Մատչելիության հղումներ

Վերջապես ստորագրվել է համաձայնագիր Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության եւ «Դվին» հյուրանոցի սեփականատեր «ՍԻ Սի Ջի կովկասյան կոմունիկացիոն խումբ» ՍՊԸ-ի միջեւ, որը «Կովկասյան կոմունիկացիոն խումբ» ՓԲԸ-ի իրավահաջորդն է, գրանցված է Կիպրոսում, սակայն սեփականատերերը նույն են:

Կառավարությանն առընթեր Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ ընկերությունը պարտավորվում է մինչեւ 2016 թվականը ներդնել 13,6 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ «Դվին» հյուրանոցի շենքը վերակառուցելու եւ արդիականացնելու համար:

«Մենք երկարատեւ բանակցություններից հետո արդեն ունենք նոր համաձայնագիր, որ սեփականատերերը 2013 թվականին պետք է կատարեն 850 000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի ներդրումներ, 2014 թվականին` մոտ 4 միլիոնի եւ 2015 թվականին` մոտ 9 միլիոն դրամի ներդրումներ: Այսինքն` մինչեւ 2016 թվականը, ես կարծում եմ, որ օր-օրի գեղեցկացող մեր մայրաքաղաքում կունենանք եւս մեկ` արդեն արդիական, նորակառույց «Դվին» հյուրանոցային համալիրը», - ասաց Սահակյանը:

Նա հավելեց, որ պայմանագրով լուրջ պատիժ է սահմանվում սեփականատիրոջ նկատմամբ պայմանագրի կետերը խախտելու եւ սահմանված ժամկետներում շինարարությունը ավարտին չհասցնելու դեպքում, իսկ նախկին պայմանագրով նման կետ գոյություն չուներ:

Որպես օրինակ նշեց, որ եթե 2013 թվականի համար սահմանված 850 000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի ներդրում չկատարվի, ապա ներդրում կատարելու ժամկետի ավարտից հետո մեկամսյա ժամկետում ընկերությունը պարտավոր է որպես տուգանք պետական բյուջե վճարել չկատարված ներդրումների գումարի 6%-ի չափով, իսկ 850 000-ը կտեղափոխվի 2014 թվական:

«Բացի դրանից, եթե մինչեւ 2016 թվականը «Դվին» հյուրանոցը չվերակառուցվի, եւ կողմը չկատարի իր պայմանագրային պարտավորությունը, ապա կառավարությունը հնարավորություն է ստանում գնահատված արժեքի լիկվիդային արժեքից 20 տոկոս պակաս գնով վաճառելու իր կողմից առաջարկություն ստացած գնորդին: Այսինքն մենք հնարավորություն ենք ունենում մեկ այլ մասնավոր ներդրողի վաճառել «Դվին» հյուրանոցը»,- նշեց Կառավարությանն առընթեր Պետական գույքի կառավարման վարչության պետը:

Սակայն Սահակյանը վստահություն է հայտնեց, որ սեփականատերերը սահմանված ժամկետներում կավարտեն «Դվին»-ի վերակառուցման աշխատանքները:

Ճարտարապետ Հրաչյա Պողոսյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց. - «Գոհ եմ, որ վերջապես երկար ծննդաբերելուց հետո այդ պայմանագիրը ծնվեց: Ամեն շինություն, ճարտարապետություն պետք է դիտարկել իր ժամանակի մեջ, բայց ես կարծում եմ, որ եթե դա «Դվին» հյուրանոցն է, պետք է նրան ուղղակի վերականգնել այն տեսքով, ինչպիսին նա եղել է, ծնվել է»:

Սահակյանը նաեւ նշեց, որ բանակցությունների ընթացքում անդրադարձ է եղել հյուրանոցի տարածքում գտնվող «Լեռնեցիների պար» քանդակախմբին, որն ամիսներ առաջ թալանվեր էր:

«Բանավոր խոսակցության ժամանակ անդրադարձանք հուշարձանին: Սեփականատերերը պնդում են, որ դա մասնավորեցման ժամանակ անբաժանելի մաս է եղել «Դվին»-ից եւ բնական է, որ եթե վերակառուցվի հյուրանոցային համալիրը, իսկ ես վստահ եմ, որ կվերակառուցվի, նրանք պատրաստակամություն կունենան վերակառուցելու նաեւ այդ հուշարձանը», - նշեց Սահակյանը:
XS
SM
MD
LG