Մատչելիության հղումներ

Վրաստանի խորհրդարանում կարող է բարձրացվել Սաակաշվիլիի իմփիչմենթի հարցը


Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի եւ վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի հանդիպումներից մեկը

Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի եւ վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի հանդիպումներից մեկը

Իվանիշվիլին, իր հերթին, հայտարարում է հոկտեմբերյան ընտրություններից հետո պաշտոնը թողնելու մտադրության մասին:

Այս շաբաթվա ընթացքում հնարավոր է` Վրաստանի խորհրդարանական մեծամասնությունը բարձրացնի երկրի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին իմփիչմենթ հայտնելու, այսինքն` նրա պաշտոնանկության հարցը:

Համենայն դեպս, կիրակի օրը կայացած ճեպազրույցում խորհրդարանի մեծամասնության ներկայացուցիչ Գիա Ժորժոլիանին ասել է, որ մեծամասնությունը պատրաստվում է դիմել այդ քայլին: Նրա կարծիքով` բավականին հիմքեր կան երկրի նախագահին իմփիչմենթ հայտնելու համար:

Ժորժոլիանին ասել է, թե ինքը` որպես պատգամավոր, չորեքշաբթի օրը կայանալիք խորհրդարանի լիագումար նիստին հանդես կգա համապատասխան նախաձեռնությամբ` նախագահի իմփիչմենթի գործընթացը իրականացնելու համար: Նա համոզմունք է հայտնել, որ խորհրդարանի մեծ մասը ամբողջովին կպաշտպանի այդ նախաձեռնությունը:

Սակայն մոտ ապագայում` հոկտեմբերին Վրաստանում նախագահական ընտրություններ են անցկացվելու, ի՞նչ իմաստ ունի այս մի քանի ամսվա մեջ սկսել երկրի ղեկավարի պաշտոնանկության գործընթացը: Այս կապակցությամբ պատգամավորը տվել է հետեւյալ պարզաբանումը. - «Դա նրա համար չի արվում, որ Սաակաշվիլին այլեւս նախագահ չլինի` առանց այդ էլ հոկտեմբերին դա տեղի կունենա, այլ` նրա համար, որ մեր հանրությունը լիովին գիտակցի հանցավոր ռեժիմի աղետալի հետեւանքները երկրի համար»:

Բայց նույն օրը պաշտոնից հեռանալու մտադրության մասին խոսել է «Վրացական երազանք» դաշինքի հիմնադիր, երկրի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին, ում դաշինքն էլ խորհրդարանում մեծամասնություն է կազմում: Նա լրագրողներին ասել է, թե նախագահական ընտրություններից հետո Վրաստանում բոլորովին այլ իրավիճակ է ստեղծվելու, իր օգնության կարիքը կառավարությունը չի ունենա, եւ ինքը մտադիր է զբաղվել հանրային գործունեությամբ, նոր լիցքերով ակտիվացնել քաղաքացիական հասարակությունը:

Ավելի վաղ էստոնական Postimees պարբերականին տված հարցազրույցում Իվանիշվիլին ասել էր, թե նախագահական ընտրություններից մի քանի օր անց կհեռանա վարչապետի պաշտոնից:

Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, կիրակի օրը արձագանքելով վարչապետի պաշտոնից հեռանալու մտադրության մասին Իվանիշվիլիի հայտարարություններին, դրանք բնորոշել է որպես «չմտածված» եւ «ժամանակավրեպ»: Սաակաշվիլին ասել է, թե պետությունը մանկապարտեզ չէ, եւ անհրաժեշտ է լուրջ վերաբերվել երկրի ճակատագրին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG