Մատչելիության հղումներ

Հունիսի 20-ի մամուլ


«Հայկական ժամանակ»-ը գրում է. - «Այլեւս ակնհայտ է, որ հայ-ռուսական «գազային» հարաբերությունները խիստ մտահոգիչ զարգացումներ են ունենալու: Էներգետիկայի նախարարը հաստատել է, որ «Գազպրոմն» ունի «ՀայՌուսգազարդի»` Հայաստանի կառավարությանը պատկանող բաժնեմասին տեր դառնալու մտադրություն եւ արտաբերել է «կախարդական» արտահայտությունը` «բանակցությունները շարունակվում են»: Սա իրոք կախարդական արտահայտություն է: Արմեն Մովսիսյանը անցած տարվանից գազի գնի հնարավոր բարձրացման մասին լրագրողների հարցերին պատասխանելիս ասում էր` «բանակցությունները շարունակվում են»: Ու արդյունքում տեսա՞ք ինչ ստացվեց: Գազը թանկացավ: Արմեն Մովսիսյանը այդպես էլ չի բացատրում, թե ինչո՞ւ ենք ուզում «Գազպրոմին» տալ «ՀայՌուսգազարդի»-ի 20 տոկոսը: Եթե դրա դիմաց մենք գոնե որոշ ժամանակ 270 դոլար հայտարարված գնի փոխարեն գազը գնելու ենք 189 դրամով, ապա այդպիսի պայման չի եղել` ասվել է, որ ՀՀ կառավարությունն է սուբսիդավորելու գազի գինը: Իսկ սուբսիդավորման համար անհրաժեշտ հսկայական գումարը կառավարությունը խոստանում էր ստանալ նույն Ռուսաստանից` ինչ-որ դրամաշնորհի տեսքով: Եթե դրա դիմաց տալիս ենք «ՀայՌուսգազարդի» 20 տոկոսը, ապա դա այլեւս դրամաշնորհ չէ, դա առուծախ է: Գոնե այսքանից մեկ անգամ եւս պարզ է դառնում, որ նախարարի «բանակցությունները շարունակվում են» արտահայտությունը հերթական մտահոգիչ եւ վտանգավոր իրադարձության նախակարապետն է»:

«Բրազիլիայի դասերը» վերնագրի ներքո «Ժամանակ»-ը գրում է. - «Բրազիլիայում տեղի ունեցող ֆուտբոլի Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությունն ու նաեւ հաջորդ տարի այդ երկրում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության նախապատրաստումը ուղեկցվում են բրազիլացիների եւ ոստիկանության բախումներով, բազմահազարանոց բողոքի ցույցերով, որոնց մասնակիցները կառավարությունից պահանջում են բարելավել իրենց կյանքը եւ ֆինանսական միջոցներն ուղղել ոչ թե ֆուտբոլային մրցաշարերի կազմակերպմանը, այլ սոցիալական խնդիրների լուծմանը: Սա խորհրդանշական, խորքային տեղեկություն է, որովհետեւ եթե Բրազիլիայում բողոքի ցույցեր են անում ֆուտբոլի դեմ, ուրեմն սա արդեն նշանակում է, որ ինչ-որ բան Ռուբիկոնն անցել է արդեն ամբողջ աշխարհում: Հայաստանի իշխանությունների ոճն է հասարակական ընդվզումները կանխել զանազան սպառնալիքներով, թե անկայունությունը ջուր կլցնի թշնամու ջրաղացին, թե մեր անկայունությունը կվտանգի Ղարաբաղի անվտանգությունը եւ նման կարգի այլ գործոնների խաղարկում: Եվ չնայած այս առումով դրանց մի մասը մոտ է իրականությանը, թեեւ ահագին մասը ուղղակի փչած փուչիկ է, որովհետեւ Հայաստանի ու Ղարաբաղի անվտանգությունը հենց ներկայիս տնտեսական ու սոցիալական ապաշնորհ քաղաքականությունն է վտանգում, այնուհանդերձ Բրազիլիայի օրինակը թող դաս լինի բոլորին, որ սոցիալական անարդարությունից մինչեւ կոկորդը կուշտ կամ սոված հասարակությունն, ի վերջո, ոչ միայն արտագաղթում է, այլ նաեւ ազատում իր ձեռքերը անգամ ամենանվիրականի հանդեպ: Եթե իշխանությունները բանականության սահմաններից անդին են անցնում իրենց որկրամոլությամբ եւ ընչաքաղցությամբ, իրենց նյութապաշտությամբ եւ պետությունը թալանելու մոլուցքով, ապա ոչ ոք թող չզարմանա, որ մի գեղեցիկ օր բոլոր սահմանները կարող է անցնել նաեւ այդ ամենից զզված հասարակությունը` իր եւ զավակների տարրական գոյության համար պայքարում»:

Ամփոփելով վերջին օրերի իրադարձությունները` «Հայոց աշխարհ»-ը գրում է. - «Ընդհանրապես այն տպավորությունն է, որ Հայաստանում ստեղծվել է համապետական նիրվանայի վիճակ. հասարակության մի զգալի մասը գոյատեւման ելք չի գտնում, պետական կառույցները ելքերի մեջ լող են տալիս: Ո՞ւմ համար է գաղտնիք, որ մանր ու միջին պաշտոնյաները անօրինական ճանապարհով փող են շինում ավելի բարձր պաշտոնյաների իմացությամբ ու թողտվությամբ: Նաեւ խրախուսանքով, քանի որ դրամաբեր այդ վտակն էլ, մյուսներին միանալով, դառնում է ազգուտակի «ջեբը» լցվող գետ: Հենց այդ բարձր պաշտոնյաներին ասպարեզ բերելու եւ օրենք պարտադրելու մասին է խոսքը: Կոսմետիկ նորոգումներով ու մի երկու «մանրապճեղի» բռնելով, հեռուստատեսությամբ ցույց տալով` ոչ մի արդյունք չի լինելու. նահանջի տեղ իսկապես չկա: Սպառնալից արտագաղթի, արդյունաբերության փաստացի չգոյության, գործազրկության մեծ գոյության դեպքում ի՞նչ է նշանակում պետական ունեցվածքի հափշտակում մի երկրում, որն առանց այն էլ մեծ ռեսուրսներ չունի»:

Ոստիկանության` Կոտայքի մարզում անցկացրած վարժանքների կապակցությամբ «Չորրորդ ինքնիշխանություն»-ը գրում է. - «Թե որքան գումար է ծախսվել այս միջոցառման վրա` հայտնի չէ, բայց զորավարժությունների սցենարն ակնհայտորեն սխալ էր գրված: Պետք էր ոչ թե ոստիկանության եւ «ցուցարարների» բախում բեմադրել, այլ «ընդդիմության առաջնորդի» հետ համատեղ աղոթք: Այդպես ավելի էժան կնստեր, խնայված միջոցներով էլ Երեւանի ավագանու «Բարեւ, Երեւան» խմբակցության մի խելքը գլխին մեքենա կտրամադրեին»:

Նույն թեմայով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG