Մատչելիության հղումներ

Հայաստան - ԵՄ հարաբերությունները «կթեւակոխեն նոր մակարդակ»


Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Քեթրին Լիչը «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում հույս հայտնեց, որ գալիք նոյեբերին կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթնաժողովից հետո Հայաստանի հարաբերությունները Եվրամիության կթեւակոխեն նոր մակարդակ:

Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում կայանալիք Եվրամիության Արեւելյան գործընկերության ծրագրում ընդգրկված երկրների գագաթնաժողովի ժամանակ սպասվում է, որ Հայաստանի հետ կստորագրվի Ասոցացման համաձայնագիրն ու Ազատ առեւտրի գոտու մասին պայմանագիրը:

Դիտարկմանը, թե շատ է քննարկվում հարցը, որ Հայաստանը կանգնած է երկընտրանքի առջեւ` Եվրասիական միությո՞ւն, թե՞ Եվրոպական միություն, որոշ վերլուծաբաններ ու քաղաքական գործիչներ նշում են, թե Ռուսաստանն այս հարցում ճնշում է գործադրում Հայաստանի վրա, եւ հարցին, թե ինչ կարող է ասել այդ կապակցությամբ, դեսպան Լիչը պատասխանեց. - «Հայաստանի նման փոքր երկրի համար, որն առավել եւս ունի երկու փակ սահման, ընտրություն ունենալը կարեւոր է, որպեսզի կարողանա հարաբերություններ զարգացնել տարբեր ուղղություններով: Մենք հասկանում ենք, որ Ռուսաստանն ունի եւ ունենալու է ռազմավարական կարեւորություն Հայաստանի համար, բայց շատ ենք ուզում նաեւ, որ որքան հնարավոր է Հայաստանը մոտենա Եվրոպային: Ուստի, մենք իրապես հույս ունենք, որ վիլնյուսյան գագաթնաժողովում առաջընթաց կգրանցվի եւ կստորագրվեն Ասոցացման համաձայնագիրը եւ Ազատ առեւտրի գոտու մասին պայմանագիրը: Կարող ենք օրինակ բերել, որ այլ եվրոպական երկրները, որ անցել են այդ ճանապարհով, շատ դրականորեն կարգավորել են իրենց ներքին կյանքը: Ամեն դեպքում Հայաստանը ինքը պետք է որոշի: Սակայն ինչ վերաբերվում է եվրոպական կողմին` մենք հուսով ենք, որ Հայաստանը կմոտենա Եվրոպային որքան կարող է»:

Հարցին, թե անձամբ ինքը տեսնո՞ւմ է Ռուսաստանի կողմից Հայաստանի նկատմամբ գործադրվող ճնշման դրսեւորումներ, դեսպանը պատասխանեց. - «Կարծում եմ, պատմությունը եւ Հայաստանի աշխարհագրական դիրքը անընդհատ հարկադրելու են Հայաստանին կշռելու դրականն ու բացասականը այս ընտրության ժամանակ: Ինչ վերաբերում է գազի գնին… ես նույն սենյակում չեմ եղել բանակցողների հետ, ուստի տեղյակ չեմ»:

Օրերս Միացյալ Թագավորությունում կայացած Մեծ ութնյակի գագաթնաժողովի ժամանակ հայտարարություն ընդունվեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարները համատեղ հայտարարությամբ ընդգծեցին, որ ռազմական գործողությունների վերսկսումը աղետալի հետեւանքներ կունենա եւ որ միայն բանակցությունների միջոցով կարելի է հասնել հարատեւ կարգավորման ու խաղաղության:

Հարցին, թե ինչպիսի զարգացումներ է ակնկալում ղարաբաղյան բանակցություններում, Քեթրին Լիչը պատասխանեց. - «Գիտենք, որ Մեծ ութնյակի շրջանակներում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարների կողմից արվեց հայտարարություն: Այն շատ կարեւոր մի վերահաստատում է, որ միջազգային հանրությունը ցանկանում է տեսնել, որ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է շարունակեն բանակցել ու հանգեն լուծման: Ռազմական ծախսերի աճը չի բերի վստահության մթնոլորտի ամրապնդմանը կողմերի միջեւ, եւ հակամարտության կողմերի առաջնորդները պետք է պատրաստեն իրենց հասարակություններին խաղաղության ու ոչ թե պատերազմի: Հուսով եմ, որ միջազգային հանրությունը կաջակցի ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին»:

Անդրադառնալով Թուրքիայի կողմից Հայաստանի հետ սահմանը փակ պահելուն` Միացյալ Թագավորության դեսպանն ասաց. - «Հնարավորինս ամեն ինչ ցանկանում ենք անել, որ [հայ-թուրքական] հաշտեցումը տեղի ունենա: Փակ սահմանը Եվրոպայում այն չէ, ինչ մենք ցանկանում ենք տեսնել: Մենք` որպես Միացյալ Թագավորություն ու Եվրամիության անդամ երկիր, սատարում ենք հայ-թուրքական հարաբերությունները նորմալացման գործընթացը եւ շարունակում ենք կոչ անել, որ հայ-թուրքական արձանագրությունները պետք է վավերացվեն առանց նախապայմանների»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG