Մատչելիության հղումներ

Գազով եւ նավթով հարուստ Ադրբեջանը կարեւոր գործընկեր է Եվրամիության համար, այդուամենայնիվ, երկկողմ հարաբերությունները խորացնելու համար Բրյուսելը նախապայման է դնում նաեւ ժողովրդավարություն զարգացումն ու ղարաբաղյան խնդրի կարգավորումը։

Մոտավորապես սա էր Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպույի ուղերձը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին, ով այսօր Բրյուսելում հանդիպումներ է ունենում Եվրամիության պաշտոնյաների հետ:

«Մենք բաց, անկեղծ եւ կառուցողական քննարկում ունեցանք Իլհամ Ալիեւի հետ, ես վերահաստատեցի, որ Ադրբեջանը շատ կարեւոր գործընկեր է Եվրամիության համար, մենք շատ բաների ենք հասել էներգետիկ ոլորտում՝ համատեղ աշխատանքի շնորհիվ, բայց կարող ենք ավելին անել», - հայտարարեց Եվրոպական խորհրդի նախագահն ու հավելեց, որ փակ դռների ետեւում անդրադարձ է եղել ոչ միայն էներգետիկ ծրագրերին, այլեւ ժողովրդավարությանը վերաբերող հարցերին:

«Եվրամիությունը հույս ունի, որ առաջիկա հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրությունները կանցկացվեն ամենաբարձր չափանիշներին համապատասխան»,- հայտարարեց վան Ռոմպույը:

«Ես եւս մեկ անգամ ընդգծեցի, որ կայունությունն ու բարգավաճումը կարող են տեւական լինել միայն օրենքի գերիշխանության, ժողովրդավարական կառույցների եւ դինամիկ քաղաքացիական հասարակության առկայության պայմաններում»,- իր հերթին հայտարարեց Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն:

Հեշեցնենք՝ Ալիեւի Բրյուսել կատարած այցից առաջ մի շարք իրավապաշտպան կազմակերպություններ դիմել էին եվրոպացի պաշտոնյաներին՝ հորդորելով ուշադրության կենտրոնում պահել ոչ միայն էներգետիկ հարցերը, այլեւ ժողովրդավարությունն ու մարդու իրավունքների պաշտպանությունը: Այս ոլորտում Ադրբեջանի կառավարության որդեգրած քաղաքականությունը հակասում է ստանձնած միջազգային պարտավորություններին, ապակայունացնում է երկիրն ու խորացնում է հասարակության բեւեռացումը եւ այլախոհությունը մղում ընդհատակ, Ալիեւի այցից առաջ Եվրահանձնաժողովի նախագահին հղած նամակում գրել էր հեղինակավոր Human Rights Watch կազմակերպությունը։

Արձագանքելով այս նամակներին ու քննադատություններին՝ այսօր Իլհամ Ալիեւը Բրյուսելում հայտարարեց, թե իր երկրում քաղբանտարկյալներ չկան, հավաքների եւ խոսքի ազատությունը լիուլի պաշտպանվում է, կուսակցությունները գործում են անկաշկանդ, իշխանություններն էլ ամեն ինչ անում են՝ Եվրոպական արժեքներին ու չափանիշներին մոտենալու համար:

«Մենք ամբողջովին կատարում ենք մեր ստանձնած պարտավորությունները՝ ժողովրդավարական զարգացման, մարդու իրավունքների եւ այլ ազատությունների վերաբերյալ։ Ադրբեջանը ժողովրդավարական երկիր է, երկիր, որը զարգանում է արագ, իրագործում է քաղաքական բարեփոխումներ եւ շատ սերտ հարաբերություններ զարգացնում Եվրախորհրդի եւ Եվրամիության հետ», - ասել է Ադրբեջանի նախագահը։

Ասուլիսին ներկա «Ազատություն» ռադիոկայանի թղթակիցը հետաքրքրվել էր՝ ինչպես է Ադրբեջանի կառավարությունը երաշխավորելու Եվրամիության պահանջած ազատ եւ արդար ընտրությունները, եթե այսօր արդեն Ալիեւի մրցակիցներից մեկը ձերբակալված է, արեւմտյան լրատվամիջոցները՝ այդ թվում «Ազատություն» ռադիոկայանն էլ հայտարարում են իրենց լուրերը խլացնելու եւ աշխատանքին խոչընդոտելու մասին:

«Ընտրություններին դեռ բավականին ժամանակ կա, նախընտրական արշավը դեռ չի սկսվել»,-պատասխանել է Իլհամ Ալիեւը եւ հավաստիացրել, թե իշխող վարչակազմը պատրաստ է հրավիրել դիտորդների Եվրոպայից, եվրոպական կառույցներից, ինչպես նաեւ ապահովել, որ բոլոր թեկնածուները ներկայացնեն իրենց ծրագրերը, ժողովուրդն էլ ազատորեն կատարի իր ընտրությունը:

«Ազատություն» ռադիոկայանի թղթակիցը այս հարցով նաեւ Եվրահանձնաժողովի նախագահին է դիմել՝ հետաքրքրվելով, արդյոք ժողովրդավարության ու խոսքի ազատության այսօրվա մակարդակով Ադրբեջանը կարող է հավակնել Եվրամիության առաջարկած ասոցիացված համաձայնագրին: Ժոզե Մանուել Բարոզուն բավական դիվանագիտական պատասխան է տվել՝ խոսելով թե՛ թերությունների, թե՛ արձանագրված առաջընթացի մասին. - «Մինչեւ վերջին տարիները Ադրբեջանը սովետական բռնապետական վարչակազմի մի մասն էր, այնպես որ, նայելով ներկայիս Ադրբեջանին՝ պետք է արդարացիորեն ընդունենք, որ ահռելի առաջընթաց է արձանագրվել։ Սա, սակայն, չի նշանակում, թե Ադրբեջանում այժմ առկա բոլոր չափանիշները համապատասխանում են մեր պատկերացումներին եւ տեսակետներին, եւ մենք հենց այս հարցի շուրջ շատ լավ քննարկում ենք ունեցել նախագահ Ալիեւի հետ»:

Ժողովրդավարության զարգացումից բացի եվրոպացի պաշտոնյաները նաեւ ընդգծեցին ղարաբաղյան խնդիրը կարգավորելու անհրաժեշտությունը՝ լիակատար աջակցություն հայտնելով ԵԱՀԿ Մինսկի խմբին ու համանախագահող երկրների կողմից վերջերս հրապարակված համատեղ հայտարարությանը՝ մեծ ութնյակի գագաթնաժողովում:

«Առանց ղարաբաղյան խնդրի արդարացի լուծման՝ անհնար է Հարավային Կովկասում կայունություն հաստատել», - հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպույը՝ ընդգծելով, որ պաշտոնական Բրյուսելը պատրաստ է ավելացնել ջանքերը կողմերի միջեւ վստահությունն ամրապնդելու ուղղությամբ;

«Ադրբեջանը բոլորից շատ է շահագրգռված այս խնդրի կարգավորմամբ», - ի պատասխան հայտարարեց Իլհամ Ալիեւը՝ պատճառաբանելով. - «Մեր հողերը գրավված են, ոչ միայն Ղարաբաղը, այլեւ շրջակա 7 տարածքները արդեն 20 տարուց ավելի գտնվում են հայկական ուժերի օկուպացիայի տակ. մենք պետք է վերջ տանք այս իրավիճակին։ Ազգերի ինքնորոշման իրավունքը չպետք է հակասի այլ երկրների տարածքային ամբողջականությանը, Հայաստանն արդեն ընտրել է իր ապագան, նրանք հայկական պետություն ունեն, եւ Ադրբեջանի տարածքում հայկական երկրորդ պետության ստեղծումը անընդունելի է»։

Բանակցությունների հիմնական առանցքը, սակայն, էներգետիկ ծրագրերն էին, նախագահական ընտրություններից ամիսներ առաջ Բրյուսել կատարած այցի ընթացքում նախագահ Ալիեւը եւս մեկ անգամ վստահեցրեց, որ Բաքուն Եվրոպան դիտարկում է որպես երկարաժամկետ ու ահռելի շուկա իր ազգի համար եւ պատրաստ է առաջարկել է իր ծառայությունները՝ եվրոպական երկրների էներգետիկ անվտանգությունը բարձրացնելու համար։

«Ընդ որում, մենք պատրաստ ենք Եվրոպային գազ մատակարարել ոչ միայն Շահ Դենիզ հանքավայրից, մենք ունենք առնվազն 3 տրիլիոն խորանարդ մետր գազ, ինչը նշանակում է, որ կապույտ վառելիքը կբավականացնի այսօր սեղանին առկա գազային բոլոր ծրագրերին՝ դիմելով Եվրամիության առաջնորդներին»,- հավաստիացրեց Ադրբեջանի նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG