Մատչելիության հղումներ

Զաքարյանին չեն համոզել հակափաստարկները


Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը ելույթի ժամանակ, արխիվ

Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը ելույթի ժամանակ, արխիվ

Վերահսկիչ պալատի (ՎՊ) նախագահ Իշխան Զաքարյանին չեն համոզել անցած շաբաթ իր ներկայացրած զեկույցից հետո կառավարության ներկայացուցիչների բերած հակափաստարկները:

Երեքշաբթի օրը Զաքարյանը կրկին հայտարարությամբ հանդես եկավ խորհրդարանում, եւ հիշեցնելով անցած տարվա աշնանը նախագահ Սերժ Սարգսյանի ասածը պետական գնումների ոլորտում չարաշահումների, մասնավորապես` «ատկատների» մասին, շարունակեց. - «Ես կարծում եմ, որ այն, ինչ որ ներկայացրել է Վերահսկիչ պալատը իր հաշվետվության մեջ, շատ ավելի մեղմ է ասված, քան այն, ինչ որ հանրապետության նախագահը ասել է սեպտեմբերի 15-ին»:

«Եվ, վերջ ի վերջո, ի՞նչ է ասում Վերահսկիչ պալատը: Այսքան մենք խոսում ենք գնումների համակարգից: Վերահսկիչ պալատը շատ հստակ ասում է` վերահսկողությամբ դեռեւս բացահայտվում են հակամրցակցային, անարդյունավետ, ոչ թափանցիկ, ոչ հրապարակային եւ խտրական հիմքերով կազմակերպված գնման գործընթացներ: Դեռեւս բացահայտվում են: Սա ամենեւին չի նշանակում, որ համատարած են այդ երեւույթները», - հայտարարեց Վերահսկիչ պալատի նախագահը:

«Հիմա, ի՞նչ է ասել Վերահսկիչ պալատը, որի հետ կառավարությունը համաձայն չէ», - շարունակեց Իշխան Զաքարյանը, - «Անկեղծ ասած, ե՛ւ հարցադրումներով, ե՛ւ ելույթներով ես այն տպավորությունը ստացա, որ վարկային միջոցները ինչ-որ վերերկրային, չգիտեմ` ինչ-որ մի արտառոց պայմաններով էս երկրին տրամադրվող միջոցներ են, որտեղ ինչ ուզենան կանեն: Այսինքն, երբ որ ես ասում եմ` մալուխը արժի 110 դրամ, կատարողականով ստացել են 35 հազար դրամ, [արդարադատության] նախարարը ցույց է տալիս փայտը եւ ասում` սա էլ թանկ արժի, բայց էժան է գնվել: Այո, ճիշտ է ասում, շատ ճիշտ է ասում, մենք ուրիշ բան չենք ասում, բայց արդար չի էդ ձեւը, մոտեցումը»:

Վերահսկիչ պալատի նախագահը փոխանցեց, որ անձամբ ինքը արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին երկու անգամ հրավիրել է իր մոտ այդ հարցի քննարկմանը. - «Ասել եմ` «պարոն Թովմասյան, կա խնդիր, կա պրոբլեմ, պետք է մենք հասկանանք` որն է ճիշտ, որն է սխալը»: Ինքը ինձ պատասխանել է, որ իր օրոք չի կատարվել, ինքը էդ խնդիրների հետ կապ չունի, եւ ընդհանրապես` ԾԻԳ-ի հետ կապ չունի: Ասել եմ` շատ լավ: Քննարկման ժամանակ, դա կարող են վկայել երեւի մի տասնհինգ մարդ, բայց Վերահսկիչ պալատի մասնագետները ասում են հետեւյալը` «շատ լավ, էս մեկը էժան գնով եք դրել, մյուսը թանկ գնով եք դրել, էժան, թանկ գումարում ենք, հանում ենք` էլի 200 քանի միլիոն ավել գումար եք տարել էդ յոթ կառույցների հետ կապված»:

«Սա է խնդիրը», - ամփոփեց Իշխան Զաքարյանը:
XS
SM
MD
LG