Մատչելիության հղումներ

Բարաք Օբաման ելույթ ունեցավ Բեռլինում


Գերմանիա - ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ելույթ է ունենում Բեռլինում, 19-ը հունիսի, 2013թ.

Գերմանիա - ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ելույթ է ունենում Բեռլինում, 19-ը հունիսի, 2013թ.

Առաջին անգամ Միացյալ Նահանգների նախագահը ելույթ ունեցավ Բրանդենբուրգյան դարպասների արեւելյան հատվածում:

«Ողջույն, Բեռլին», - չորեքշաբթի օրը այսպես սկսեց Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման իր ելույթը Բեռլինի Բրանդենբուրգյան դարպասների մոտ:

Գերմանիան խորհրդանշող Բրանդենբուրգյան դարպասները «սառը պատերազմի» ժամանակ բաժանարար գծի սահմանն էր: Օբաման ԱՄՆ-ի առաջին նախագահն է, ով ելույթ ունեցավ դարպասների արեւելյան հատվածում:

«Այն փաստը, որ մենք կարող ենք այսօր կանգնել այստեղ` քաղաքը բաժանած գծում, խոսում է հարատեւ ճշմարտության մասին: Ոչ մի պատ չի կարող կանգնել արդարության ձգտումների, ազատության ձգտումների, խաղաղության ձգտումների դեմ», - հայտարարեց Միացյալ Նահանգների նախագահը:

Ելույթը սկսելուց քիչ անց Օբաման հանեց պիջակը` այդպիսով ընդգծելով ոչ պաշտոնական, բարեկամական տրամադրությունները:

Խորհրդանշական այս վայրում Բարաք Օբաման անդրադարձավ այսօրվա միջազգային մարտահրավերներին:

«Մենք ոչ միայն Միացյալ Նահանգների կամ Գերմանիայի քաղաքացիներ ենք, այլեւ աշխարհի քաղաքացիներ ենք, եւ մեր ճակատագիրն ու ապագան կապված են, ինչպես երբեք: Քանի դեռ միջուկային զենք կա, մենք չենք կարող իրականում անվտանգ լինել», - հայտարարեց Միացյալ Նահանգների նախագահը:

«Ես համոզված եմ, որ մենք կարող ենք ապահովել Ամերիկայի եւ մեր դաշնակիցների անվտանգությունը` մեկ երրորդով կրճատելով ռազմավարական միջուկային սպառազինությունների միավորները», - ասաց Օբաման:

ԱՄՆ-ի նախագահը մտադիր է Ռուսաստանի հետ հասնել այդ համաձայնությանը:

Հիշեցնենք` երեք տարի առաջ ԱՄՆ-ը Ռուսաստանի հետ համաձայնագիր է կնքել, որով կողմերից յուրաքանչյուրը ունենալու է 1500 միավոր միջուկային զենք, եւ, փաստորեն, Միացյալ Նահանգների ղեկավարը կոչ է անում եւս 500-ով կրճատել միջուկային մարտագլխիկներով զենքերը:

Նա նաեւ ասաց, ձգտելու է Եվրոպայում եւս հասնել ՆԱՏՕ-ի եւ Ռուսաստանի ռազմավարական նշանակության սպառազինությունների կրճատմանը:

Միջազգային մարտահրավերների թվում Օբաման խոսեց ահաբեկչության դեմ պայքարի, ահաբեկչությունը սնուցող աղբյուրները չանտեսելու անհրաժեշտության մասին:

«Մենք կարող ենք հարվածներ հասցնել ահաբեկչական կառույցներին, բայց եթե անտեսենք ահաբեկչությունը սնուցող անկայունությունն ու անհանդուրժողականությունը, ապա, վերջին հաշվով, մեր ազատությունը վտանգի տակ կլինի», - ասաց նա:

Միջազգային մարտահրավերները հաղթահարելու համատեքստում նա խոսեց գործազրկության դեմ պայքարի, կլիմայի փոփոխությունները կանխելու, աղքատ երկրներին օգնելու անհրաժեշտության մասին` նշելով, որ պետք է օգնել այդ երկրներին` զարգացնելու սեփական տնտեսությունները:

Բեռլինում ԱՄՆ-ի նախագահները պատմական ելույթներ են ունեցել: 50 տարի առաջ, երբ Բեռլինը բաժանված էր երկու մասի, այստեղ ելույթ էր ունեցել Ջոն Քենեդին: «Ես բեռլինցի եմ», - հայտարարել էր Քենեդին` այդպիսով աջակցություն հայտնելով երկու մասի բաժանված Բեռլինին: Ռոնալդ Ռեյգանն էլ այստեղ Միխայիլ Գորբաչովին կոչ արեց քանդել բաժանարար պատը` պատ, որի վերացումը մեծ նշանակություն ունեցավ ոչ միայն բեռլինցիների, գերմանացիների, այլեւ ամբողջ Եվրոպայի ու աշխարհի համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG