Մատչելիության հղումներ

logo-print
Ադրբեջանը հերթական անգամ մեղադրում է Ղարաբաղին` այս անգամ էլ իրավական հարթությունում. Ադրբեջանը հայտարարում է, թե 12 անձինք Իրանից Ադրբեջան են տեղափոխել Ղարաբաղի տարածքում աճեցված թմրամիջոցներ:

Թե ովքեր են եղել Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության կողմից հայտնաբերված այդ անձինք, ինչքան թմրամիջոց է առգրավել եւ ինչ տեսակի, կամ ի՞նչ կերպ է ԼՂ-ից թմրամիջոցն անցել Իրան, այնտեղից էլ` Ադրբեջան, ադրբեջանական լրատվամիջոցները չեն նշում:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Լեռնային Ղարաբաղի գլխավոր դատախազության մամլո քարտուղար Կիմ Գաբրիելյանը, հակադարձելով իր բնորոշմամբ` ադրբեջանական քարոզչամեքենայի հերթական ապատեղեկատվությանը, հիշեցրեց մի քանի ուշագրավ տեղեկություններ, որոնք իր խոսքով` ապացուցում են, որ Ադրբեջանը շարունակում է զբաղվել քաղաքական շահարկումներով:

«Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպությունը 2005 եւ 2010 թվականներին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանամերձ շրջաններում իրականացրել է փաստահավաք առաքելություն եւ անկախ այդ առաքելության բնույթից եւ նպատակներից` միջնորդները ոչ մի ակնարկ անգամ չեն արել, թե Լեռնային Ղարաբաղի այդ տարածքները չեն վերահսկվում, կամ այդ շրջանները հարթակ են ծառայում թմրամիջոցների աճեցման եւ արտահանման համար: Այդպիսի ոչ մի տեղեկատվություն չի եղել», - ասաց Գաբրիելյանը:

Լեռնային Ղարաբաղի գլխավոր դատախազության խոսնակը հիշեցնում է նաեւ Լեռնային Ղարաբաղում մարդասիրական գործունեություն ծավալող միջազգային կառույցների մասին, ինչպիսիք են Կարմիր Խաչը եւ ականազերծման աշխատանքներ իրականացնող «THE HALLO TRUST»-ը:

«Եթե անցած տարիների ընթացքում նրանք գոնե մի անգամ հանդիպած լինեին պլանտացիաների, որտեղ աճեցվում են թմրամիջոցներ, ապա նրանք անպայման կահազանգեին: Բայց նրանք այդպիսի փաստեր նույնպես չեն ունեցել», - ասում է Գաբրիելյանը` շեշտելով, որ ըստ տարբեր դիտորդների եւ ԵԱՀԿ միջնորդների` Լեռնային Ղարաբաղում հանցավորության մակարդակը բավականին ցածր է:

Ըստ պաշտոնական տվյալների` 10 հազար բնակչին ընկնող հանցագործությունների թիվը ԼՂ-ում կազմում է միջինը 27.2 է: Ընդ որում՝ ահաբեկչության հետ կապված դեպքեր առնվազն վերջին 13 տարիների կտրվածքով ընդհանրապես չեն գրանցվել:

Ինչ վերաբերում է ծանր թմրատեսակներին, ինչպիսիք են կոկաինը, հերոինը, հաշիշը, Ղարաբաղում չկան, բայց ահա տնամերձերում կամ օժանդակ հողամասերում թմրանյութ պարունակող խաշխաշ եւ կանեփ բույսերի աճեցման դեպքեր, թեկուզ քիչ քանակությամբ, դեռեւս կա, ասում է գլխավոր դատախազության խոսնակը:

2008-2012թթ. թմրանյութեր պարունակող բույսերի աճեցման, իրացման եւ օգտագործման հետ կապված հանցագործությունների ցուցանիշները Ղարաբաղում տատանվել են 39-44-ի միջեւ:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG