Մատչելիության հղումներ

ԼՂ կառավարությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի թանկացումը


Լեռնային Ղարաբաղի վարչապետ Արա Հարությունյան
Լեռնային Ղարաբաղի վարչապետ Արա Հարությունյան
Էլեկտրաէներգիայի, գազի եւ ջրի սակագների վերջին բարձրացումների ֆոնին Լեռնային Ղարաբաղում առաջացած դժգոհությունների ալիքը մեղմելու նպատակով կառավարությունը հունվարից սոցիալական լուրջ ծրագրեր է սկսում, այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց վարչապետ Արա Հարությունյանը` նշելով, որ այդ ծրագրերի ցանկը կհրապարակվի առաջիկայում:

Լեռնային Ղարաբաղի հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողովը հունիսի 10-ին հաստատել էր գազի, ջրի եւ էլեկտրաէներգիայի նոր` ավելի բարձր սակագները: Գազի սակագինը, ինչպես եւ Հայաստանում մինչեւ 10 հազար խորանարդ մետր սպառում ունեցող սպառողների համար 1 խորանարդ մետրը կկազմի 156 դրամ: Այս սակագինը ուժի մեջ կմտնի օգոստոսի 1-ից, իսկ 10 հազար խորանարդ մետր եւ ավելի սպառում ունեցող սպառողներին վաճառվող յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի նոր` 290 դոլար սակագինը կգործի հուլիսի 10-ից։ Խմելու ջրի եւ ջրահեռացման նոր սակագինը բնակիչների համար կմնա նույն 100 դրամը, իսկ ահա այլ սպառողների համար խմելու ջրի խորանարդ մետրը հուլիսի 10-ից կկազմի 134 դրամ, իսկ ջրահեռացմանը՝ 16 դրամ։ Էլեկտրաէներգիայի նոր սակագինը հասցվել է 38 դրամի` ցերեկային ժամերի համար, իսկ գիշերային ժամերի համար՝ 33 դրամի` համապատասխանաբար 25 եւ 15 դրամ սակագների փոխարեն:

Վերջին մի քանի տարիներին, երբ Լեռնային Ղարաբաղի կառավարությունը ձեռնամուխ եղավ հիդրոէլեկտրակայաններ կառուցելու գործին, վարչապետը շարունակաբար վստահեցնում էր, որ սեփական հէկ-երի գործունեությունը թույլ կտա երկրում զսպել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը: Իսկ այսօր կառավարությունը խոստանում է բնակչության համար սուբսիդավորել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը:

Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչի՞ հաշվին եւ որքա՞ն ժամանակով է սուբսիդավորելու էլեկտրաէներգիայի թանկացումը կառավարությունը, Արա Հարությունյանը ասաց. - «Իհարկե, բնակչության համար չի թանկանալու, կառավարությունը սուբսիդավորելու է նույն այդ կառուցված հէկ-երից եւ [ավելի վաղ գործող] մեր Սարսանգի հէկ-ից պետական բյուջեում ստացած լրացուցիչ գումարների հաշվին: Այսինքն, բնակչության համար սակագնի պահպանումը ապահովվում է կառուցված հէկ-երից ստացված եկամուտների եւ Սարսանգի հէկ-ից ստացված հոսանքը ավելի արդյունավետ օգտագործելու շնորհիվ»:

Ինչ վերաբերում է մնացած սպառողներին, այսինք իրավաբանական անձանց, ապա կառավարությունը էլեկտրաէներգիան տրամադրելու է Հայաստանի Հանրապետությունում գործող սակագնով:

«Երկու պատճառով` նախ այդ հէկ-երի կառուցումը ինվեստորների կողմից համապատասխան վերադարձ է պահանջում, այսինքն մենք պետք ապահովենք ներդրումների հետ գնումը, եւ մենք ընտրել ենք, որ ավելի լավ է բնակչության համար սակագինը ցածր լինի, մեր ստացած եկամուտով պահպանենք նույն գինը, իսկ մնացած սպառողներն էլ, այսպես ասած, սրճարաններ կլինեն, թե այլ սպառողներ, թող վճարեն այն սակագնով, որը շուկայական բաժնին համապատասխան է», - ասաց Ղարաբաղի վարչապետը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG