Մատչելիության հղումներ

Ստամբուլահայ խմբագիրը քաղաքական վերադասավորումներ է կանխատեսում


«Թուրքիայում հավանական է ուժերի վերադասավորումներ, եւ որոշ դեմքերի փոփոխություններ»
please wait

No media source currently available

0:00 0:02:22 0:00

Ստամբուլի «Ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանի համոզմամբ, Թուրքիայում տեղի ունեցած ժողովրդական հուզումներն իրենց ազդեցությունը կունենան այդ երկրի իշխանական համակարգի վրա։

Նման կարծիք Գոչունյանը հայտնեց այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում` չմանրամասնելով, սակայն, թե ո՞ր դեմքերի կամ իշխանական ո՞ր օղակներում սպասվող փոփոխությունների մասին է խոսքը:

Հատկանշական է, որ այդքանով հանդերձ ստամբուլահայ խմբագիրը քիչ հավանական համարեց, որ տեղի ունեցած հուզումները կարող են պատճառ հանդիսանալ, որպեսզի առաջիկա ընտրությունների արդյունքում Թուրքիայում իշխանություն փոխվի:

«Հիմա հանդարտ է, առօրյա կյանքը բնականոն հունին վերադարձել է։ Բայց մենք պիտի հաշվի առնենք, որ 2014 թվականին երկու կարեւոր ընտրություններ են նախատեսվում», - նշեց նա՝ պարզաբանելով, որ սպասվում են տեղական ինքնակառավարման, ինչպես նաեւ Թուրքիայի պատմության մեջ առաջին անգամ՝ նախագահի՝ ժողովրդական քվեարկությամբ ընտրություններ։

Արա Գոչունյանը կարծիք հայտնեց, որ վերջին շաբաթներին տեղի ունեցած ժողովրդական հուզումները առաջիկա ընտրություններում կարեւոր գործոն կհանդիսանան․ - «Իշխանափոխություն դժվար թե տեղի ունենա, որովհետեւ այս պահի դրությամբ վարչապետ Էրդողանի կողմից ղեկավարված AK կուսակցության դիրքերը, ժողովրդական հենարանը բավականին ամուր է, բայց մենք կարող ենք ասել, որ իշխանության ամենաբարձր օղակներից սկսած ուժերի վերադասավորումներ եւ որոշ դեմքերի փոփոխություններ կարող են տեղի ունենալ»։

Թուրքիայի խոշոր քաղաքներում` Ստամբուլում, Անկարայում եւ այլուր, ավելի քան երեք շաբաթ տեղի ունեցած ժողովրդական հուզումների եւ ի պատասխան իշխանությունների կիրառած կոշտ հակազդեցության հետեւանքով պաշտոնական տվյալներով զոհվեցին հինգ հոգի` այդ թվում մեկ ոստիկան, տուժածների թիվը հասավ 5 հազարի:

Նախապես ծագելով բնապահպանական խնդրից՝ ցուցարարները հանդես էին գալիս ի պաշտպանություն Ստամբուլի Գեզի հանրային այգու, շարժումը ձեւափոխվեց քաղաքականի, որի պահանջն էր վարչապետ Էրդողանի հրաժարականը, ում գլխավորած «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը Թուրքիայում իշխում է 2002թ. նոյեմբերից:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին՝ ի՞նչ ազդեցություն ունեցան վերջին շաբաթների իրադարձությունները հայ համայնքի վրա, Արա Գոչունյանը նկատեց, որ Թուրքիայում տեղի ունեցող ցանկացած իրադարձություն ի վերջո ազդեցություն թողնում է ազգային փոքրամասնություն հանդիսացող հայ համայնքի վրա։

«Երկրի ոչ իսլամ փոքրամասնական համայնքներից որեւէ մեկը՝ ներառյալ հայերը, հույները, հրեաները եւ այլն, ոչ մի ձեւով պաշտոնական արձագանք չտվեցին», - նշեց Գոչունյանը՝ հավելելով․ - «Փոքրամասնությունները՝ ներառյալ հայերը, կարեւոր ներկայություն ունեն երկրում, բայց մենք պետք է ընդունենք, որ ներքաղաքական գործընթացների վրա ազդելու իմաստով գործոն չեն։ Եվ երբ իրենք գործոն չեն, բայց ուղղակիորեն ազդվում են այդ բոլորից, բնականաբար այս վիճակում մտահոգիչ իրավիճակ առաջացավ, քանի որ փոքրամասնությունները երկրի ներքին համերաշխության արժեքը բարձր են գնահատում։ Բայց հետո, բարեբախտաբար, մտահոգիչ հեռանկարները չիրականացան»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG