Մատչելիության հղումներ

Ռուստամ Իբրահիմբեկովը` Ադրբեջանի միավորված ընդդիմության առաջնորդ


Ռուստամ Իբրահիմբեկով, արխիվ

Ռուստամ Իբրահիմբեկով, արխիվ

Արդեն շուրջ 20 տարի է՝ Աբուլֆազ Էլչիբեյի՝ իշխանության գալուց հետո, Ադրբեջանում մրցակցային ընտրություններ չեն անցկացվել, ավանդույթ, որ ընդդիմադիր ուժերը հույս ունեն կոտրել առաջիկա աշնանը կայանալիք ընտրություններում: Հենց այդ նպատակվ շաբաթներ առաջ երկրի առաջատար ընդդիմադիր կուսակցություններ միավորվեցին եւ համատեղ ուժերով ստեղծեցին Ազգային խորհուրդ՝ 74-ամյա հայտնի գրող Ռուստամ Իբրահիմբեկովի գլխավորությամբ:

Հիշեցնենք, հենց Իբրահիմբեկովն էր, որ տարիներ առաջ «Օսկար»-ի արժանացավ Նիկիտա Միխալկովի «Արեւից հյուծվածները» ֆիլմի սցենարի համար:

Նոր խորհրդի կազմում են հավաքվել շուրջ քսան ընդդիմադիր ուժեր, այդ թվում՝ տասնամյակների պատմություն ունեցող «Մուսավաթ»-ը, խորհրդարանի նախկին խոսնակ Ռասուլ Գուլիեւի «Բաց հասարակություն»-ը եւ Աբուլֆազ Էլչիբեյի հիմնած «Ժողովրդական ճակատը»:

«Այս միավորումն արդեն իսկ լուրջ արձագանք է գտել Արեւմուտքում եւ մեծապես մտահոգել Ադրբեջանի իշխող վարչակազմին», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասում է քաղաքագետ Հուսեյնբալա Սալիմովը: - «Նախկինում ընդդիմությունը, որպես կանոն, հարում էր միայն ծայրահեղականներին կամ ռուսաֆոբներին, հիմա, սակայն, անսպասելիորեն նրանց է միացել օսկարակիր գրող ու հաջողակ մտավորական: Սա, անշուշտ, անհանգստացնում է իշխանություններին: Եվ եթե անցյալում Արեւմուտքը, Ռուսաստանը կամ Իրանը լուրջ հետաքրքրություն չէին տածում Ադրբեջանի ընդդիմության նկատմամբ, ապա հիմա արդեն կա հնարավորություն, որ այդ երկրները կփոխեն իրենց վերաբերմունքը»:

Նշենք, որ անցած շաբաթ Ադրբեջանի միավորված ընդդիմության առաջնորդը արդեն իսկ հանդիպումներ է ունեցել Վաշինգտոնում՝ Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի եւ Կոնգրեսի ներկայացուցիչների հետ:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Իբրահիմբեկովը նշել է, թե այդ հանդիպումներով փորձում է իրենց օրակարգը ներկայացնել Արեւմուտքին եւ հակազդել նախագահ Ալիեւի քարոզչությանը, որը փորձում է ամեն կերպ իրեն ներկայացնել որպես Մոսկվայից ուղարկված գործակալ:

«Առանց միջազգային համայնքի աջակցության անհնար է հասնել նրան, որ առաջիկա ընտրություններն անցկացվեն քիչ թե շատ ժողովրդավարական ճանապարհով, եւ ես հենց այդ՝ միջազգային աջակցությունն եմ փնտրում Միացյալ Նահանգներում, Ռուսաստանում, Թուրքիայում եւ Եվրոպայում», - նշել է ընդդիմադիր առաջնորդը՝ ընդգծելով, որ իր տարիքում այլեւս որեւէ բանից չի վախենում եւ միայն մեկ նպատակ ունի՝ ամեն ինչ անել հայրենիքն առավել ժողովրդավար դարձնելու համար:

Հոկտեմբերին կայանալիք ընտրություններից առաջ ձեռքերը ծալած չի նստում նաեւ իշխող վարչակազմը, արդեն իսկ մի շարք քայլեր են ձեռնարկվել՝ ընտրությունների նկատմամբ իշխանության վերահսկողությունը բարձացնելու, դիտորդների ներգրավվածությունը նվազեցնելու համար:

Մասնավորապես, քվեարկությունից առաջ սահմանափակվել է Բաքվում ԵԱՀԿ-ի գրասենյակի գործունեությունը, ձերբակալվել են մի խումբ ակտիվիստներ, մի քանի հասարակական կազմակերպության էլ մեղադրանք է առաջադրվել՝ Ֆեյսբուքում հեղափոխություն ծրագրելու համար:

Լայն թափ է հավաքում նաեւ «սեւ» քարոզչությունը, իշխանական մամուլում գրեթե ամեն օր վարկաբեկիչ հոդվածներ ու մեկնաբանություններ են հրապարակվում նոր ընդդիմադիր ուժի եւ դրա առաջնորդ Ռուստամ Իբրահիմբեկովի հասցեին, ով, որպես կանոն, ներկայացվում է որպես անփորձ քաղաքական գործիչ ու արտաքին ուժերի կամակատար: Ընդ որում, քարոզչական արշավին մասնակցում են իշխանամետ բոլոր պաշտոնյաները՝ կուսակցության խոսնակից մինչեւ երկրի նախագահ:

«Ընդդիմադիր այդ կուսակցությունները ապազգային ուժեր են, դավաճաններ, ծախու խմբավորումներ, որոնք ժամանակին եղել են իշխանության ղեկին եւ հիմա էլ ուղղակի երազում են կրկին այնտեղ վերադառնալ», - անցած շաբաթ իր կուսակցության համագումարում հայտարարեց Իլհամ Ալիեւը՝ ընդգծելով, թե հանուն այդ նպատակի ընդդիմադիրները պատրաստ են ամեն ինչի եւ անգամ Ղարաբաղը կնվիրաբերեն Հայաստանին: «Նրանց պայքարի միջոցը ոչ թե խոսքն է կամ տեսակետը, այլ՝ «Մոլոտովի կոկտեյլը», նրանց հենքը ոչ թե ժողովուրդն է ու ժողովրդի կամքը, այլ՝ դրսից ուղարկվող փողն ու դրամաշնորհը, եւ միակ բանը, որ նրանք կարող են անել՝ համախմբվել հայերի հետ ու վարկաբեկել Ադրբեջանը», - ասաց Ալիեւը՝ հավելելով, որ նման ուժերը տեղ չունեն Ադրբեջանի քաղաքական կյանքում եւ չեն էլ կարող ունենալ:

Կուլիսների ետեւում, սակայն, իշխող վարչակազմն այնքան էլ վստահ չէ, որքան փորձում է երեւալ: Փորձագետների խոսքով` վարչակազմին մտահոգում է հատկապես հարեւան Վրաստանի օրինակը, որտեղ քաղաքականության մեջ անփորձ, սակայն՝ միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին, այդուամենայնիվ, կարողացավ տապալել նախագահ Սաակաշվիլիին խորհրդարանական ընտրություններում: Ու թեեւ այսօր Ադրբեջանում ժողովրդավարության ու խոսքի ազատության վիճակը շատ հեռու է Իվանիշվիլիի ունեցած մեկնարկային ցուցանիշներից, այդուամենայնիվ, քաղաքագետները վստահ են՝ Իբրահիմբեկովի առաջադրումը կարող է ամբողջովին փոխել առաջիկա նախագահական ընտրությունների պատկերը:

«Նա շատ հայտնի գործիչ է ոչ միայն Ադրբեջանում, այլեւ` ողջ աշխարհում, եւ դժվար թե իշխանությունները հանդգնեն նրան շանտաժի ենթարկել կամ ահաբեկել՝ ընդիմադիր մյուս գործիչների նման: Բացի այդ, Իբրահիմբեկովին կարող են աջակցել Վաշինգտոնում, Մոսկվայում եւ եվրոպական երկրներում, նա նաեւ լուրջ ֆինանսական միջոցներ եւ մեծահարուստ աջակիցներ ունի, որոնք եւս մեծացնում են հաջողության հասնելու հնարավորությունը», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասում է «Ատլաս» գիտական կենտրոնի նախագահ էլհան Շահինօղլուն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG