Մատչելիության հղումներ

logo-print
Հայաստանում արյան դոնորները շատ քիչ են, ահազանգում է առողջապահության նախարարության գլխավոր արյունաբան, Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սմբատ Դաղբաշյանը:

«Արյուն հանձնողների ընդամենը 4 տոկոսն են կամավոր արյուն հանձնում:Արյան անհրաժեշտ պաշարներ ունենանալու համար պետք է գրանցված լինեն շուրջ 60 հազար դոնորներ, սակայն այսօր մենք ունենք միայն 14 հազար», - չորեքշաբթի լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Դաղբաշյանը:

Չնայած թվը դեռ հեռու է բավարար լինելուց, բայց աճի միտումը, ըստ Դաղբաշյանի, նկատելի է: 10 տարվա ընթացքում դոնորների թիվը կրկնապատկվել է:

Դաղբաշյանը նշում է, որ միայն 400 մլ արյուն հանձնողներն են համարվում դոնորներ, 18-ը լրացած լավ առողջական վիճակում գնտվող մարդիկ արյուն կարող են հանձնել տարեկան 4-5 անգամ:

Անդրադառնալով արյան կարգերին, գլխավոր արյունաբանը նշեց, որ Հայաստանում բավարար չեն 3-րդ եւ 4-րդ կարգերի բացասական արյան պաշարները, քանի որ բնակչության մոտ 50 տոկոսն ունի 2-րդ կարգի դրական արյուն:

«Մենք ամեն կերպ քարոզում են, որ մարդիկ անհատույց արյուն հանձնեն՝ գիտակցելով, որ օգնում են դրա կարիքն ունեցողներին»,- հավելեց նա:

Արյունաբանական կենտրոնին արդեն մի քանի տարի է հասարակական տարբեր ակցիաներով օգնում է «Լաբորատորիա» ընկերությունը: Ընկերության հիմնադիր դիջեյ Վակցինան (Արուսիկ Մկրտչյան) արդեն երկար տարիներ բարեգործական ակցիաներ է կազմակերպում դոնորներ ներգրավելու նպատակով: Հունիսի 20-ին ժամը 16-ին Հյուսիսային պողոտայում բացօթյա համերգ է կազմակերպվելու, որին մասնակցելու են նաեւ արյունաբանական կենտրոնի մասնագետները:

Սմբատ Դաղբաշյանը տեղեկացրեց, որ վերջին շրջանում նմանատիպ ակցիաների շնորհիվ դոնոր են դարձել 1000-ից ավելի երիտասարդներ:
XS
SM
MD
LG