Մատչելիության հղումներ

Փաշինյան. «Սերժ Սարգսյանը իր ընտանիքի անդամներից պետք է սկսի»


Հրայր Թամրազյանի հարցազրույցը Նիկոլ Փաշինյանի հետ (Մաս 1)
please wait

No media source currently available

0:00 0:28:32 0:00

ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը բացառիկ հարցազրույց է տվել «Ազատություն» ռադիոկայանին:

Հարց. - «Դուք ձեր «Առկախված հարցեր ապագայի մասին» հոդվածաշարում գրել էիք, որ մանդատից պետք է հրաժարվեն նրանք, ովքեր Հայ ազգային կոնգրեսի շնորհիվ պատգամավոր են դարձել, հետո դավադրաբար կազմաքանդել… շատ խիստ խոսքեր են ասված»:

Պատասխան. - «Ինձ համար ցավալի է արձանագրել, որ Հայ ազգային կոնգրեսի անդամ եւ ներկայացուցիչ շատ հարգելի գործիչներ ինչ-որ պահի հայտարարել են, որ ՀԱԿ դաշինք այլեւս գոյություն չունի եւ չի ունեցել շատ երկար ժամանակ: Դա ինձ համար քաղաքականապես անընդունելի հայտարարություն է եղել եւ այսօր էլ անընդունելի հայտարարություն է: Ես ինքս ինձ համարում եմ համաժողովրդական շարժման` Հայ ազգային կոնգրեսի նպատակների կրողը, եւ քանի որ քաղաքական պրոցեսները զարգանում էին այնպես ակնհայտորեն, որ ՀԱԿ-ի հռչակագիրը այլեւս նախկին ծավալով չէր սպասարկում քաղաքական օրակարգը, ես կարծել եմ, որ Հայ ազգային կոնգրեսը պետք է իր սուվերեն օրակարգով հանդես գա եւ գործունեություն ծավալի իր սուվերեն օրակարգի մեջ: Եվ իմ անհամաձայնությունը հրապարակային առաջին անգամ արտահայտվել է 2011 թվականի աշնանը` հայտնի քաղաքագիտական վերլուծությունից [Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթից] հետո, երբ ես հանդես եկա «Քաղաքական տարին ամփոփելիս» հոդվածում եւ այնտեղ հենց այս օրակարգը ես առաջ բերեցի, որ կոնսենսուս չկա Հայ ազգային կոնգրեսում, եւ առաջիկա անելիքը պետք է լինի նոր կոնսենսուսի ձեւավորումը: Ցավոք, դա տեղի չունեցավ: Դա ցավալի է ինձ համար, որովհետեւ… ընդհատակ, բանտ.. ես անկեղծ ասեմ,` դրանք իմ քաղաքացիական եւ քաղաքական կյանքի ամենալուսավոր շրջաններն են, որովհետեւ բազմաթիվ ընկերներիս նման, բազմաթիվ համախոհներիս նման, մենք խորապես գիտակցում էինք եւ այսօր էլ գիտակցում ենք, որ մենք քաղաքացիական գործի ենք ծառայում, ապագայի գործի ենք ծառայում: Դուք գիտեք, որ շատ երկար ժամանակ Հայաստանում քաղաքական դաշտը լղոզված էր: Այսինքն` չկար հստակ բաժանում` որտեղ է ընդդիմությունը եւ որտեղ է իշխանությունը… Եվ 2008 թվականի քաղաքական պրոցեսներով` Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջադրումից հետո քաղաքական դաշտում հստակ տարանջատում մտավ: Եվ այդ տարանջատումից հետո 4-5 տարի այդ քաղաքացիական պայքարը կարողացավ պահել: Ի՞նչ տեղի ունեցավ հետո: Այդ հստակ քաշված գիծը քաղաքագիտական վերլուծության վերացավ»:

Հարց. - «Պարոն Փաշինյան, կարո՞ղ եք ասել` կոնկրետ որ թեզի մասին է խոսքը»:

Պատասխան. - «Քաղաքագիտական վերլուծությունը վերաբերում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ հնարավոր համագործակցությանը»:

Հարց. - «Դուք հիմա շատ ակտիվ մասնակցում եք բոլոր այդ խորհրդարանական նստաշրջաններին եւ այս չարաշահումների մասին շատ հետաքրքիր ելութներ ունեցաք: Ի՞նչ ծավալի չարաշահումների մասին է խոսքը»:

Պատասխան. - «Չարաշահումների ծավալների մասին պատկերացում կազմելու համար մարդիկ երբեմն ուղղակի պետք է դուրս նայեն իրենց պատուհանից: Իսկ այդտեղ որեւէ գաղտնիք կա՞: Երբ մենք շատ երկար ժամանակ ասում էինք, որ Հայաստանը թալանվում է` բառիս բուն իմաստով, դա երբեմն ընկալվում էր որպես մեր ծայրահեղական բնորոշում: Իշխանությունը ասում է` ինչո՞ւ թողնենք այդ ամեն ինչի մասին ընդդիմությունն ասի, մենք կասենք: Ինչո՞ւ են դա անում: Երկու խնդիր են լուծում: Առաջինը, նրանք ե'ւ 2008 թվականի եւ նախորդ օրինակներից տեսան, որ երբ ժխտում են ակնհայտ փաստերը, դա կաթիլ-կաթիլ հանրության համբերության բաժակը լցվում է եւ ի վերջո դառնում քաղաքացիական, քաղաքական դիրքորոշում, հստակ հասարակական պահանջարկ: Ու երկրորդ հարցը` ի վերջո այս պրոցեսներով կոռուպցիայի դեմ պայքարը մտցվում է փակուղի: Որովհետեւ երբ ասվում է, որ երկրում այսպիսի թալան է տեղի ունեցել, ասում են` ճիշտ է, Վերահսկիչ պալատը բացահայտել է, հիմա գործերն ուղարկվել են դատախազություն: Ո՞վ պիտի գնահատականը տա: Երկրում ուրիշ կառույց չկա, որ իրավասու լինի գնահատելու, թե ինչ է տեղի ունեցել»:

Հարց. - «Ինչո՞ւ չենթադրենք, որ հիմա իշխանությունները որոշել են այսուհետեւ պայքարել կոռուպցիայի դեմ»:

Պատասխան. - «Եթե Սերժ Սարգսյանը ուզում է պայքարել կոռուպցիայի դեմ, կարծում եմ, իր ընտանիքի անդամներից պետք է սկսի»:

Հարց. - «2018 թվականը սարերի հետեւում չէ: Ի՞նչ եք անելու: Առաջադրելո՞ւ եք Ձեր թեկնածությունը»:

Պատասխան. - «Չեմ կարող բացառել, որ կարող եմ մասնակցել նախագահական ընտրություններին 2018 թվականին: Բայց չեմ էլ կարող ասել, որ կմասնակցեմ հաստատապես: Եթե դա պիտի լինի անհատական որոշում, ես այդպիսի անհատական որոշում դժվար թե կայացնեմ: Շատ կարեւոր սկզբունք է` մարդկանց չտանել պարտության: Ինքս երբեք չեմ մասնակցի` մասնակցելու համար»:
XS
SM
MD
LG