Մատչելիության հղումներ

Գլխավոր դատախազությունը մերժեց Կոնգրեսին. ՀԱԿ-ը դիմում է դատարան


Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանում է լրագրողների հարցերին, 8–ը հունիսի, 2013

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանում է լրագրողների հարցերին, 8–ը հունիսի, 2013

Հայաստանի գլխավոր դատախազությունը, ըստ էության, հիմնավոր է համարում Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) մերժումը, ըստ որի ՀՔԾ–ն հրաժարվել էր քննության առնել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ունեցվածքի օրինականությունը վիճարկող հաղորդումը: Գլխավոր դատախազությունը ընթացք չի տվել ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) բողոքին:

Կոնգրեսը պահանջել էր քրեական գործ հարուցել, պարզել, թե ինչի հաշվին է Մարգարյանը Ավանի թաղապետ եւ Երեւանի քաղաքապետ աշխատելու տարիներին` 2005-ից մինչ 2013-ը կուտակել միլիոնավոր դոլարների ունեցվածք, «հանցագործության հատկանիշներ մատնանշող տվյալների» առկայության դեպքում պատասխանատվության ենթարկել նրան: Ընդդիմադիր ուժը վկայակոչել էր ամսական նախ 130 հազար , ապա 394 հազար դրամ աշխատավարձ ստացած պաշտոնյայի ունեցվածքի տարեցտարի աճը վկայող պաշտոնական հայտարարագրերը։ ՀՔԾ-ն էլ պատասխանել էր , որ «այս դիմումը ենթակա չէ քննարկման», «բովանդակային առումով այն հանցագործության կատարման մասին հաղորդման բնույթ չունի», քանի որ դրանում ընդամենը թվարկված է Տարոն Մարգարյանի հայտարարագրած անշարժ ու շարժական գույքը եւ «հիշատակված չի որեւէ տեղեկություն գույքը հանցավոր ճանապարհով ստացված լինելու, գույքի հանցավոր ծագումը թաքցնելու նպատակով որեւէ արարք կատարելու մասին»։ Այս գրության դեմ ընդդիմադիր ուժը բողոք ներկայացրեց գլխավոր դատախազին, սակայն դատախազությունը որոշել է բողոքը մերժել՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ։

«Պատասխանը ընդամենը նշանակում է մի բան, որ «մենք չենք ուզում քննել այս հաղորդումը, չենք ուզում մտնել դրա տակ»»,- «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում մեկնաբանեց Կոնգրեսի իրավական աջակցության կենտրոնը համակարգող Արմեն Խաչատրյանը:

Ընդդիմության հաշվարկներով՝ 2013 թվականին Մարգարյանի հայտարարագրած անշարժ ու շարժական գույքի արժեքը 6-10 միլիոն դոլար է։ Ունեցվածքի առաջացման աղբյուրների բացակայությունը հայտարարագրերում քաղաքական ուժին հիմք էր տվել ենթադրել, որ գործող քաղաքապետը իր ունեցվածքը ձեռք է բերել հանցավոր ճանապարհով: Այժմ Կոնգրեսը դիմելու է դատարան:

Այս գործընթացների ֆոնին Վերահսկիչ պալատի նախագահը նախօրեին Ազգային ժողովում պալատի տարեկան հաշվետվությունը ներկայացնելիս անդրադարձել Երեւանի քաղաքապետարանին` խոսելով հողերի «փակ» աճուրդների, «կամայականությունների», որոշ դեպքերում օտարման ներկայացված հողերի` «շուկայականից ակնհայտ» շեղումներով սահմանված գների եւ այլ չարաշահումների մասին: Քաղաքապետարանի հերքումը չուշացավ, բայց խորհրդարանական ընդդիմությունը այստեղ լուրջ քննության թեմա տեսնում է։

«Մի բան մեզ համար պարզ է. մի կողմից կան այս լրջագույն փաստերը, բացահայտումները, որոնք ներկայացվում են Վերահսկիչ պալատի կողմից` համատարած այս չարաշահումների, վատնումների, մսխումների եւ գողությունների մասին, մյուս կողմից մենք տեսնում ենք, որ նույն ժամանակաշրջանում, համաձայն պաշտոնյաների հայտարարագրերի, նրանց սեփականության մեծությունը, ծավալները գնալով աճում են: Ի՞նչ եք կարծում, այս երկու պրոցեսը իրար հետ փոխկապակցված են, թե՞՝ ոչ», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում մեկնաբանեց ՀԱԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը։

«Բայց, իհարկե, մենք չունենք դատախազական լիազորություններ, որ կարողանանք պարզել, թե կոնկրետ ինչ մեխանիզմերով է կոնկրետ պաշտոնյան հարստացել: Դրա համար էլ դիմում ենք դատախազությանը, բայց նրանք իրենց ֆունկցիան չեն կատարում: Եթե Հայաստանում լիներ օրինականության շահերը պահպանող դատախազություն, մենք չէինք ունենա այն թալանը՝ բառիս բուն իմաստով։ Փառք Աստծո, որ այդ «թալան» բառը արդեն որդեգրել են նաեւ Հայաստանի իշխանությունները՝ ի դեմս Ազգային ժողովի ղեկավարության։ Եվ պարզվում է, որ համատարած միլիարդավոր դոլարներ են մսխում, վատնում, գողանում… Հայաստանում չէր լինի անպատժելիության այն մթնոլորտը, որում ամբողջ իրենց կյանքում պետական պաշտոնյա եղած չինովնիկները հայտարարագրում են միլիոնների հասնող սեփականություն: Այսօրվա գլխավոր դատախազությունը կատարում է ռեժիմի սպասարկուի դերը եւ բոլոր այս օրինախախտումների, կեղծիքների հովանավորն է», – հայտարարեց Զուրաբյանը:

Ընդդիմադիր խմբակցության ղեկավարը այսօր անիմաստ է համարում տարբեր ոլորտներում չարաշահումների վերաբերյալ բացահայտումները դատախազություն ներկայացնելու՝ Վերահսկիչ պալատի նախագահին հասցեագրվող հորդորները։ Այսօր ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն է նման առաջարկով հանդես եկել։

«Հիմա որ մեզ հարցնեք, մենք կասենք, որ եթե ուղարկվի դատախազություն, կունենա նույն վախճանը, ինչ ունեցավ մեր դիմումը Տարոն Մարգարյանի վերաբերյալ: Ուստի ո՞րն է իմաստը դատախազություն ուղարկելու: Հենց այդ պատճառով է, որ մենք ասում ենք` եկեք Ազգային ժողովում ստեղծենք իշխանության չարաշահումների, այս մեղադրանքների ուսումնասիրման հանձնաժողով, մի հանձնաժողով, որտեղ ընդդիմությունն ու իշխանությունները հավասարազոր կլինեն, հավասար հիմունքով ներկայացված կլինեն: Որովհետեւ այսօրվա Հայաստանի քաղաքական համակարգում, ըստ էության, դա միակ հնարավորությունն է, միակ մարմինն է, որի նկատմամբ կարող է լինել գոնե փոքր–ինչ վստահություն», - ասաց Զուրաբյանը:

Իշխող քաղաքական ուժը, մինչդեռ, լուրջ չի համարում նման հանձնաժողովի ստեղծումը:
XS
SM
MD
LG