Մատչելիության հղումներ

Հունիսի 19-ի մամուլ


«Կոմպրոմատների պատերազմ» վերնագրված խմբագրականում «Օրակարգ» թերթը գրում է. - «Իշխանության գործադիր եւ օրենսդիր թեւերի ղեկավարների միջեւ հակամարտությունը նոր ընթացք է ստանում: Առճակատումը սկսել էր Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, ով Վերահսկիչ պալատի 2012 թվականի հաշվետվության մեջ ներկայացված չարաշահումների հեղինակներին անվանել էր «թալանչիներ» եւ «բյուջեն լափողներ» եւ ասել, որ այդ գործերը պետք է ուղարկվեն դատախազություն: Երկու թեւերի միջեւ իրական հակամարտության բացակայության դեպքում պետք է որ վարչապետ Տիգրան Սարգսյանը կուլ տար վիրավորանքը եւ շարունակեր նույն տեմպով: Սակայն, ըստ երեւույթին, կառավարության ղեկավարն ընդունել է Հովիկ Աբրահամյանի նետած ձեռնոցը եւ անցել է հակահարձակման: Նախ Ազգային ժողովի արտահերթ նիստին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը հայտարարեց, որ Վերահսկիչ պալատի հայտնաբերած չարաշահումները համակարգային բնույթ չունեն, եւ օրենսդրական բացի պատճառով հիմնականում հնարավոր չէ կանխել էպիզոդիկ չարաշահումները: Սակայն չբավարարվելով Արմեն Գեւորգյանի պաշտպանողական ճառով` գործի դրվեց Ֆինանսների նախարարությունը: Հունիսի 18-ին լրագրողների հետ հանդիպմանը նախարարության ֆինանսական վերահսկողության տեսչության պետ Սոնա Ղարիբյանը տեղեկացրեց, որ մարզերում համատարած չարաշահումներ են հայտնաբերել դիզվառելիքի բաշխման գործում, եւ առավել շատ խախտումներ հայտնաբերվել են Հովիկ Աբրահամյանի հայրենի Արարատի մարզում, ավելին, ըստ նախարարության տվյալների, սուբսիդավորմամբ էժան դիզվառելիք ստանալու հայտ ներկայացրել, իսկ այնուհետեւ ստացել են Հովիկ Աբրահամյանի եղբայր Հենրիկ Աբրահամյանը եւ զարմիկ Հովհաննես Աբրահամյանը: Փաստացի կառավարությունը Հովիկ Աբրահամյանին անուղղակիորեն մեղադրում է պաշտոնական դիրքի չարաշահման միջոցով իր հարազատների համար սուբսիդավորվող դիզվառելիք ստանալու մեջ»:

«Հայոց Աշխարհ» թերթի հետ զրույցում ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն ասում է. - «Վերահսկիչ պալատի ցանկացած հաղորդում երբեք անհետեւանք չի մնացել, դրան հաջորդել են կոնկրետ պատիժներ: Այս անգամ էլ ոչինչ անհետեւանք չի մնալու, մարդիկ իրենց թույլ տված բացթողումների, հանցանքների ու զանցանքների համար պատասխան են տալու: Ինչ վերաբերում է ընդդիմության գնահատականներին, ապա դրանք այս անգամ շատ ավելի կոշտ էին, ինչն իր բացատրությունն ունի. երեք ընտրություններից հետո, բնականաբար, ընդդիմությունը պետք է իշխանությանը թիրախ դարձներ: Եվ ՎՊ-ի հաշվետվությունը զերծ չմնաց քաղաքական գնահատականներից»:

«Ժամանակ» թերթի բնութագրմամբ` Վերահսկիչ պալատի վերջին զեկույցից հետո Ազգային ժողովում ծավալված իրադարձություններն այլ բան չեն, քան թատերական ներկայացումներ. - «Հասարակությունն ամբողջությամբ չէ, որ գիտակցում է, թե ինչքան թանկ է վճարում այդ թատրոնի համար, որ մատուցում են պրոֆեսիոնալիզմից չափազանց հեռու մակարդակով: Համենայնդեպս՝ նկատելի է, որ չնայած թատրոնի եւ թալանի ակներևությանը, հասարակական ճնշումն այդ իմաստով իշխանության վրա բավարար չէ: Հասարակությունը ծանոթանում է, տեղեկանում, զայրանում, բայց ընդհանուր առմամբ արդեն որեւէ նոր բան այդ ամենի մեջ չտեսնելով՝ ձեռքը թափ է տալիս, թե՝ դա ի՞նչ նորություն է, մի՞թե գաղտնիք է, որ բոլորն անխտիր թալանում են ու լափում: Մինչ այդ պահը հասարակությունն իրավացի է, իսկ ձեռքը թափ տալուց հետո սկսվում է սխալը, որովհետեւ թալանը կշարունակվի այնքան, քանի դեռ ձեռք թափ տալը վերջին գործողությունն է, որ անում է հասարակությունը»:

«Հրապարակ» թերթի խմբագիրը կեղծ հայրեսիրության ու պաթոսի արտահայտություն է գնահատում առաջին ընթերցմամբ ընդունված երկրապահ կամավորականներին վերաբերող օրինագծի խորհրդարանական քննարկումները. - «Մանավանդ, երբ պարզվեց, որ օրինագիծը շոշափելի ոչինչ չի տալու ազատամարտիկներին, կոնկրետ, իրական հոգածությունը ձեւակերպվելու է (կամ չի ձեւակերպվելու) հետագայում՝ կառավարության կողմից: Այդ դեպքում հարց է ծագում՝ ինչի՞ համար էր այս պոպուլիզմը: Ոչ առջեւում ընտրություններ են, ոչ էլ, հուսանք՝ պատերազմ: Անձամբ ես ունեմ հարցի իմ պատասխանը. երկրի վիճակն այնքան է վատթարացել, մեր տնտեսության անկումն այնքան շոշափելի է, արտագաղթն այնքան է ուժգնացել, հուսահատությունն այնքան է խորացել, որ իշխանությունը դժգոհության գեթ մեկ օջախ է ուզում մարել: Հանդարտեցնել վիճակը: Ցույց տալ, որ ապարատն ու պաշտոնյաները միայն ալան-թալանով չեն զբաղված, հասարակության անապահով խավերի մասին էլ են հոգում»: «Եթե անգամ ԱԺ նախագահն է խոսում բյուջեից գողացողներին պատժելու մասին, ուրեմն ամեն ինչ կորած չէ», - ամփոփում է «Հրապարակ»-ը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG