲՈՀ-ի կողմից»:

Մարտին կրթության նախարարությունում երիտասադ գիտնականների առաջարկները քննարկելու համար հրավիրված հանդիպմանը ներկա էր նաեւ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի գիտաշխատող Հովակիմ Զաքարյանը, ով «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ, իր կարծիքով, Արտյուշա Ղուկասյանը նկատողություն է ստացել, որովհետեւ չի կատարել այդ հանդիպման ժամանակ տրված նախարարի հանձնարարությունը: Ըստ գիտնականի` նախարարը հանձնարարել էր շարունակել քննարկումները եւ ներկայացնել առաջակություններ:

«Ինձնից եւ պարոն Ղուկասյանից բացի, այլ մարդիկ էլ կային, որ կարող են հստակ ասել, թե ինչ է հանձնարարվել եւ ինչպես: Հանձնարարվել էր, որպեսզի մեր առաջարկները ներառվեն [փոփոխություններում], բացի այդ` մեզ հետ շարունակվեն քննարկումները, որպեսզի տրվեն ճիշտ ձեւակերպումներ», - ասաց Հովակիմ Զաքարյանը:

Ինչպես բացատրեց Արտյուշա Ղուկասյանը, առաջարկություններ ներկայացնել ինքը չէր կարող, իսկ երիտասարդների առաջարկի վերաբերյալ քննարկում կազմակերպվել է ԲՈՀ-ում, որին մասնակցել են ոչ միայն առաջարկություններով հանդես եկած գիտնականները, այլեւ գիտնականների մեկ այլ խումբ Ազգագրության ինստիտուտից, որոնք համաձայն չեն երիտասադ գիտնականների առաջարկներին:

Արտյուշա Ղուկասյանն ասաց, որ իրեն պետք է շնորհակալություն հայտնել հարցով զբաղվելու համար, ոչ թե հակառակը:

«Դա գործընթաց է: Գործընթացը կշարունակվի, եթե իրենք ցանկություն ունենան, կշարունակվի ակադեմիական գիտնականների հետ միասին եւ վերջնական առաջարկությունը, որ մեր կողմից կկատարվի, դրա մասին տեղյակ կլինեն բոլորը: Երիտասարդների առաջարկությունների մեջ կան շատ հետաքրքիր կետեր, որոնք ընդունելի են», - ասաց Ղուկասյանը:

Հովակիմ Զաքարյանը, սակայն, ասաց, որ դա ոչ թե հանդիպում էր, այլ բանավեճ իրենց եւ երիտասարդ գիտնականների մեկ այլ խմբի միջեւ, որոնք համաձայն չէին իրենց առաջակություններին:

Այս հարցերի վերաբերյալ մեզ չհաջողվեց զրուցել Կրթության նախարարի հետ, որովհետեւ նախարարությունից մեզ հայտնեցին, որ նախարարն այժմ գտնվում է Հորդանանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG