Մատչելիության հղումներ

«Նույնիսկ մեկ փախստականը շատ է», - ասվում է զեկույցում:

Ըստ ՄԱԿ-ի Փախստականների գերագույն հանձնակատարի զեկույցի` աշխարհում գրանցվել է ներքին տեղահանվածների աճ, որը ամենամեծն է վերջին 18 տարիների ընթացքում:

Աշխարհում, ըստ զեկույցի, 15 մլ-ից ավելի միայն փախստական կա: Վերջին տարում նրանց թիվն ավելացել է մոտ 1 միլիոնով:

Հայաստանում ՄԱԿ-ի փախստականների գլխավոր հանձնակատարի ներկայացուցիչ Դամթյու Դեսալեյնը նշեց, որ պատերազմները շարունակում են մնալ զանգվածային տեղահանումների հիմնական պատճառը եւ սիրիական կոնֆլիկտի արդյունքում երկրում տեղահանվել է 4 մլն մարդ:

«Եվ եթե Սիրիայում ոչինչ չփոխվի մինչեւ տարվա վերջ, իսկ հենց այդպես էլ թվում է, մոտավորապես 10 մլն մարդ կտեղահանվի իրենց տներից եւ քաղաքներից: Դա ավելին է, քան Լոնդոնի եւ Դուբայի բնակչությունը միասին վերցրած: Սիրահայերը, բնականաբար, եւս տուժել են այս հակամարտության արդյունքում: Նրանցից շատերը տարբեր ճանապարհներով հասան նաեւ Հայաստան, սակայն այստեղ բնակություն հաստատելը եւս շատ բարդ էր նրանց համար, քանի որ պետք է հարմարվեին ցուրտ ձմռանը, արեւելահայերենին եւ աշխատանք փնտրելուն», - ասաց Դամթյու Դեսալեյնը:

Հենց այս խնդիրներն են օրակարգային Հայաստան տեղափոխված յուրաքանչյուր սիրիահայի համար:

Հայաստանում այժմ սիրահայերի թիվը մոտ 7000 է: Միգրացիոն գործակալության պետ Գագիկ Եգանյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ նրանցից 700-ը դիմել են փախստականի կարգավիճակ ստանալու համար: Նրա խոսքով, սիրիահայերին, իրաքահայերին եւ նորօրյա փախստականներին անհատական մոտեցում է ցուցաբերվում:

Համաձայնելով, որ Կառավարության կողմից սիրիահայերին աջակցություն ցուցաբերվել է` Դամթյու Դեսալեյնը նշեց. - «Կառավարությունը կանգնած էր սիրիահայերի կողքին, տարբեր հասարակական կազմակերպություններ նույնպես, բայց քիչ է արվում, դեռ ահագին բան պետք է արվի նրանց համար: Այսպիսով այսօր ես խնդրում եմ բոլոր հայերին համագործակցել մեզ հետ եւ շատ ավելի բարյացկամ լինել սիրիահայերի նկատմամբ»:

Բացի սիրիահայերից, տարբեր տարիներին Հայաստան են ներգաղթել նաեւ իրաքահայեր, ադրբեջանահայեր եւ այլ երկրների քաղաքացիներ: Թվով ամենամեծը 1988-92 թվականներին Ադրբեջանից ներգաղթածներն են` 361 հազար:
XS
SM
MD
LG