Մատչելիության հղումներ

Հունիսի 21-ի մամուլ


Վերահսկիչ պալատի բացահայտումների շուրջ վերջին օրերին շարունակվող քննարկումների կապակցությամբ «Չորրորդ ինքիշխանություն»-ը գրում է. - «Կարելի է, իհարկե, այս ամենն ընկալել որպես ներիշխանական պայքար, բայց, համաձայնեք, «կրիմինալ ռազբորկաներ» ձեւակերպումն ավելի ճշգրիտ է: Խնդիրն այն չէ, թե իշխանական ինչ խմբավորումների միջեւ է ընթանում պայքարը, ով ում կողմից է, ի վերջո ում կպաշտպանի Սերժ Սարգսյանը եւ այլն, խնդիրն այն է, որ «հակամարտող կողմերը» երկուսն էլ իրավացի են: Կառավարությունն անխնա թալանում է երկիրը, եւ սա բացարձակ ճշմարտություն է, բայց ճշմարտություն է նաեւ այն, որ Կառավարության դեմ ստվերային պայքար մղողներն էլ պակաս թալանչիներ չեն, պարզապես այս պահին բավարար լծակներ չունեն: Պարզ ասած` սա պայքար է սեփականության վերաբաշխման համար. առջեւում 3-4 տարի համեմատաբար հանդարտ ժամանակաշրջան է (համենայն դեպս` իշխանությունները հույս ունեն, որ այդպես կլինի), եւ օգտվելով առիթից` «իրար ուտում են»: Հասկանալի է, չէ՞, որ եթե Տիգրան Սարգսյանին ոչ թե սեփական դիրքերի ամրությունը հետաքրքրեր, այլ երկրի իրական վիճակը, նա կհամագործակցեր Վերահսկիչ պալատի հետ, ոչ թե իր նախարարներին «քսի կտար» այդ կառույցի վրա»:

«Ժամանակ»-ն անդրադառնում է Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանի այն պնդմանը, թե «ՀայՌուսգազարդ»-ի` Հայաստանին պատկանող 20 տոկոս բաժնեմասը ռուսական «Գազպրոմ»-ին տալու մեջ որեւէ վտանգ չկա. - « Ինչպե՞ս կարող է պետական մակարդակում վտանգի զգացում ունենալ մի մարդ, ով կարող է Ազգային ժողովի նիստերի ժամին համակարգչով շարիկ գլորել դահլիճում: Պարզ չէ՞, արդյոք, թե ինչպիսին պետք է լինի պետական վտանգների, ռիսկերի, արժանապատվության եւ այլ պետական հարցերի վերաբերյալ այդ մարդու պատկերացումների աստիճանը: Իհարկե, Արմեն Մովսիսյանի համար որեւէ վտանգ չի լինի: Եթե այդ մարդու՝ նախարար աշխատած տարիներին «ՀայՌուսգազարդի» կեսի սեփականատեր Հայաստանը քայլ առ քայլ իր մասնաբաժինը տալիս էր Ռուսաստանին, բայց նախարարը որեւէ վտանգ չէր տեսնում այդ ամենի մեջ և ծպտուն չէր հանում «ՀայՌուսգազարդի» լիակատար ռուսիֆիկացիայի դեմ, ապա, իհարկե, 20 տոկոս մնացած բաժնեմասը հանձնել-վերջացնելու մեջ նա վտանգ չի տեսնի ու չի տեսնի»:

«Ժողովուրդ» օրաթերթի գնահատմամբ` իրականում նվազագույն աշխատավարձի բարձրացումը որեւէ ազդեցություն բնակչության կենսամակարդակի վրա չի կարող ունենալ. - «Դա ընդամենը հրաշալի է առիթ է` ցույց տալու, թե իբր իշխանությունները մտահոգված են ժողովրդի սոցիալ-տնտեսական վիճակով ու հիմա քայլեր են անում մարդկանց կենցաղային հոգսերը թեթեւացնելու համար: Բանն այն է, որ նվազագույն աշխատավարձի բարձրացումը բնակչության շատ չնչին մասի վրա է կոնկրետ ազդեցություն ունենալու: Հայաստանում, պաշտոնական վիճակագրության համաձայն, նվազագույն աշխատավարձ ստանում է մոտ 160 հազար մարդ, որոնցից 70 հազարն աշխատում է պետական կառույցներում, 90 հազարը` մասնավոր ընկերություններում: Ընդ որում, այս թվերին պետք է լուրջ վերապահումներով մոտենալ. որեւէ մեկի համար գաղտնիք չէ, որ մասնավոր ընկերություններում սովորաբար գործում է երկու հաշվապահություն: Հարկային շատ պարտավորություններից խուսափելու համար մասնավոր ընկերությունները գերադասում են փաստաթղթերում ցույց տալ, թե իբր աշխատողներին վճարում են նվազագույն աշխատավարձ, իսկ մնացած գումարը տալիս են առձեռն»:

«Հայկական ժամանակ» թերթը փոխանցում է, թե «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը վերջերս իր ուժերն է փորձում նոր բնագավառում. - «Կուսակցական գործիչը գիրք է գրել: Մեր ձեռքում պատահականորեն հայտնվել է 2012 թվականի նոյեմբերին հրատարակված «Մարզական հանրագիտարան» անունը կրող բավական հաստափոր մի գիրք, որի հեղինակներն են, ինչպես նշված է «Հանրագիտարան»-ի ներածության մեջ, Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի խորհրդի նախագահ, ինստիտուի պատվավոր պրոֆեսոր Գագիկ Ծառուկյանը, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահրամ Առաքելյանը եւ պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Միքայել Իսպիրյանը»: «Միանգամից նշենք` շշմելու գիրք է գրել Գագիկ Ծառուկյանը, ու զարմանալի է, թե ինչու մինչեւ այսօր Հայաստանի գրողների միությունը չի արձագանքել ու որեւէ գրական տիտղոս չի պարգեւել Ծառուկյանին», - հեգնում է թերթը:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG