Մատչելիության հղումներ

3G ցանց՝ Լեռնային Ղարաբաղում


Լեռնային Ղարաբաղ -- «Ղարաբաղ տելեկոմի» սեփականատեր Պիեր Ֆատուշը 3G ցանցի շնորհանդեսի ժամանակ, Ստեփանակերտ, 22-ը հունիսի, 2013թ․

Լեռնային Ղարաբաղ -- «Ղարաբաղ տելեկոմի» սեփականատեր Պիեր Ֆատուշը 3G ցանցի շնորհանդեսի ժամանակ, Ստեփանակերտ, 22-ը հունիսի, 2013թ․

Այսուհետեւ Լեռնային Ղարաբաղում կգործի երրորդ սերնդի շարժական ինտերնետային ցանցը։

«Ղարաբաղ տելեկոմ» ընկերությունն այսօր պաշտոնապես տվեց իր 3G ցանցի մեկնարկը։ Այս առնչությամբ կազմակերպված շնորհանդեսին ներկա էր նաեւ ընկերության սեփականատեր, լիբանանցի գործարար Պիեռ Ֆատուշը, ով, ի դեպ, առաջին գործարաներից էր, ով Լեռնային Ղարաբաղում ներդրում արեց:

«Ղարաբաղ տելեկոմ» ընկերությունը Լեռնային Ղարաբաղում գործում է շուրջ 10 տարի: 2002 թվականի հոկտեմբերից ընկերությունը սկսել է տրամադրել ինտերնետի ծառայություններ Ստեփանակերտում, իսկ 2003-ից՝ բոլոր շրջաններում:

Նշենք, որ այս ընկերության մատուցած ծառայությունների սակագները եւ որակը մշտապես դժգությունների տեղիք էին տալիս բաժանորդների շրջանում։ Վերջին երկու տարիներին ընկերությունը համեմատաբար բարելավեց ծառայությունների որակը եւ էական զեղչեր հայտարարեց թե՛ ինտերնետի, եւ թե՛ հեռախոսակապի ծառայությունների համար։ «Ղարաբաղ տելեկոմի» եւ ԼՂ կառավարության միջեւ կնքված գաղտնի պայմանագրի համաձայն այդ ոլորտում աշխատելու մենաշնորհը երեսուն տարի տեւողությամբ «Ղարաբաղ տելեկոմինն» է: Միեւնույն ժամանակ, «Ղարաբաղ տելեկոմը» հանդիսանում է Ղարաբաղի խոշոր հարկատուներից մեկը եւ ամենախոշոր գործատուն է։

Այսօր Լեռնային Ղարաբաղի կառավարության ղեկավարի հետ հանդիպման ընթացքում, Արա Հարությունյանի փոխանցմամբ, «Ղարաբաղ տելեկոմի» ղեկավարը մի շարք խոստումներ է տվել. նոր ներդրումներ Ղարաբաղում, բարեգործական մի շարք ծրագրեր եւ ամեն տարի մեկ նոր ծառայության մեկնարկ։

«Ես հաճախակի եմ հանդիպել նրա հետ Արցախից դուրս՝ Հայաստանում, Լիբանանում։ Բոլոր հանդիպումներում նա ընդգծել է, որ Արցախը սիրում է ինչպես Լիբանանը», - ասաց Արա Հարությունյնաը։

Լրագրողների հետ զրույցում Պիեռ Ֆատուշը հայտարարել է, թե Ղարաբաղ չի եկել միայն փող աշխատելու համար, այլեւ երկրի կողքին լինելու՝ տարբեր խնդիրների լուծման ժամանակ․ - «Մենք համարում ենք «Ղարաբաղ տելեկոմում», որ այս ընկերությունը մաս կկազմի այս երկրի, այս պետության։ Եվ մենք համարում ենք, որ ինքը ազգային ընկերություն է, պատկանում է Արցախին եւ Արցախի ժողովրդին։ Մենք մտածել ենք ու մտածում ենք, որ ապագայում այլ ներդրումներ իրականացնենք, որ նորից նոր աշխատատեղեր ստեղծենք, որ օգնած լինենք Արցախի ժողովրդին»։

Ի դեպ, «Ղարաբաղ Տեկոկոմն» այսուհետ հանդես կգա արդեն նոր տարբերանշանով՝ մանուշակագույն եւ սպիտակ գույների համադրությամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG