Մատչելիության հղումներ

Սեւանը «մեռնողից վերակենդանացողի կարգավիճակ է ստանում»


Սեւանա լիճ
Սեւանա լիճ
Սեւանի ջրի մակարդակը վերջին հիսուն տարիների ամենաբարձր կետին է հասել. միայն անցած տասը տարիների ընթացքում լիճը բարձրացել է 3 մետրից ավելի` հասնելով 1900 մետր 57 սանտիմետրի: Բայց սա վերջնական արդյունքը չէ. նախագահին առընթեր Սեւանա լճի հիմնախնդիրների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը երեքշաբթի հայտարարեց, որ առաջիկա տարիներին ջրի մակարդակը եւս երեք մետրով պիտի բարձրանա:

«Սեւանի միջոցառումների մասին օրենքով սահմանվածից մենք առաջ ենք յոթը տարով», – ասաց Մովսիսյանը։

Եթե չապամոնտաժվեն, ապա շուրջ 5 հազար շինություն մնալու է ջրի տակ։ Հանձնաժողովի տվյալներով՝ դրանց մեծ մասը շարժական են։ Վլադիմիր Մովսիսյանը բացառում է, որ հիմնական շինությունների համար փոխհատուցում տրվի։

«Քանի որ դրանք բոլորը օրենքի խախտումներ են կառուցվել, անկախ այն բանից, թե ով է խախտել՝ կառավարությունը փոխհատուցման պատասխանատվություն չի կրում, որովհետեւ պայմանագրում գրված է, որ քո շենքը պետք է լիներ 1908 մետրից բարձր, ինչու ես ներքեւ դրել», – ասաց Մովսիսյանը։

Նախագահին առընթեր հանձնաժողովը արձանագրում է՝ Սեւանը մեռնողից վերակենդանացողի կարգավիճակ է ստանում։ Բայց բնապահպանները համաձայն չեն այս պնդման հետ։ «Էկոլուր» հասարակական կազմակերպության նախագահ Ինգա Զառաֆյանը աղետալի է համարում լճի շուրջ ընթացող լայնածավալ հանքարդյունաբերությունը։

«Մենք ունենք Սոտքի ոսկու հանքավայրը, որտեղ արտադրությունը մի քանի անգամ մեծացել է, ընդ որում՝ ոչ միայն մեծացել է, այլ սկսել են նաեւ ջարդիչ սարքերով աշխատել, եւ արդյունքում մենք ունենք Սոտքից եկած ծանր մետաղների մեծ հոսք», – ահազանգում է Զառաֆյանը։շ

Սեւանը միայն փող քամելու համար է, վստահ է բնապահպանը: Զառաֆյանը մատնացույց է անում տասնյակ ՀԷԿ-երը: Նրա համոզմամբ պետությունն անտեսել է կարեւոր նշանակության այս ազգային պարկը, հակառակ դեպքում գոնե մաքրող կայաններ կտեղադրվեին։

«Եվ մենք ունենք շատ մեծ աղտոտվածություն ոչ թե միայն հանքարդյունաբերությունից եւ կոմունալ արտահոսքերից, այլ նաեւ պլաստիկից։ Մի քանի տարի առաջ առաջարկել ենք, որ Սեւանի ավազանը ընդհանրապես պետք է փակ լինի պլաստիկի համար, մարդիկ նույնիսկ չկարողանան այնտեղ պլաստիկ շշով այնտեղ մտնել։ Դա հնարավոր էր անել, պետք էր շատ մեծ արգելք դնել, բայց քանի որ դա ոչ մեկին պետք չէր, Սեւանը արդեն իսկ ահավոր աղտոտված է պլաստիկով, եւ ահավոր վատ վիճակ է փոքր ՀԷԿ–երի հետ կապված, որովհետեւ ոչ մի ձուկ չի կարող ձվադրման գնա, եւ դա շարունակվող պրոցես է», – ասաց նա։

Սեւանա լճի հիմնախնդիրների հանձնաժողովում, սակայն, չեն ընդունում բնապահպանների քննադատությունն ու անվստահությունն իրենց հանձնաժողովի նկատմամբ. Վլադիմիր Մովսիսյանը հակադարձում է` ամենամեծ բնապահպանը հենց ինքն է։

«Կոնկրետ բնապահպանական գործ եմ կատարում, եւ ձեր հարցերին էլ պատասխանում եմ, ուրեմն ես ավելի եմ մտահոգված, քան ցանկացած բնապահպան», – հայտարարեց նա։
XS
SM
MD
LG