Մատչելիության հղումներ

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը զբաղվում է մոտ մեկ շաբաթ թուրքական բանտում պահվող իրաքահայի հարցով:

Հայաստանի քաղաքացի, իրաքահայ Արա Էդուարդ Հոսեփի հարազատները դիմել են Հայաստանի Սփյուռքի նախարարություն՝ խնդրելով աջակցել նրան Հայաստան տեղափոխելու հարցում:

32-ամյա Արա Հոսեփը, ինչպես հարազատներն են վկայում, Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրով է մուտք գործել Թուրքիա:

Նա հունիսի 14-ից գտնվում է Էրզրումի օտարերկրացիների համար նախատեսված բանտում: Արան Երեւան-Հալեպ միկրոավտոբուսի վարորդն է. նրա վարած ավտոմեքենան անցած ուրբաթ Թուրքիայի Կարս նահանգի Սարիղամիշի շրջանում բախվել է թուրքական տաքսի ծառայությանը պատկանող ավտոմեքենային: Պատահարի հետեւանքով Հալեպ ուղեւորվող հայազգի 8 ուղեւորները տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել, զոհեր չկան: Իսկ թուրքական տաքսի ծառայության երկու ուղեւորները՝ վարորդի մայրն ու քույրը, տեղում մահացել են: Թուրք վարորդը ստացել է մարմնական վնասվածքներ:

Արայի հարազատները կապվել են նրա թուրք փաստաբանի հետ: Այսօր Սփյուռքի նախարարություն եկած Արայի հարսնացուն՝ սիրիահայ Սոսե Դալքլջյանն ասում էր, որ փաստաբանը 6 հազար դոլար է պահանջել Արային ազատ արձակելու համար: Սոսեի խոսքով` փաստաբանը նշել է, որ իրականում Արան մեղավոր չէ, ավտովթարը տեղի է ունեցել թուրք տաքսիստի մեղքով։

Ընտանիքը նման գումար չունի: Նրանք անհանգստանում են Արայի անվտանգության համար, թեեւ նշում են, որ փաստաբանը վստահեցրել է, որ Արան անվտանգության նկատառումներից ելնելով թուրք բանտարկյալներից առանձին է պահվում: Մինչեւ նրա ձերբակալությունը, ինչպես Սփյուռքի նախարարությանը պատմել են հայ ուղեւորները, տեղի թուրքերը փորձել են հարձակվել հայ վարորդի վրա: Եվ միայն ոստիկանների միջոցով են կարողացել կանխել հարձակումը:

Միկրոավտոբուսի մեջ են եղել նաեւ Սոսեի եղբայրը՝ կնոջ ու երեխաների հետ: Ավելի վաղ, Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման կենտրոնը հաղորդել էր, որ տաքսու վարորդը մահացել է: Սոսեն, սակայն, ասում է, որ վարորդը կենդանի է եւ նա եւս գտնվում է բանտում:

Սփյուռքի նախարարության մերձավոր եւ միջին արեւելքի հայ համայնքների վարչության պետ Լուսինե Ստեփանյանը Սոսեի հետ հանդիպմանը նրան ասաց, որ Հայաստանի ու Թուրքիայի դիվանագիտական հարաբերությունների բացակայությունն ավելի է վատթարացնում իրավիճակը հատկապես տեղեկատվության փոխանակման ուղղությամբ:

Ստամբուլում տպագրվող «Ակոս» թերթի հայկական էջի խմբագիր Բագրատ Էստուկյանն «Ազատություն» ռադիոկայանի խնդրանքով զրուցեց Արայի թուրք փաստաբանի հետ: Ըստ Էստուկյանի՝ պատահարի համար մեղավոր է առաջին հերթին ճանապարհային ընկերությունը, այնուհետեւ թուրք վարորդը:

«Արայի մեղքն այս հարցում չնչին է»,- «Ակոսի» հայկական էջի խմբագրին է փոխանցել փաստաբանը, - «Հիմնական պատճառը ճանապարհի անհարմարությունն է, երկրորդ մեղավորը եղել է զոհվածների վարորդը։ Այսինքն Հայաստանի քաղաքացին ամենանվազ մեղավորն է համարվում, այն էլ գծի խախտում կատարելու համար»։

Ըստ էության, Հայաստանի քաղաքացին այս գործով մեղադրյալի կարգավիճակ չունի: Փաստաբանի փոխանցմամբ, իրաքահայ վարորդին պահում են անազատության մեջ, քանի որ նա Թուրքիայի քաղաքացի չէ, բնակության հասցե չունի, եւ ենթադրում են, որ ազատ արձակելու դեպքում կարող է խուսափել դատավարությունից:

Էստուկյանը նշում է, որ փաստաբանն առաջարկել է մի ելք, որով հնարավոր կլինի մինչեւ դատավարությունը ազատ արձակել Հայաստանի քաղաքացուն: Եթե որեւէ մի կազմակերպություն երաշխավորի, որ Արան, ազատ արձակվելով, չի խուսափի դատավարությունից, ապա դատական իշխանությունը ազատ կարձակի նրան:

Փաստաբանը «Ակոսի» խմբագրին փոխանցել է, որ դատական նիստը կկայանա 2-3 ամիս հետո, որից հետո Արային ազատ կարձակեն այս հարցում մեղավորություն չունենալու պատճառով:
XS
SM
MD
LG