Մատչելիության հղումներ

Բաղդասարյանը խուճապի մատնվելու առիթ չի տեսնում


Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը մեկնաբանել է Ռուսաստանի կողմից Ադրբեջանին 1 միլիարդ դոլարի նորագույն զինտեխնիկայի մատակարարման մասին տեղեկատվությունը։

Ռուսաստանի կողմից Ադրբեջանին 1 միլիարդ դոլարի նորագույն զինտեխնիկայի մատակարարման վերաբերյալ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ Ադրբեջանի կողմից սպառազինության ցանկացած համալրում իր մեջ մտահոգության էլեմենտներ է պարունակում եւ բալանսավորումը պետք է պահպանվի։

«Կոնկրետ պաշտոնական տեղեկատվություն հրապարակված չէ, թե ինչ ծավալի եւ գումարի ռազմական մթերքի գնման մասին է խոսքը», - ասաց Բաղդասարյանը, ընդգծելով, որ Հայաստանը արդեն մի քանի տարի է ունի սպառազինության եւ ռազմական տեխնիկայի մատակարարման պետական ծրագիր եւ Հայաստան ներկրվում են ժամանակակից նորագույն սարքավորումներ եւ ռազմական տեխնիկա։

«Այսինքն, մենք չպետք է խուճապի մատնվենք, որ Ադրբեջանը ինչ-որ ռազմական տեխնիկա է գնել Ռուսաստանից, նրանք ռազմական տեխնիկա են գնում նաեւ այլ երկրներից», – ասաց ԱԱԽ քարտուղարը, նշելով որ «այս ամենին պետք է վերաբերվել հասկանալով, հաշվի առնելով սպառնալիքները, մտահոգությունները եւ համապատասխան քայլեր ձեռնարկել»։

«Ազատություն» ռադիոկայանի այն դիտարկմանը, որ Ադրբեջանին զենք է մատակարարում Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանը, Բաղդասարյանը հետեւյալ կերպ պատասխանեց. - «Ես գտնում եմ, որ Ռուսաստանը, ինչպես ցանկացած պետություն, ունի իր ազգային ռազմավարական շահերը։ Ռուսաստանն ունի իր հարաբերությունները Ադրբեջանի հետ եւ այդ հարաբերությունները կառուցում է իր շահերից ելնելով։ Այսինքն, ռազմավարական գործընկերությունը այստեղ որեւիցե առնչություն չունի, որովհետեւ ռազմավարական գործընկեր չի նշանակում, որ այդ գործընկերը պետք է բոլոր այն երկրների հետ, որոնք Հայաստանի հետ հարաբերություններ չունեն, օրինակ՝ Թուրքիան չունի, ուրեմն Ռուսաստանը պիտի Թուրքիայի հետ խոշոր առեւտրային գործընկեր չլինի՞։ Սա, իհարկե, անընդունելի հարցադրում է»։

Պետք չէ պարզունակ հակադրության մեջ դնել այդ քայլը, ասում է Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղարն ու հավելում. - «Եվ ոչ էլ մենք կարող ենք որեւիցե, նույնիսկ մեր ամենաբարեկամ երկրին ասել, որ գիտեք ինչ կա, եթե այս երկրների հետ Հայաստանի հարաբերությունները վատ են, ուրեմն դրանով պետք է պայմանավորվի երկկողմ հարաբերությունները»։

Արթուր Բաղդասարյանը չի կիսում այն կարծիքը, թե Ադրբեջանին զենք մատակարարելու քայլով Ռուսաստանը փորձում է Հայաստանը ներառել Մաքսային միության մեջ կամ Երեւանին ետ պահել Եվրամիության հետ ասոցիացման պայմանագիրը ստորագրելուց:

«Ցանկացած ռազմական տեխնիկայի գնում դա որոշակի ժամանակափուլ է ենթադրում, առանձին դեպքում նույնիսկ տարիներ։ Դա կապել այսօր տեղի ունեցող ինչ–որ գործընթացների հետ, տեղին չէ», - ասաց ԱԱԽ քարտուղարը։

Արթուր Բաղդասարյանը տեղեկացրեց, որ օրերս Երեւան է ժամանելու Ռուսաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւի գլխավորած պատվիրակությունը եւ իրենք քննարկելու են երկկողմ համագործակցության լայն շրջանակ, խնդիրներ, որոնք «էականորեն առնչվում են Հայաստանի անվտանգության ամրապնդման» հետ, ստորագրվելու են փաստաթղթեր։

Բաղդասարյանը նաեւ անդրադարձավ ղարաբաղյան պատերազմի վերսկսման հնարավորությանը, կարծիք հայտնելով, որ պետք է սթափ գնահատել իրավիճակը. - «Մենք շարունակելու ենք խաղաղ բանակցային գործընթացը, բայց ես ուզում եմ յուրաքանչյուրը իմանա, որ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը բավարար մարտական պատրաստվածության մեջ են գտնվում թշնամու դավադիր ցանկացած հարվածը կասեցնելու եւ Աստված չարասցե, նաեւ եթե կլինեն ռազմական գործողություններ»։

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի խոսքով, պատերազմական գործողությունների վերսկսման մեծ սպառնալիք ինքը չի տեսնում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG