Մատչելիության հղումներ

logo-print

Եվրամիության ղեկավարները կընդունեն Իլհամ Ալիեւին


Բելգիա - Ժոզե Մանուել Բարոզուն եւ Իլհամ Ալիեւը համատեղ ասուլիս են տալիս Բրյուսելում, արխիվ

Բելգիա - Ժոզե Մանուել Բարոզուն եւ Իլհամ Ալիեւը համատեղ ասուլիս են տալիս Բրյուսելում, արխիվ

Իրավապաշտպանները Եվրահանձնաժողովի նախագահին հորդորում են արծարծել Ադրբեջանում մարդու իրավքւնքների ոտնահարման խնդիրը։

Եվրահանձնաժողովի նախագահի հրավերով աշխատանքային այցով Բրյուսել է մեկնում Ադրբեջանի նախագահը։ Իլհամ Ալիեւին ընդունելու են Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն եւ Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպոյը։

Ենթադրվում է, որ բանակցությունների օրակարգում ի շարս այլ խնդիրների կլինի էներգետիկայի ասպարեզում Եվրամիության եւ Ադրբեջանի համագործակցության ընդարձակման հնարավորությունը։

Վերջին անգամ Ալիեւը այս օրակարգով ճիշտ երկու տարի առաջ է մեկնել Բրյուսել, դրան նախորդել է Բարոզուի 2011 թվականի հունվարին Բաքու կատարած այցը, որի ընթացքում ստորագրվել է «Գազի հարավային միջանցքի» հռչակագիրը` նախաձեռնություն, որը Եվրահանձնաժողովի նախագահը անվանել է «Եվրոպական միության եւ Ադրբեջանի ընդհանուր ռազմավարական նպատակ»։

Նավթով ու գազով հարուստ Ադրբեջանը, իհարկե, Եվրամիության կարեւոր գործընկերներից է, սակայն այցի ընթացքում չի հաջողվի խուսափել քաղաքական խնդիրներից եւ մարդու իրավունքների բնագավառում Ադրբեջանում առկա ծանր կացության թեմայից։

Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Նիլս Մույժնիեկսը պաշտոնական Բաքվին կոչ է անում ապահովել առավել մեծ հնարավորություններ խոսքի եւ հավաքների ազատության հարցում։

Կասպյան տեղեկատվական կենտրոնի փոխանցմամբ, վերջերս այդ հորդորներն ավելի հաճախ են հնչում, քանի որ այս տարվա հունվարին Ադրբեջանն ընդունել է օրենք, որն է՛լ ավելի է սահմանափակում մամուլի, հատկապես առցանց լրատվամիջոցների եւ անհատ օգտատերերի իրավունքները։

Մարտին Եվրահանձնաժողովը հրապարակել է Եվրոպական հարեւանության քաղաքականության առաջընթացի 2013 թվականի զեկույցը, որի համաձայն` Ադրբեջանը որոշակի առաջընթաց է գրանցել, սակայն պետք է առավել ջանքեր կիրառի Գործողությունների ծրագրով ստանձնած պարտավորությունները կատարելու համար։

Կասպյան տեղեկատվական կենտրոնի կանխատեսմամբ` Ալիեւի այցը, ամենայն հավանականությամբ, արդյունավետ կլինի։

Մինչդեռ, Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի բաժնի տնօրեն Հյու Ուիլյամսոնը եւ Եվրոպական գրասենյակի տնօրեն Լոթե Լեյխթը նամակով դիմել են Բարոզուին` հորդորելով նրան Ալիեւի հետ հանդիպման ընթացքում անպայման արծարծել Ադրբեջանում մարդու իրավունքների բնագավառում ակնհայտ վատթարացման խնդիրը։

Նրանց համոզմամբ, Բարոզուն պետք է պնդի, որ իշխանություններն ազատ արձակեն քաղաքական դրդապատճառներով կալանավորված քաղաքացիներին, ապաքրեականացնեն զրպարտությունը եւ չեղյալ հայտարարեն խոսքի ու հավաքների ազատությունը սահմանափակող վերջերս ընդունված օրենքները։

«Մենք Ձեզ խնդրում ենք ընդգծել, որ Եվրամիության հետ առավել խորը համագործակցության եւ արտոնյալ հարաբերությունների հիմքում անպայման պետք է լինի մարդու իրավունքների պաշտպանության բաղադրիչը», - ասվում է Human Rights Watch-ի բարձրաստիճան պաշտոնյաների նամակում։

«Մենք կասկածի տակ չենք առնում Եվրամիության համար այդ երկրի կարեւորությունը, որպես Իրանի եւ Ռուսաստանի անմիջական հարեւան եւ էներգետիկ մեծ պաշարների տեր` Ադրբեջանը տարածաշրջանում պետք է լինի կայունացնող գործոն։ Սակայն մարդու իրավունքների ասպարեզում Ադրբեջանի կառավարության գործելակերպը ոչ միայն հակասում է ստանձնած միջազգային պարտավորություններին, այլեւ ապակայունացնում է երկիրը, խորացնում է հասարակության բեւեռացումը եւ այլախոհությունը մղում ընդհատակ», - Ալիեւի այցի կապակցությամբ Բարոզուին հասցեագրած նամակում նշում են Ուիլյամսոնը եւ Լեյխթը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG