Մատչելիության հղումներ

Գեներալներն առաջարկում են հստակեցնել երկրապահի կարգավիճակը


Գեներալներ Սեդրակ Սարոյանը եւ Մանվել Գրիգորյանը, արխիվ
Գեներալներ Սեդրակ Սարոյանը եւ Մանվել Գրիգորյանը, արխիվ
Գեներալներ Մանվել Գրիգորյանը եւ Սեդրակ Սարոյանը առաջարկում են օրենքով սահմանել «երկրապահ կամավորական» հասկացությունը եւ հայրենիքի պաշտպանության գործին կամավոր մասնակցած անձանց տալ երկրապահի կարգավիճակ։

Օրինագիծը սոցիալական խնդիր չի լուծում, Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց օրենքի երրորդ համահեղինակը՝ Հանրապետական խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը։

Ոչ իշխանական ուժերը վրդովվեցին. ազատամարտիկների բողոքի ալիքի պայմաններում, եթե սոցիալական խնդիր չի լուծելու, օրինագիծը ինչի՞ համար էր, հարցնում էին նրանք։

«Ո՞րն է ձեր մղումը, որ այս ազատամարտիկ հոգեվիճակի վերաբերյալ այսպիսի նախաձեռնություն ունեք», – հարցրեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը։

«Խնդիրը նախ եւ առաջ գտնվում է բարոյական հարթությունում, տա Աստված մի կողմից բյուջետային աճի հնարավորության, մյուս կողմից օրենքի ընդունումից հետո տա Աստված, որ մենք կարողանանք խոսել սոցիալական երաշխիքների տրամադրման մասին», – պատասխանեց Ֆարմանյանը։

Գեներալները յուրաքանչյուր նման կարծիքից բորբոքվում էին, տեղից արձագանքում։ Ընդդիմադիրների ելույթներից հետո Մանվել Գրիգորյանը խոսք խնդրեց։ Հովիկ Աբրահամյանին ասաց՝ «քու խաթր եմ էկե»։

«Ամերիկայի բանակում դաժե հոգեբանական բուժման վրա հարյուրավոր միլիարդներ են ծախսվում... մենք հլը արեք բարոյական իրավունքով... ախր, ես ուզում եմ իջնել, հասնել, իմ ընկերներին, որ շարքային են էսօր։ Ես ուզում եմ, որ ոչ թե գեներալ–լեյտենանտ, Արցախի հերոս [լինեմ], ես չեմ ուզում, ես ինձնով չեմ եղել, Հունան Ավետիսյան չեմ, որ կուրծքս բացեմ։ Ես ուզում եմ, որ էն տղեքից բարձր չլինեմ», – ասաց նա։

Գրիգորյանը անդրադարձավ նաեւ մայիս ամսից սոցիալական պայմանների բարելավում պահանջող ազատամարտիկների բողոքի ակցիաներին, ասաց՝ որոշ մարդիկ դրան «քաղաքական տոն» չպետք է տան։

«Խնդիրը նա չէ, թե էսօր ով է նախագահ, ով վարչապետ, ով նախարար։ Փոխվելու են մի ամիս հետո, թշնամություն մի արեք, էգուց տղա–աղջիկ ունենք, իրար հետ եք պսակելու, բարեկամանաք», – հորդորեց նա։

Նախագծի համաձայն՝ երկրապահ կամավորական կհամարվի 1989-94 թվականների ընթացքում ոչ պակաս, քան երեք ամիս Հայաստանի սահմանների պաշտպանության մարտերին մասնակցած անձը, ինչպես նաեւ մարտական գործողությունների ժամանակ զոհված կամ վիրավորվածը, նաեւ այն բժիշկը, ուսուցիչն ու լրագրողը, ով որոշակի օգնություն է ցուցաբերել մարտերի մասնակիցներին։ Մոտավոր հաշվարկներով նրանց թիվը մոտ 2145 է։ Օրինագծի ընդունման դեպքում նրանց երկրապահի կարգավիճակ կշնորհի հատուկ ստեղծվելիք գերատեսչական հանձնաժողովը՝ համապատասխան փաստաթղթեր ներկայացնելու դեպքում։ Նշենք, որ գոյություն ունի նաեւ «Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտերին մասնակցած անձ» հասկացությունը, որը տրվում է կառավարության սահմանած կարգով։ Այդպիսի կարգավիճակ ունեցող անձինք ամսական 5000 դրամ թոշակ են ստանում պետությունից։

«Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը կազմակերպված քվեարկության արդյունքում ընդունվեց առաջին ընթերցմամբ:
XS
SM
MD
LG