Մատչելիության հղումներ

logo-print

Պաշտոնանկություններ` Նոյեմբերյանի զորամասի աղմկահարույց միջադեպի հետ կապված


Հայ զինվորները Ադրբեջանի հետ սահմանի դիտակետում, արխիվ

Հայ զինվորները Ադրբեջանի հետ սահմանի դիտակետում, արխիվ

Գլխից ծանր վիրավորված զինվորի մարմնի ձախ հատվածը չի աշխատում:

Հայաստանի Զինված ուժերի Նոյեմբերյանի զորամասում ժամկետային զինծառայողներ Լյուքս Ստեփանյանի սպանության եւ Հրաչյա Սարգսյանին ծանր մարմնական վնասվածք հասցնելու միջադեպի առնչությամբ զինվորական 6 պաշտոնյաներ ազատվել են աշխատանքից, քննարկվում է այդ օրը պահակային ծառայության մեջ գտնված մարտկոցի հրամանատարին քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Խոսքը մայիսի 15-ի աղմկահարույց միջադեպի մասին է, երբ, ըստ քննության, 20-ամյա զինծառայող, զորամասի պահակախմբի մուտքի դիտորդ Դավիթ Խաչատրյանը իրեն ամրակցված ինքնաձիգից կրակելով սպանել էր պահակախմբում ընդգրկված 19-ամյա ծառայակից Լյուքս Ստեփանյանին եւ գլխից ծանր վիրավորել 19-ամյա Հրաչյա Սարգսյանին, ինչից հետո սպանված զինծառայողի հարազատները արդարադատության պահանջով, ի նշան բողոքի որոշել էին նրա մարմինը բերել կառավարության շենքի մոտ: Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը խոստացավ անձամբ հետամուտ լինել, որպեսզի բոլոր մեղավորները պատժվեն, եւ նշանակվեց ծառայողական քննություն:

Արծրուն Հովհաննիսյանի փոխանցմամբ` ծառայողական քննության արդյունքները ցույց են տվել, որ պահակային ծառայություն իրականացնող զինվորներին հսկող սպան` տվյալ մարտկոցի հրամանատարը, դեպքի պահին պահակատանը չի եղել: Թե ուր է եղել նա` պաշտոնապես չի հաղորդվում: «Իր գործն արդեն առանձին քրեականով կգնա: Պահակային եւ կայազորային ծառայության կանոնագիրքը, ունենալով օրենքի ուժ, ենթադրում է, որ պահակային ծառայության թերացման ժամանակ պատասխանատու անձը կարող է ենթարկվել նաեւ քրեական պատասխանատվության, եթե դա հիմնավորվի», - ասաց պաշտպանության նախարարի խոսնակը:

«Տվյալ գնդի հրամանատարի տեղակալները երկու, շտաբի պետը գնդի, անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալը ազատվել են պաշտոնից, պաշտոնից ազատվել են նաեւ տվյալ ստորաբաժանման, այսինքն՝ դիվիզիոնի հրամանատարը, հրամանատարի տեղակալները», - փոխանցեց Հովհաննիսյանը:

Բացի պահակակետը հսկող սպայից, պաշտոնանկ արված մյուս զինվորականներին քրեական պատասխանատվության ենթարկելու հիմքեր պաշտպանության նախարարությունը չի տեսնում: «Քրեական պատասխանատվության ենթարկելու հարց այս պահին ծառայողական քննությունը չի գտել, որովհետեւ քրեական պատասխանատվության են ենթարկվում այն մարդիկ, ովքեր կոնկրետ հանցագործություն կատարում կամ անգործություն են թույլատրում հանցագործության կատարման համար: Իսկ այս դեպքում մարդիկ տեղում չեն եղել, մարդիկ անմիջապես ներգործություն չեն ունեցել հանցագործության վրա», - ասաց Արծրուն Հովհաննիսյանը:

«Ազատություն» ռադիոկայանի հիշեցմանը, որ աղմկահարույց այս դեպքից անմիջապես հետո սկսեցին շրջանառվել Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի սպասվող պաշտոնանկության մասին լուրերը, պաշտպանության նախարարի խոսնակը արձագանքեց. - «Դրանք մարդկանց ենթադրություններն են, եզրակացություններն են, միգուցե վատ տրամադրությունների եւ ցանկությունների արդյունքն են: Բացի այդ, տվյալ տրամաչափի պաշտոնյան ազատվում կամ նշանակվում է երկրի գերագույն գլխավոր հրամանատարի կողմից»: Արծրուն Հովհաննիսյանը հավելեց, որ Խաչատուրովի պաշտոնանկության հիմքեր չկան:

Գլխից ծանր վիրավորված զինվորը` Հրաչյա Սարգսյանը գիտակցության եկել է, սակայն նրա մարմնի ձախ հատվածը չի աշխատում, նա դեռ գտնվում է Զինվորական հոսպիտալում: Իսկ զինծառայող Դավիթ Խաչատրյանը, հիշեցնենք, ձերբակալվել է միջադեպից անմիջապես հետո, ապա նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց Հրաչյայի հայրը` Վաղինակ Սարգսյանը, սպասում են, որ երիտասարդի գլխի վերքը լավանա, որպեսզի նրան տեղափոխեն Կարմիր Խաչի վերականգնողական կենտրոն: Դեռեւս ոչ ծնողները, ոչ բժիշկները չգիտեն` արդյոք հնարավոր կլինի Հրաչյայի առողջությունը լիարժեք վերականգնել, թե` ոչ:

«Ձախ կողմը ամբողջովին թույլ է, ձեռքն էլ, ոտքն էլ, ձախ կողմը պարալիզացված է: Բժիշկները մեծ հույսեր ունեն, ուղեղի վնասվածքը համարվում է ոչ շատ մեծ, բժիշկները հույս ունեն, որ կվերականգնվի շաժողականը: Մնացած ամեն ինչ տեղն է` գիտակցությունը հիշողությունը, բացառությամբ տվյալ դեպքից, տվյալ օրվանից, ամեն ինչ հիշում է: Բացարձակ չի իմանում` ինչ է կատարվել այդ օրը, երբ հարցնում եմ` «էդ օրն ինչո՞վ ես զբաղված եղել», ասում է` «գնացել էինք կարաուլ», իսկ թե ինչ է կատարվել, չի հիշում: Սպանվածին, կրակողին` որպես ծառայողական ընկերներ հիշում է, բայց թե ինչ է կատարվել այդ օրը, ինչի համար է ինքն էստեղ, բացարձակ չի հիշում: Ուղղակի բժիշկների ասելով գիտի, որ հրազենային վնասվածք է, ես էլ աշխատում եմ ամեն ինչ անել, որպեսզի չհիշի, մինչեւ առողջությունը վերականգնվի», - պատմեց հայրը:

Վիրավորի հայրը հակված է այն կարծիքին, որ կրակոցը պատահական է եղել, քանի որ նախնական տեղեկատվության համաձայն` կալանավորված երիտասարդը կրակոց է արձակել ոչ թե ինքնաձիգը կրծքին դրած դիրքից, այլ իջեցնելու պահին` գոտկատեղից, այսինքն` հատուկ նշան չի բռնել:

«Երբ զենքը իջեցնում են, չեն կրակում, երբ զենքը իջեցված վիճակում կրակում է, ինձ համար պատահականություն է, դա իմ անձնական կարծիքն է»,- ասաց հայրը:
XS
SM
MD
LG