Մատչելիության հղումներ

Երկուշաբթի առավոտյան Արմավիրի մարզի մի քանի գյուղերի բնակիչներ փորձում էին փակել Խանջյան գյուղից դեպի մարզկենտրոն Արմավիր տանող ճանապարհը` այս անգամ բողոքելով ծիրանի իրացման կազմակերպման դեմ:

«Գյուղերում ոչ մի փոխադրող ընկերություն չկա: Եթե նույնիսկ լինում են, 15 կիլոգրամանոց արկղը տանում են 10 կիլոյի տակ: Գալիս է կիլոն 100 դրամ: Այդ հարյուր դրամն իր հերթին: Տանող էլ չկա», - բողոքը ձեւակերպեց ակցիայի մասնակիցներից մեկը:

Նրանք ասացին, որ մայրուղու վրա ծիրանը վաճառքի դրել են, բայց չեն կարողանում վաճառել. - «Առավոտից իրիկուն շոշին դնում ենք ծիրանը, մի կիլո չենք կարողանում ծախենք»:

Ակցիայի մասնակիցներն ասում էին, որ մաքսայինը բարձր գին է սահմանել արտահանման համար, եւ դա է պատճառը, որ վրացիներն էլ չեն կարողանում հայկական ծիրան ներմուծել:

«Հայաստանի Հանրապեոտւթյունում որեւէ մաքսավճարի տարբերություն կամ գումարի ավելացում չկա», - պարզաբանեց ոստիկանության ներկայացուցիչր:

Խանջյան գյուղի գյուղապետ Սամվել Ավագյանը եւս գյուղացիների կողքին էր եւ համարում էր, որ գյուղացիների պահանջն արդարացի է. - «Համամիտ եմ, որ հարցը լուծվի: Ինձ թվում է, որ շտապ կարգով պետք է գործարաններն ընդունեն»:

Գյուղացիները պահանջում էին, որ իրենց այցելի գյուղնախարարը: Փորձեցին փակել ավտոճանապարհը, բայց տեղի տալով ոստիկաններին հորդորներին, հրաժարվեցին այդ մտադրությունից:

Գյուղնախարարը, սակայն, այդպես էլ չեկավ: Փոխարենը կեսօրին եկավ մարզպետ Աշոտ Ղահրամանյանը` ասելով, թե ճանապարհ փակելով հարց չի լուծվում:

Մարզպետի խոսքով, ճանապարհը փակել փորձելու փոխարեն, գյուղացիները պետք է գյուղապետարաններում բարձրաձայնեին իրենց խնդիրները:

Ղահրամանյանը բողոքավորներին փոխանցեց, որ հարցն այսօր քննարկելու է ծիրան մթերող ընկերությունների ղեկավարների հետ:Գյուղացիներին, սակայն, այդ պատասխանը չգոհացրեց:

Գյուղացիներից մի քանիսն ասացին, թե «Սպայկա» ընկերությունը դեռ անցած տարվանից չի վճարել մթերած ծիրանի գումարը:

Ընկերության նախագծերի կառավարման բաժնի ղեկավարը, սակայն, «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ «Սպայկա»-ն պարտք չունի. - «Անցած տարի եղել են անպատասխանտու մարդիկ, ովքեր աշխատել են մեր ընկերության հետ ու իրենց պատրավորությունները ֆերմերի առաջ չեն արդարացրել, բայց գումարը ստացել են ընկերությունից»:

Գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը Արմավիրի մարզպետարանում անցկացված խորհրդակցությունից հետո «Ազատություն» ռադիոկայանին ասաց. - «Որոշվեց, որ վաղվանից կմտնենք գյուղեր եւ արդեն գինը կպայնավորվենք գյուղացիների հետ, որպեսզի իրականացնենք մթերում եւ այնուհետեւ արտահանենք»:

Մարզպետ Ղահրամանյանի այցից հետո բողոքի ակցիայի մասնակիցները ցրվեցին` սպասելով որոշակի լուծումների:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG